Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 15-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր առավոտյան Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը փաստացի գլխատվել է. բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի 11 հոգևորականներ, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ում գտնվելու վայրը ժամեր շարունակ անհայտ էր։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում: Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա։ Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին: Հարցազրույցից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։ Քննչական կոմիտում հայտնված հոգևորականներն առանց իրավական պաշտպանության են մնացել, քանի որ նրան փաստաբաններին ներս չեն թողնում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում գտնվող Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս եկավ Քննչականից: Հոգևորականը հայտնել է, որ 7-8 ժամերի ընթացքում իր հետ որևէ քննչական գործողություն չեն իրականացրել և ազատ են արձակել: Տեր Փառենը նաև ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ ինքը վկայի կարգավիճակ ունի: Թողարկումից րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը: Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ վերջինիս կալանքի են տանում։
Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակում է քննությունը, որի արդյունքում կորոշի՝ երկարաձգե՞լ արդեն 4 ամիս անազատության մեջ գտնվող բարերար Սամվել Կարապետյանի կալանքը, թե՞՝ ազատ արձակել նրան։ Քննչականն արդեն երկրորդ անգամ է միջնորդություն ներկայացնում դատարան, պահանջում է ևս երկու ամսով երկարացնել կալանքը: Երեկ սկսված ու 11 ժամ ձգված փակ նիստից հետո Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց՝ 52 հոգանոց խմբից բաղկացած քննիչների միջնորդությունն աղերս չունի իրավաբանության հետ: Այսօր արդեն փաստաբանների հերթն է ներկայացնելու իրենց հակափաստարկները: «125 րոպե՝ այդքան ընթերցել են պարզապես միջնորդությունը, 52 քննիչներից բաղկացած քննչական խումբը այս շուրջ 60 օրվա ընթացքում դեռ որոշ գործողություններ չեն հասցրել անել, դուք կարող եք հարցնել՝ իսկ ի՞նչ գործողությունների մասին է խոսքը, բացարձակ պատկերացում չունեմ, որովհետև դրանք կրկին Սամվել Կարապետյանին չեն վերաբերում», - ասաց Վարդևանյանը: Կարապետյանն իրավապահների թիրախում հայտնվեց, երբ քննադատեց Նիկոլ Փաշինյանին գլխավորությամբ եկեղեցու դեմ սկսված արշավը, հայտարարեց, որ եթե քաղաքական ուժերն այս հարցը չլուծեն, ապա դա իրենք կանեն՝ իրենց ձևով։ Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացրեցին՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը:
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական շարժման առաջնորդ Արման Թաթոյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլև պատանդ։ «Քաղաքական իշխանությունների հրահանգով հարուցված քրեական հետապնդումը, ազատությունից զրկելը նպատակ ունի հետ պահել նրան իր գործունեությունից։ Կարծում եմ՝ սա վաղուց ծրագրված քայլ էր՝ քաղաքական հստակ հայտարարություններով, քաղաքական հրահանգներով»,- ասաց Թաթոյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում։ Նախկին օմբուցմենի գնահատմամբ՝ Սամվել Կարապետյանի մեղադրանքում չկա իրավաբանություն, պարզապես քաղաքական հրահանգների իրավական ձևակերպում է արված։
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը երկարաձգելու գորոծվ դատական նիստը շարունակվում է, առ այս պահը դատարանը որոշում չի կայացրել։ Հակակոռուպցիոն դատարանի բակում է նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին։ Լրագրողի այն հարցին, որ ի աջակցություն Կարապետյանների՞ է դատարանի բակում, Կարեն Կարապետյանի որդին արձագանքեց. «Փաստացի այստեղ եմ»: Հիշեցնենք՝ մամուլը վերջին շրջանում գրում է, որ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հենց Կարեն Կարապետյանն է լինելու։ Կարապետյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի կառավարման վերջին շրջանում՝ 2016-2018 թվականներին, իսկ Հանրապետական կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններում հենց Կարեն Կարապետյանի առաջնորդությամբ էր հաղթանակ տարել, քանի որ խոստացել էր, որ Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել։ 2018-ի ապրիլին, երբ սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելուց հետո վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ, այնուհետև Սարգսյանի հրաժարականից հետո նա զբաղեցրեց վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը՝ մինչև մայիսի 8-ը, երբ ԱԺ-ն վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում: