Ատեստավորմանը պատրաստվելու համար նախատեսված գրքերը կրկնակի ու եռակի թանկացրել են:
Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պատմեց, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որոշմամբ՝ դպրոցի հոգեբանները պետք է անցնեն ատեստավորում, և դրա համար հրապարակվել է գրականության մեծ ցանկ։ Նրա խոսքով՝ ինքը ևս դպրոցի հոգեբան է, և գրքերի մի մասը դժվար հասանելի է, իսկ մյուս մասի գները կտրուկ աճել են։
«Գրքերի ցանկը հրապարակվել է, բայց գրախանութներում դրանք կա՛մ բացակայում էին, կա՛մ շատ թանկացվել են։ Օրինակ՝ օգոստոսի վերջին ու սեպտեմբեր ամսին ոչ մի գիրք չկար, իսկ մի քանի շաբաթ անց նույն գրքերը հայտնվեցին վաճառքում՝ կրկնակի և եռակի թանկ։ Այն գիրքը, որը նախկինում արժեր 2000 դրամ, հիմա վաճառվում է 6000 կամ 7000 դրամով։ Սա տեղի ունեցավ հենց այն բանից հետո, երբ հայտարարվեց ատեստավորման գործընթացի մեկնարկի մասին»,- ասաց Հովսեփյանը։
Հովսեփյանը նշեց նաև, որ ինքը գրախանութում չի հարցրել թանկացման պատճառը, քանի որ չի կարծում, որ գրախանութը որևէ կապ ունի թանկացման հետ։
Նրա խոսքով՝ որոշ գրքեր մատչելի գնով վաճառվում են համացանցում, սակայն դրանք անորակ սկանավորված են։ Շատ մասնագետներ կանգնած են երկընտրանքի առաջ՝ գնե՞լ թանկ գրքերը, թե՞ էժան, անորակ սկանավորվածները, քանի որ առանց դրանց չեն կարող լիարժեք պատրաստվել ատեստավորմանը։
«Ես համեմատել եմ այն գրքերը, որոնք գնել եմ նախկինում, և դրանց արժեքը հիմա կրկնակի կամ եռակի է։ Որոշ գրքեր նույնիսկ հնարավոր չէ գտնել։ Գրախանութները, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կրում․ նրանք պարզապես վաճառում են այն, ինչ ունեն։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչու են հանկարծ գրքերը շուկայում անհետանում, հետո նորից հայտնվում՝ արդեն բարձր գնով։ Դա կազմակերպված թանկացում է հիշեցնում»,- ասաց նա։
Հովսեփյանի խոսքով՝ մարզերում և հատկապես գյուղական համայնքներում գրականության հասանելիությունը առավել լուրջ խնդիր է․ «Շատ գրադարաններում գրքերն ընդամենը մեկ օրինակով են։ Մի հոգեբան վերցնում է, մի քանի օրից վերադարձնում, հետո մեկ ուրիշն է վերցնում։ Այս պայմաններում գործնականում անհնար է պատշաճ պատրաստվել։ Եթե գոնե օնլայն տարբերակով լինեին հասանելի, մի բան կլիներ, բայց դրանք էլ հիմնականում սկանավորված կամ անորակ տարբերակներ են։ Որակյալ նյութ գտնելը հիմա լուրջ խնդիր է դարձել»։
Նա նաև նշեց, որ գների բարձրացման պատճառաբանությունները հիմնավոր չեն, բայց ինքը դա կապում է պահանջարկի բարձրացման հետ։
«Ես փորձել եմ պարզել՝ արդյոք տպագրության արժեքներն են բարձրացել, բայց պարզվեց՝ ոչ։ Վերջին մեկ տարում այդ ոլորտում գների փոփոխություն գրեթե չի եղել։ Այսինքն՝ խնդիրը տպագրական ծախսերի մեջ չէ։ Այդ դեպքում ո՞վ է որոշում, որ նույն գիրքը, որը նախկինում վաճառվել է 3000 դրամով, հիմա պետք է արժենա 9000։ Նման բան հնարավոր չէ առանց միջամտության։ Պարզապես մարդիկ օգտվում են այն հանգամանքից, որ մասնագետները ստիպված են գնել այդ գրքերը՝ իրենց աշխատանքը շարունակելու համար»,- ասաց հոգեբանը։
Նշենք նաև, որ Սոֆյա Հովսեփյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում բարձրացրել էր ատեստավորման համար անհրաժեշտ գրքերի թանկացման խնդիրը, սակայն պատկան մարմիններից արձագանք դեռ չի ստացել։