Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը լարվածություն է առաջացրել։ Քաղաքացիները ցույցեր են կազմակերպում, բողոքելով քաղաքապետի ձերբակալության դեմ։ Փաստաբանները կարծիք են հայտնում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ նկարագրված դեպքը Վարդան Ղուկասյանին չի վերագրվում։
Ինչո՞ւ ձերբակալվեց Վարդան Ղուկասյանը։ Այս առումով հանրային խոսույթում շրջանառվում է երկու վտանգավոր վարկած։
Առաջին վարկածը տարածվում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների շրջանում։ Ընդդիմադիրները մտահոգված են, թե սա հալածանք է ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ։ Եվ այս ձերբակալության ուղերձն այն է, որ թիրախում կարող են հայտնվել ընդդիմադիր այլ գործիչներ ևս, որոնք կհաղթեն կամ կհավակնեն հաղթել առաջիկա ՏԻՄ կամ ԱԺ 2026-ի ընտրություններում։
Այս մտահոգությունը վտանգավոր է։ Եթե ընդդիմադիր ուժերն այսպես մտածեն, ապա կխուսափեն ՏԻՄ ընտրություններում հաղթելու և քաղաքապետի, համայնքապետի պաշտոն զբաղեցնելու հավակնությունից։ Հաղթելու իրական շանս ունեցող ուժերը ողջամտորեն կհրաժարվեն մցակցությունից, քանի որ, իրենց գնահատմամբ՝ ՔՊ-ական իշխանությունը պարտություն չի հանդուրժում, դիմում է բռնի միջոցների։ Արդյունքում կտուժի ժողովրդավարությունը։ Այս առումով՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը հակաժողովրդավարական աստառ ունի։
Ասեկոսեներ են տարածվում, թե Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունը կատարվել է Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Այս վարկածի հիմքն օրեր առաջ ԱԺ-ում Փաշինյանի արտահայտությունն է Վարդան Ղուկասյանի մասին։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»,- ասել է նա ԱԺ ամբիոնից, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին: Ոմանք սա գնահատում են որպես ցուցում, որով էլ գործի են անցել ուժայինները, ՀԿԿ-ն, իրավապահներն ու այսօր ձերբակալել Վարդան Ղուկասյանին։
Այս վարկածը նույնպես վտանգավոր է։ Եթե իրավապահը գործում է ոչ թե օրենքով, այլ վարչապետի ցուցումով, նշանակում է՝ օրենքը երկրում ամեն ինչից վեր չէ։ Այս առումով ևս՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը հակաժողովրդավարական հետևանքներ կունենա։
Սրանից զատ, եթե Վարդան Ղուկասյանը ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն է արել, ապա իրավապահն ինչո՞ւ է կաշառքի մասին վարույթ հարուցում, այլ ոչ թե ՀՀ ինքիշխանության դեմ գործելու մեղադրանք առաջադրում։
Ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին քաղաքական կյանքից դուրս թողնելու օրինական գործիքը Լյուստրացիայի մասին օրենքն է։ Այսպիսի օրենք ընդունել են խոհրդային բռնազավթումից ազատագրված երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներ։ Այդ օրենքով ինքնիշխանության դեմ գործողները զրկվում են քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Այդպիսի օրենքով կարող էին արմատապես լուծել ինքնիշխանության դեմ գործողների հարցը։ Հետևապես՝ եթե ՔՊ-ն Լյուստրացիայի մասին օրենք ընդունելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս, ապա ենթադրելի է, որ Փաշինյանին չի հետաքրքրում ինքնիշխանության դեմ խոսելն, այլ նա պարզապես փորձում է Գյումրիում ամրացնել ՔՊ-ի դիրքերը, հեռացնելով օրենքով քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանին ու նրա թիմակիցներին։
Կարճ ասած՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալումից հետո երկաթյա ամորձիներ ունեցողերը կխիզախեն մրցել ՔՊ-ի հետ, հավակնելով հաղթել ընտրություններում ու ստանձնել քաղաքական պաշտոն Փաշինյանի օրոք։
Միաժամանակ՝ ողջունելի է, որ այսօր գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչներն են հասկացել, որ Փաշինյանն իր բոլոր պոտենցիալ մրցակիցներին ներկայացնում է որպես «Կրեմլի ագենտ», ինչով էլ արդարացնում է նրանց նկատմամբ բռնաճնշումները։ Նույնն է նաև Վարդան Ղուկասյանի պարագայում։ Հետևապես՝ հույս կա, որ հաղթելու ռեալ շանս ունեցող ուժերն ազգանվեր ու մարդասիրական խիզախությամբ կլցվեն ու հանդես կգան անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերից, Փաշինյանին դարձնելով միակ ռուսամետ գործիչը ՀՀ-ում։ Այս պարագայում՝ ՔՊ-ն կորակվի միակ «Կրեմլի ագենտը»։ Անկախության և ժողովրդավարության ջատագովներն օրինաչափորեն կհաղթեն 2026-ին, ՔՊ-ն ընդդիմություն կդառնա։ Այնուհետև՝ կընդունվի Լյուստրացիայի մասին օրենք, որին հղվելով՝ Փաշինյանի բազմաթիվ խոսքեր կորակվեն ինքնիշխանության դեմ հայտարարություններ, ու նա դուրս կշպրտվի քաղաքական կյանքից։
Թաթուլ Մկրտչյան