copy image url
Ներքին Տեսանյութ Մշակույթ 2 ամիս առաջ - 16:00 15-09-2025

Սարոյանի ժառանգությունը պահպանելը մեր առաքելությունն է. բացառիկ հարցազրույց՝ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրենի հետ

Սեպտեմբերի 4-ից 11-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց «Սարոյանական օրեր» խորագրով միջոցառումների շարք, որը միավորեց հանդիսատեսին Սարոյանի գրականության, արվեստի և ժառանգության շուրջ:

Oragir.News-ը բացառիկ հարցազրույց է ունեցել «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է հիմնադրամը շարունակում պահպանել ու զարգացնել Սարոյանի ժառանգությունը, ինչպես նաև ինչ նոր ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել «Սարոյանական օրեր»-ի շրջանակներում:

- Խնդրում եմ պատմեք Վիլյամ Սարոյանի հիմնադրամի ստեղծման և հիմնական առաքելության մասին։ Ինչպե՞ս է այն զարգացել 1966թ․-ից ի վեր։

Սքոթ Սեդրակյան - Հիմնադրամը ստեղծել է հենց ինքը՝ Վիլյամ Սարոյանը 1966 թվականին և իր ամբողջ գրական ու գեղարվեստական ժառանգությունը, ինչպես նաև մնացած ունեցվածքը մահից առաջ փոխանցել է հիմնադրամին։ Սարոյանը հիմնադրամի ղեկավարումը ինչպես նաև իր ունեցվածքի տնօրինումը վստահել է իմ հորը՝ Ռոբերտ Սեդրակյանին, ով նրա մտերիմ ընկերն էր։ Սարոյանի կենդանության օրոք հիմնադրամի հիմնական գործունեությունը կապված էր իր ժառանգության կարգավորման հետ։ Սարոյանի մահվանից հետո առաջնահերթությունը դարձավ վերջինիս ամբողջ ունեցվածքի համակարգումը՝ գրական ձեռագրերի, թղթապանակների, ինչպես նաև նկարչական գործերի, որոնք ցրված էին աշխարհի տարբեր վայրերում՝ Փարիզում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Մալիբուի բնակարանում։ Դրանք հավաքագրելուց ու ի մի բերելուց հետո հիմնադրամը զգալիորեն զարգացավ։ Կարևոր քայլերից մեկն այն էր, որ բոլոր ձեռագրերը հավաքվեցին ու կենտրոնացվեցին Սթենֆորդում։ Ինչպես գիտեք, մենք հանրայնացնում ենք Սարոյանի մշակութային ժառանգությունը։ Բացի դրանից, հիմնադրամը մշտական աջակցություն է ցուցաբերում տարբեր կրթական և հայկական բարեգործական կազմակերպությունների ամբողջ աշխարհում։

- Որո՞նք են վերջին տարիներին հիմնադրամի կողմից իրականացրված ամենակարևոր ծրագրերը և նախաձեռնությունները։

Սքոթ Սեդրակյան - Վերջին տարիներին մենք բավական ժամանակ և մեծ ջանքեր ենք գործադրել «Սարոյանական օրեր» նախաձեռնության համար։ Կան երկու խոշոր նախագծեր, որոնց վրա հիմնականում աշխատել ենք «Սարոյանական օրերի» շրջանակում։ Առաջինը՝ Սարոյանի անտիպ պատմվածքների ժողովածուի տպագրությունն էր: Երկրորդը՝ Սարոյանի հարյուր նկարների հավաքագրումը և ցուցադրությունն է Գրականության և արվեստի թանգարանում, որը բաց կլինի այցելուների համար մինչև 2026-ի հունվարի 30-ը։ Բացի այդ, մենք ներգրավված ենք նաև մի շարք ծրագրերում, որոնք գուցե առանձին դիտարկմամբ այնքան էլ նշանակալի չեն թվա, բայց միասին վերցրած՝ ունեն մեծ կարևորություն։ Դրանք ուղղված են Հայաստանի տարբեր նախաձեռնություններին աջակցելուն։ Օրինակ՝ հիմնել ենք կրթաթոշակ Հայաստանի ամերիկյան համալսարանում և ամենամյա աջակցություն ենք տրամադրում COAF-ին՝ Հայաստանի մանուկների հիմնադրամին։

- «Սարոյանական օրերն» այս տարի անցկացվում են առաջին անգամ։ Ինչո՞ւ հենց հիմա որոշվեց կյանքի կոչել այս գաղափարը։

Սքոթ Սեդրակյան - Այս իրադարձության ոգեշնչումը և հիմնական նպատակն է Սարոյանին նոր սերնդին ներկայացնելը։ Իհարկե, «Սարոյանական օրերը» Հայաստանում կենտրոնանալու են հայ երիտասարդության վրա, և մեր կողմից նախատեսված մի շարք միջոցառումների հիմքում հենց այդ նպատակն է դրված։ Կարծում եմ, որ Սարոյանի հիմնադրամի ամենակարևոր առաքելություններից մեկը նրա համբավն ու փիլիսոփայությունը շարունակական հիմքով պահպանելն ու տարածելն է։ Իսկ դա, բնականաբար, ենթադրում է երիտասարդներին այդ մասին սովորեցնելը, որպեսզի կարողանանք այդ դասերն ու ոգեշնչող ուղերձները փոխանցել սերունդներին։

Այս տարի «Սարոյանական օրերն» առաջին անգամ անցկացնելու պատճառն այն է, որ մենք նախաձեռնություն ենք սկսել՝ փորձելու Սարոյանին ներկայացնել ավելի երիտասարդ սերնդին։



- Ներկայացրեք «Սարոյանական օրերի» գլխավոր իրադարձությունները․ արդյո՞ք նախատեսված էին բացառիկ կամ յուրօրինակ միջոցառումներ, որոնք արվեստասերները չպետք է բաց թողնեն։

Սքոթ Սեդրակյան - Գործնականում գրեթե բոլոր միջոցառումները բաց էին հանրության համար։ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ գրքի շնորհանդես։ Մալյանի թատրոնը բեմադրություն ներկայացրեց, որը պարզապես հրաշալի էր։ Գրականությամբ հետաքրքրվածների համար ևս ծրագիր կար․ Ազգային գրադարանում անցկացվեց միջոցառում, որի կենտրոնական թեման Սարոյանի հայերենով գրական ժառանգությունն էր։ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նույնպես տեղի ունեցավ բացառիկ միջոցառում: Այնտեղ ներկայացվեց ստվերային թատրոնի բեմադրություն՝ մոնոներկայացում, որը, իսկապես, տպավորիչ էր։ Բացի այդ, տեղի ունեցավ երկու երիտասարդ կինոգործիչների՝ պլաստիլինային անիմացիոն ֆիլմի հատվածների ցուցադրություն, որը ստեղծվել է Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա։ Ես արդեն հասցրել եմ տեսնել մի քանի հատվածներ, և դրանք պարզապես հիանալի են։ Եվ, իհարկե, Գրականության և արվեստի թանգարանում բացվել է ցուցահանդես, որը կշարունակվի մինչև տարվա ավարտը։ Այն ես իսկապես կդասակարգեի որպես եզակի փորձառություն, որը չի կարելի բաց թողնել, նկարները նախկինում հանրությանը չեն ցուցադրվել, և դրանք պարզապես հիանալի են։




- Ձեր կարծիքով՝ միջոցառումների շրջանակում ի՞նչն ամենահզոր տպավորություն թողեց մասնակիցների և հանդիսատեսի վրա։

Սքոթ Սեդրակյան - Սարոյանը միանգամայն բացառիկ արվեստագետ էր՝ մեծատառով Արտիստ։ Նա գրել է կարճ պատմվածքներ, հրաշալի վեպեր, եղել է աներևակայելի դրամատուրգ, ինչպես նաև՝ վիզուալ արվեստի ներկայացուցիչ։ Կարծում եմ, «Սարոյանական օրերը» կազմակերպվել են այնպես, որ մարդիկ հնարավորություն ունենան զգալու նրա արվեստի բոլոր նրբերանգները։ Կարծում եմ, տարբեր մարդիկ տարբեր տպավորություններ են ստացել՝ կախված իրենց նախասիրություններից և այն բանից, թե այս միջոցառումների բազմազանությունը ինչ ազդեցություն է թողել նրանց վրա։ Այդ պատճառով վստահ չեմ, որ կարելի է առանձնացնել մեկ կամ երկու ամենաազդեցիկ իրադարձություն։ Ավելի շուտ հույս ունեմ, որ յուրաքանչյուր միջոցառում իր ուժեղ ազդեցությունը կունենա առնվազն ինչ-որ մեկի վրա։

- Ի՞նչ դերակատարություն ունի ԱՄՆ դեսպանատունը «Սարոյական օրեր»-ի կազմակերպման գործում։

Սքոթ Սեդրակյան - Ամերիկայի դեսպանատունը ֆանտաստիկ գործընկեր է եղել Սարոյանական օրերի կազմակերպման գործում։ Նրանք մեծ ներդրում են ունեցել միջոցառման լայնածավալ հրապարակայնացման գործում՝ ներառյալ դեսպան Քվինի առանձնահատուկ կարևոր ու հզոր աջակցությունը։ Դեսպանատունը նաև առանցքային դեր է ունեցել Մալյանի թատրոնի ներկայացման ստեղծման և սեպտեմբերի 8-ին բեմադրման հարցում։ Այդ ներկայացումը սկզբնապես դեսպանատան կողմից է ֆինանսավորվել, և նրանց ամուր համագործակցության շնորհիվ Մալյանի թատրոնի հետ հնարավոր եղավ այն ներգրավվել Սարոյանական օրերի միջոցառումների շրջանակում։ Նրանք իսկապես հրաշալի գործընկեր են, և մենք խորապես գնահատում ենք այդ համագործակցությունը։



- Որպես հիմնադրամի նախագահ՝ Սարոյանի ստեղծագործական ժառանգության հատկապես ո՞ր կողմերն եք ցանկացել շեշտադրել «Սարոյանական օրերի» ընթացքում հանրությանը ներկայացնելիս։

Սքոթ Սեդրակյան
- Ինչ վերաբերվում է իմ անձնական ներդրմանը՝ այն, ինչ ես ուզում եմ ընդգծել, հետևյալն է․ մի շարք միջոցառումների ընթացքում ես փորձել եմ ներկայացնել Սարոյանի ստեղծագործական գործունեությունը՝ ինչպես նրա գրականությանը, այնպես էլ կերպարվեստը՝ նրա կյանքի ժամանակագրության համատեքստում։ Սարոյանը ապրել է բացառիկ կյանք՝ իր վերելքներով ու անկումներով, և իմ ելույթներում կփորձեմ ցույց տալ, թե ինչպես նրա կյանքի տարբեր փուլերը՝ իր իսկ ձևակերպմամբ «կյանքի ժամերը», ազդեցին նրա արվեստի ձևավորման վրա։ Դա ես համարում եմ չափազանց հետաքրքիր փորձառություն, որն ինձ թույլ տվեց նորովի ճանաչել Սարոյանին որպես ամբողջական կերպար՝ իր կյանքի մարտահրավերներով ու ձեռքբերումներով։ Եվ հենց դա է այն կողմը, որն ուզում եմ փոխանցել՝ Սարոյանը՝ որպես մարդ, որպես անհատ, որը փոխվել է կյանքի ընթացքում, և որի արվեստը՝ թե՛գրականությունը, թե՛ կերպարվեստը, զարգացել ու վերափոխվել են նրա հետ միասին։

- Սարոյանին նորովի բացահայտելուց բացի, ի՞նչն կվերցնեն «Սարոյանական օրերի» մասնակիցները հայկական մշակույթի, գրականության և արվեստի մասին։

Սքոթ Սեդրակյան
- Ես հայկական արվեստի մասնագետ չեմ, անկեղծ ասած՝ ամաչում եմ դա խոստովանել։ Իմ անկեղծ ցանկությունն է, որ հանդիսատեսը Սարոյանի աշխատանքը ընկալի որպես միանգամայն շոշափելի արժեք և խորապես գնահատի Սարոյանին՝ որպես քսաներորդ դարի ամենանշանավոր ամերիկահայ արվեստագետներից մեկը։ Ինչ վերաբերում է Սարոյանական օրերի դերին հայկական արվեստի ընդհանուր համապատկերում, այդ հարցում գնահատական տալը ես կթողնեմ հայ համայքնին, որովհետև իրավասու չեմ։



- «Սարոյանական օրերը» կոգեշնչե՞ն հայ երիտասարդ գրողներին, արվեստագետներին ու մտավորականներին։

Սքոթ Սեդրակյան
- Ես հույս ունեմ, որ «Սարոյանական օրերը» կոգեշնչեն գալիք սերնդին։ Այո՛, անկեղծ ասած՝ հենց դա էլ իմ կարևորագույն ակնկալիքներից մեկն է։ Սեպտեմբերի 10-ին ՀԲԸՄ-ի կենտրոնում համագործակցելով Creative Armenia-ի հետ՝ մենք ունեցանք մի շարք երիտասարդ հայ արվեստագետների ելույթներ, որոնք խոսեցին հատկապես Սարոյանի ազդեցության և արդիականության մասին իրենց ոլորտներում՝ թատրոնում, կինոյում, գրականության մեջ։ Ես էլ ներկայացրել եմ Սարոյանի նկարչական աշխատանքները։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ հայ երիտասարդ մտավորականները և ստեղծագործողները կոգեշնչվեն, հատկապես այդ ելույթներից։

- Ինչպե՞ս է հիմնադրամը նպաստում Վիլյամ Սարոյանի ժառանգության տարածմանը ԱՄՆ-ում ,և հիմնադրամի գործունեության ո՞ր նախաձեռնություններն ու ծրագրերն եք համարում ամենաարդյունավետը;

Սքոթ Սեդրակյան
- Մենք ԱՄՆ-ում աջակցում ենք բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների՝ թե՛ կրթական, թե՛ հայկական։ Շատ դեպքերում մեր հիմնադրամը նպաստել է նրանց ծրագրերին՝ աջակցելով առաքելությանը և նպաստելով նպատակների իրականացմանը։

Հիշեցնենք, որ հիմնադրամի ձանքերով, ԱՄՆ դեսպանատան և ԿԳՄՍՆ աջակցությամբ՝ սեպտեմբերի 4-11-ը «Սարոյանական օրերի» ընթացքում կազմակերպվեցին վարպետության դասեր, ընթերցումներ, քննարկումներ ու ցուցադրություններ, որոնք ներգրավեցին թե՛ հայկական, թե՛ միջազգային մասնակիցների՝ ստեղծելով կենդանի երկխոսություն Սարոյանի արվեստի շուրջ, մեծ գրողի ժառանգությունը նորովի ներկայացնելու նպատակով կազմակերպված միջոցառումները դարձան հարթակ՝ բացահայտելու Վիլյամ Սարոյանի արվեստի բազմաշերտությունը և նրա մշտապես արդիական ուղերձները։


Էլեն Դանիելյան