Ներքին 1 տարի առաջ - 17:33 14-10-2025

ՀՀ-ն՝ ի դեմս Մատենադարանի, դառնում է մշակութային ժառանգության պահպանման աջակից. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում «Հիշողության կերպարանքները» 14-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարի բացմանը:

Նախարարը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Մատենադարանն իրապես դառնում է միջազգային հարթակ տպագիր և ձեռագիր ժառանգության պահպանման ուղղությամբ: Նախարարը հատկապես կարևորել է սեմինարի ընդլայնվող աշխարհագրությունը:

«Մատենադարանն ակտիվորեն ներգրավված է գրավոր ժառանգության պահպանման գործընթացում՝ հատկապես այնպիսի տարածքներում, որոնցում կոնֆլիկտային իրավիճակները լրացուցիչ ռիսկեր ու մարտահրավերներ են առաջացնում մշակութային ժառանգության պահպանության հարցում: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Մատենադարանի, դառնում է մշակութային ժառանգության պահպանման աջակից: Առաջիկայում Մատենադարանը կհյուրընկալի նաև Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով, որ մեր ցանկությունն ու հանձնառությունը չեն սահմանափակվում որևէ խոչընդոտով»,- ասել է նախարարը:

Նա շնորհակալություն է հայտնել հայկական ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներին ամենօրյա ջանքի համար՝ ուղղված տարբեր հայագիտական կենտրոններում ամփոփված վիթխարի ժառանգության պատշաճ պահպանությանը և հետագա սերունդներին փոխանցմանը։ Նախարարը վերահաստատել է պետության հանձնառությունը՝ շարունակաբար աջակցելու պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նա շնորհակալություն է հայտնել նաև Մատենադարանի աշխատակազմին և գործընկեր կազմակերպություններին հետևողական համագործակցության և աջակցության համար:

«Վստահ եմ՝ ձևավորված միջավայրը հնարավորություն է տալիս Մատենադարանում իրականացնել ամենաբարձր մակարդակի վերականգնման աշխատանքներ, և այս իմաստով շատ կարևոր է նաև գիտական և հետազոտական ոլորտի համագործակցությունը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաև Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին աջակցության և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման պատրաստակամության համար:

«Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին մասնակցում են շուրջ 20 երկրի ավելի քան 30 վերականգնողներ, հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների ղեկավարներ։ Միջոցառումը նպատակ ունի նպաստել ոլորտի պատասխանատուների՝ վերականգնողների և ֆոնդապահների իրազեկվածության բարձրացմանը, փորձի փոխանակմանը, նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների արդյունքների հասանելիությանը՝ ամրապնդելով միջազգային գրավոր ժառանգության հանդեպ միասնական պատասխանատվության գիտակցումը։

Սեմինարի ընթացքում միջազգային գործընկերներին ներկայացվելու են Մատենադարանի կենսաքիմիական լաբորատորիան և վերականգնողական թղթի նորաստեղծ արտադրամասը, որն հիմնվել է «ԱրարատԲանկ»-ի աջակցությամբ։

Բացման պաշտոնական մասին հաջորդել է «ԱրարատԲանկ»-ին՝ որպես աջակցի, «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալի շնորհման և Պատվո կամարին հաստատության անունը հավերժացնելու հանդիսավոր արարողությունը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie