Մի ժամանակ հույս կար, որ քրիստոնյա արքայությունները կազատեն հայ ժողովրդին ճնշումներից, կպաշտպանեն նրա իրավունքները։ Այսօր հույս կա, որ կալանավորված սրբազանները կազատվեն քրիստոնյա առաջնորդների միջորդությամբ։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Սուրբ Աթոռում: Այսօր՝ հոկտեմբերի 19-ին վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ: Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:
Կարո՞ղ է Հռոմի Պապը միջնորդել, որ ազատ արձակվեն սրբազանները, դադարեցվեն վեհափառի դեմ գրոհները։
Ենթադրելի է, որ Մայր Աթոռն այս թմայով արդեն դիմել է Հռոմի Պապին։ Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 16-ին, Գարեգին Բ-ն Հռոմի Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում հանդիպել է Լևոն XIV Պապի հետ։ Առանձնազրույցի ընթացքում Գարեգին Բ-ն վստահություն է հայտնել, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ։
Հռոմի Պապը մեծ ազդեցություն ունի Արևմուտքում։ Նրա գնահատականը կարող է հիմք հանդիսանալ, որ Արևմուտքի երկրները նույնպիսի դիրքորոշում հայտնեն մեր եկեղեցու, սրբազաններին ազատելու, Գարեգին Բ-ին պաշտպանելու հարցերում։ Այսպիսի աջակցության անհրաժեշտությունն այսօր խիստ զգացվում է։ ՀՀ իրավապահներն օրեր առաջ 2 ամսով կալանավորել են Արագածոտնի թեմի առաջնորդին, իսկ առաջիկա օրերին այդ վարույթի շրջանակում, հնարավոր է՝ մեղադրանք կառաջադրեն նաև Գարեգին Բ-ին։ Եվ Հռոմի պապի աջակցությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ, լուծել Փաշինյան-Գարեգին Բ կոնֆլիկտը հօգուտ Գարեգին Բ-ի։
Հավանաբար՝ Փաշինյանն այս ամենին պատրաստվել է։ Վերջին օրերին ՔՊ-ական ակտիվն ակնարկում էր, թե Գարեգին Բ-ն ռուսական շահեր է սպասարկում, ռուսամետ գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի թիմակիցն է։ Նույնկերպ էլ Փաշինյանն է Գարեգին Բ-ին առնչվող խնդիրը ներկայացնում աշխարհին, այդպես է ներկայացնելու նաև Հռոմի Պապին, եթե առանձնազրույցի ընթացքում շոշափվի թեման։
Սովետը համարվում էր չարիք։ Ուկրաինայի անկախության դեմ պատերազմի հետևանքով ՌԴ-ն ներկայումս կրկին որակվում է չարիք։ Քաղաքակիրթ աշխարհը աջակցում է Ուկրաինային, Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանում, որ չարիքը չտարածվի խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Այս իրականությունից ելնելով, ազատ աշխարհի երկրները բարոյական իրավունք չունեն աջակցելու ռուսամետ ուժերին Հայաստանում։ Փաշինյանը, հավանաբար, վստահ է, որ Հռոմի Պապը նույն տրամաբանությամբ կառաջնորդվի ու չի աջակցի Գարեգին Բ-ին, նույնիսկ այդ մասին թեմա չի բացի։
Սակայն Լևոն XIV-ն կարող է միջամտել խնդրին, որովհետև սրբազաններին հալածելը կարող է վատ նախադեպ դառնալ, դուրս գալ Հայաստանից ու տարածվել կաթոլիկ երկրներում։ Օրինակ՝ Վենեսուելայում բռնապետություն է։ Այստեղի իշխանությունը կարող է օրինակ վերցնել Փաշինյանից ու նման ճնշումներ կիրառել կաթոլիկ եպիսկոպոսների նկատմամբ, նրանց կալանավորել, նվաստացնել և այլն։ Այսպիսի անցանկալի զարգացումները կանխելու համար Հռոմի Պապը, առաջնորդվելով Գարեգին Բ-ի հանդեպ եղբարական սիրով, հավանաբար՝ կշոշափի թեման Փաշինյանի հետ զրույցում։
Պարզ ասած՝ դեռ ամեն ինչ կորսված չէ։ Եթե մի քանի շաբաթ անց ազատ արձակվեն սրբազաններն ու կասեցվի Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավը, նշանակում է Հռոմի Պապի միջնորդությունն արդյունք է տվել։ Ռուսամետ ուժերն էլ, հավանաբար՝ ըմբռնումով կվերաբերվեն, եթե Գարեգին Բ-ն առաջիկայում հրապարակավ չաջակցի նրանց։
Թաթուլ Մկրտչյան