Գորիսի երկու հիմնական պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ Գորիսի պետական քոլեջում և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում, լարված իրավիճակ է։ Մի քանի օր է՝ ուսանողներն ու դասախոսները գործադուլ և դասադուլ են իրականացնում։
Խնդիրն այն է, որ Կառավարությունը դեռևս ապրիլին որոշել է միավորել այդ 2 հաստատությունները՝ Բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու նպատակով։ Քոլեջի դասախոսները և ուսանողները պահանջում են չեղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին, տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչև ՎԴ/4825/05/25 քաղաքացիական գործի դատաքննության ավարտը և դատարանի վճռի ուժի մեջ մտնելը, տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելու անհնարինության դեպքում էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (մինչև նշված դատավարության ավարտումն ու տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարումը և նոր տնօրենի ընտրությունը) նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն Կարեն Լազարյանին, Գորիսում՝ պետական քոլեջում, հանդիպում կազմակերպել Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։
Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմինե Կոլյանի հետ։ Նա պնդեց, որ իր նշանակմանը ողջ անձնակազմը չէ, որ դեմ է։
«Ասեմ, որ ամենևին կոլեկտիվը չէ, այլ յուրաքանչյուր կոլեկտիվի 3,4, մաքսիմում՝ 5 դասախոս, աշխատակից։ Մյուսները, իմ իմացած տեղեկություններով, պարտադրված են։ Ենթադրում եմ, որ տնօրենները կամ իմ լսելով տնօրեններն են պարտադրել»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ինչ է անում նա, որ այս հարցը լուծվի, Կոլյանը պատասխանեց՝ սպասում է, որ կրքերը հանդարտվեն։ «Ես սպասում եմ, որ կրքերը խաղաղվեն, իրենք հասկանան, որ այդ բարեփոխումը ի նպաստ իրենց է կատարվելու, որևէ դասախոս չի կրճատվելու, սա ընդամենը խորքային բարեփոխում է՝ ի նպաստ կրթության»,- ասաց նա, հերքելով, որ փորձել է ոստիկանության հետ մուտք գործել քոլեջ․ «Նման բան չկա, Ոստիկանությունը պարզապես ներկա է եղել, ես տեղյակ չեմ, թե ինչու, որովհետև, երբ ես արդեն գնացել եմ նախարարության ներկայացուցչի հետ, այնտեղ էին, ու իրենք մտածել են, որ կարող է ինչ-որ ծեծկռտուքի վերածվի, ոչ թե իմ կողմից, այլ, չգիտեմ, կամ բռնության ինչ-որ բաներ լինեն»։
Գորիսում խոսակցություններ կան, թե Արմինե Կոլյանին հովանավորում է անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը։ Ըստ նույն այդ տեղեկության՝ Արմինե Կոլյանը հունիսի 8-ին մասնակցել է Գորիսում Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպմանը, ջերմ գրկախառնություններ ունեցել նրա հետ, ինչն էլ նպաստել է տնօրենի պաշտոնում նրա նշանակվելուն։ Սակայն այս տեղեկությունը ևս հերքվեց նրա կողմից, ավելին՝ Կոլյանը պնդեց, որ այդ օրն անգամ Գորիսում չի եղել։
«Դրանք սխալ լուրեր են, ես հունիսի 8-ին չեմ մասնակցել։ Հիմա որ հիշում եմ, ես Գորիսում էլ չեմ եղել հունիսի 8-ին։ Դա ապատեղեկատվություն է։ Սա իմ անձնական նախաձեռնությունն է՝ մասնակցել տնօրեն դառնալուն։ Ես ինքս իմ ուժերով մասնակցել են դասընթացին, ստացել եմ այդ համապատասխան գիտելիքները, ասեմ, որ հանրակրթականը հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ևս ունեմ, այնպես որ ինձ համար բարդ չէր այս փուլը հաղթահարել։ Բավական բարձր արդյունքներով հանձնել եմ քննությունը ու ստացել է ՄԿՈւ-ի ղեկավարման իրավունքի հավաստագիրը»,- մանրամասնեց նա։
Անդրադառնալով նաև պտտվող այն լուրերին, որ ինքը համալսարանական կրթությունն ստացել է իր մորեղբոր՝ Համլետ Միրզոյանի օգնությամբ՝ առանց համալսարան հաճախելու, Կոլյանը հերքեց շրջանառվող լուրերը։ «Նման բան չկա, ես իմ դպրոցն ավարտել են ոսկե մեդալով, Տաթև համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտել եմ կարմիր դիպլոմով, Գորիսի համալսարանում փայլուն գիտելիքներով ևս ստացել եմ կարմիր դիպլոմ, մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը 3 անգամ, հայոց լեզու առարկայից։ Ու գրանցել են բարձր արդյունք, ես հիմա կամավոր ատեստավորմանը մասնակցած, ատեստավորված ու բարձր աշխատավարձ ստացող մանկավարժ եմ։ Իմ քեռին բազմաթիվ բարեգործություններ է արել, բայց երբ ես սովորում էի, դեռ չկար, ես բավական մեծ եմ տարիքով»,- եզրափակեց Արմինե Կոլյանը։
Oragir.News-ը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց նաև Գորիսի՝ պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Տոռոզյանի հետ, ով ընդգծեց՝ Բազմագործառութային քոլեջի ձևավորումը կարող է բերել մասնագիտացված գյուղատնտեսական կրթության արժեզրկման։
«Երբ քոլեջը դառնում է բազմապրոֆիլ, քչանում է գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչությունը։ Իսկ մինչ այժմ մեր դիմորդները գիտակցված են ընտրել այս ուղղությունը։ Մեր ուսանողների մոտ 90%-ը գյուղաբնակ են, և հենց գյուղից դուրս չգալը կրթական առումով մենք կարևոր հաղթանակ ենք համարել։ Դա է առաջին կարևոր խնդիրներից մեկը և 2-րդը՝ տնօրենի հետ կապված հարցն է․ 2010 թվականից աշխատում եմ ՄԿՈւ ոլորտում, այդ ոլորտում ունեմ 15 տարվա աշխատանքային փորձ, վերջին 10 տարին՝ կառավարման, իսկ վերջին 2 տարին՝ որպես հաստատության ղեկավար։ Մարտի 1-ին քննություն եմ հանձնել և ստացել եմ ՄԿՈՒ-ի ղեկավարի հավաստագիր։ Այդ ընթացքում մեր հաստատությունում գրանցվել են կարևոր ձեռքբերումներ՝ մասնագիտությունների գրավչության աճ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ իր անունը կապվում է դասադուլի և գործադուլի կազմակերպման հետ, Տոռոզյանը ընդգծեց, որ բացարձակ առնչություն չունի դրա հետ, դասադուլն ու գործադուլը եղել են ինքնաբուխ։ «Ո՛չ, դա բացարձակ անհիմն լուր է։ Ես ո՛չ իրավասություն ունեմ, ո՛չ էլ մղում, որ 53 դասախոսների կամ 300 ուսանողների ստիպեմ դուրս գալ դասադուլի։ Դա նրանց ինքնաբուխ նախաձեռնությունն է։ Նրանք կրթված մարդիկ են, կրթության նվիրյալներ, և իրավունք ունեն արտահայտել իրենց դիրքորոշումը։ Իմ պարտականությունը ոչ թե ուղղորդելն է, այլ հարգանքով վերաբերվել իրենց որոշումներին»,- նշեց նա։
Հարցին՝ արդյոք ինքը ճանաչո՞ւմ է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմինե Կոլյանին, ծանո՞թ է նրա մասնագիտական ունակություններին, Տոռոզյանը պատասխանեց․ «Ո՛չ, ես անձամբ նրան չեմ ճանաչում։ Չեմ կարող գնահատել նրա մասնագիտական կարողությունները կամ փորձը։ Որևէ հանդիպում կամ շփում չենք ունեցել»։
Հավելենք, որ Աննա Տոռոզյանի սկեսուրը` Նունե Ավետիսյանը ևս եղել է տնօրեն, ապա պաշտոնը փոխանցել է հարսին, ով ևս հավակնում է դառնալ Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն։
Oragir.News-ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանից, սակայն մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել։