Ներքին 10 ամիս առաջ - 15:08 16-09-2025

Պատմությունից հրաժարվում են միայն վախկոտները. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է ՔՊ-ականների նոր որոշմանը, ըստ որի՝ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։

«Պապս՝ Բլեն՝ մայրիկիս հայրը, Հին Բայազետից գաղթածների՝ ցեղասպանությունից փրկվածների սերունդ էր, Գավառում հաստատված իմ իշխան ապուպապի թոռն էր:

Սիբիրից, որ հետ է գալիս (հազվագյուտ հետ եկածներից էր)՝ մի ոտքով ու ծանր կոպալով, զրոյից գումար է վաստակում և ունենում ևս 4 երեխա (ընդհանուր՝ 6)...

Սովետի ժամանակ Կայարանի իրենց սեփական տունը, որ քանդում են, մայրս ու հայրս՝ արդեն առաջին դստերն ունենալով, ստանում են 6-րդ զանգվածի մեր տունը, որտեղ հետո ծնվում ու մեծանում ենք ես ու միջնեկ քույրս:

Տան միջանցքի նեղլիկ բացմոցը, որն իմ անկողինն էր մի 25 տարի (նախքան միջնեկս ամուսնանար ու ննջարանում քնելու տեղ բացվեր) աշխարհի կենտրոնն էր ինձ համար:

5 դուռ էր բացվում էդտեղից՝ ննջարանի, խոհանոցի, հյուրասենյակի, լոգարանի ու դրսի դուռը: Հարուստ էի...

Ես քնում էի աշխարհի խաչմերուկում, արթնանում՝ արևածագի շողերն աչքերիս մեջ ու պարտադիր նայում էի մայրամուտին՝ երեկոները:

Ապրում էի երկու լեռան արանքում՝ մեկն Արագածն էր, մյուսն՝ Արարատը... Իմ մանկության ամեն վայրկյանում է Արարատ լեռը։

Վստահ էի, որ եթե երկար ու անշեղ քայլեմ մասիվներով, անպայման կհասնեմ ձյունաճերմակ Մասիսին... ու մի օր քիչ էր մնում մոլորվեի. փոքր էի դե...

Թերթերի պակաս չկար տանը, մի օր կարդացի, եթե գլոբալ տաքացում լինի ու աշխարհի սառույցները հալչեն՝ Արարատ լեռան ձյունն էլ կհալչի ու կպատի ամբողջ տարածքը։ Ու ես իմ մանկական ուղեղով ամեն օր անթարթ նայում էի Մասիսին՝ համոզվելու, որ գագաթի ձյունը դեռ կա ու չի հասնի մեր մասիվի տանը...

Մեկ Մասիսին էի էդպես շատ և ուշադիր նայում, մեկ էլ հայրիկիս՝ քնած ժամանակ, որ տեսնեմ՝ շնչու՞մ է, թե՞ ոչ...

Իմ միակ տունը, որտեղ ապրում եմ հիմա (Արաբկիր), սովորական մի բարձրահարկ կլիներ, եթե չլինեին մասիվից օժիտ բերած քամիները, տանս ծագող ու մայր մտնող արևը, Արագածի ու Արարատի մեջտեղում գտնվելը:

Ես ապրում եմ նորից երկու սարի արանքում...

Իմ ինքնությունն է էդտեղ. իմ ընտանիքի, մազապուրծ եղած ազգիս, պապերիս ու ամբողջ Հայոց պատմության, հայի ուժն է մեր լեռների ԴՆԹ-ում:

...

հաշիվս կորցրել եմ քանի անձնագիր եմ փոխել. 100-ավոր կնքված էջեր՝ Արարատ լեռան դրոշմով:

Մասունք են փաստորեն...

Չէ, ինձ համար չկա՜ն Հայաստանը տարբերակող որոշիչներ. նոր ու հին, ներկա կամ բացակա... իմ Հայաստանը մեկն է ու ամենուր, որտեղ կա գոնե մի դրոշմ հայի պատմության, մեր կորստի ու ձեռքբերման, մեր ինքնության ու նկարագրի։

Մեր կնճիռն ու ցավոտ էջն էլ է իմը, երջանիկ ու հաղթական գիրքն էլ է իմը:

Ու իմ անձնագիրն է իմը: Անձիս գիրը, որում հազարավոր դրոշմված Արարատներն են, ինչպես որ ամեն նորմալ հայի գիտակցության մեջ են՝ միլիոնավոր Արարատներ... վառվող ու երբեք չմարող արևների նման:

Պատմությունից հրաժարվում են միայն վախկոտները...

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ուր ենք գնում...»,- Facebook-ում գրել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին