Դպրոցների պատերին մեծերի իմաստուն խոսքերի ու նկարների փոխարեն Նիկոլ Փաշինյանի մի գրառումն է տեղ գտել՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Իշխանության կուսակցության ծրագրի նոր նախագծում Փաշինյանի՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է։ Պարզվում է՝ Փաշինյանն աշխարհում միակ առաջնորդը չէ, որն իր խոսքերը պարտադրում է ժողովրդին, անկախ այն բանից՝ դրանք պրիմիտիվ են, անտրամաբանական, թե սխալ։
«Միսս Բելառուս-2025»-ի եզրափակչի մասնակիցները պոդիում են դուրս եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեջբերումներով շապիկներով։ Եզրափակիչ փուլի լավագույն 10 մասնակիցները հագել են տարբեր գույնի շապիկներ, որոնց վրա գրված են եղել Լուկաշենկոյի մտքերը կանանց մասին։
Փաշինյանի ու Լուկաշենկոյի այս ակնհայտ ընդհանրությունը հիմք է տալիս մի շարք ենթադրությունների։
Լուկաշենկոն բռնապետ է։ Բելառուսը նրա շնորհիվ շեղվել է եվրոպական ուղուց և հակաքաղաքակրթական կուրս ընտրել։ Նա երկիրը դարձել է ռուսական ֆորպոստ։ Նա նշանակալի ներդրում է ունեցել Արցախի զավթման, հայ ժողովրդին մեծ աղետներ ու կորուստներ պատճառելու հարցում։
Գրեթե բոլորը կարող են ասել, որ անճաշակ ու տգեղ են բելառուս գեղեցկուհիների շապիկները Լուկաշենկոյի խոսքերով։ Աներկբա է, որ բռնապետն է հարկադրել, որ գեղեցկության մրցույթի լավագույն 10 մասնակիցների շապիկներին գրվեն իր խոսքերը։ Հավանաբար՝ նա կարծում է, թե բելառուս կանայք իր հավատարիմ ընտրողներ են։ Եվ այդ պատճառով գեղեցկության մրցույթը վերածել է քարոզարշավի։
Ընդդիմախոսների կարծիքով՝ ՀՀ դպրոցների պատերին հայտնված «Լավ սովորիր, որ լավ ապրես։)» խոսքը պրիմիտիվ է։ Օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, թե կանայք են «Իրական Հայաստանի» գաղափարախոսության իրական հեղինակը։ Սա հիմք է ենթադրելու, որ կանայք են լինելու Փաշինյանի քարոզարշավի հետևակը։ Նրանք կհանգնեն գունավոր շապիկներ, որոնց վրա գրված կլինեն «Իրական Հայաստանի» կետերը։
Փաշինյանն ու Լուկաշենկոն մասնակցում են հակաքաղաքակրթական հավաքներին՝ մայիսի 9-ին գնում են Մոսկվա՝ պառադի, սեպտեմբերի 2-ին Պեկին՝ պառադի։ Նրանք ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ են, անառարկելիորեն կատարում են Կրեմլի պահանջները։ Չնայած՝ Փաշինյանը չի ուզում շփվել Լուկաշենկոյի հետ, սակայն չի կարողանւմ, քանի որ նուն կաթսայում են, ճակատագրով կապված։ Այս առումով՝ ենթադրելի է, որ այս առաջնորդների պրիմիտիվ խոսքերը ժողովրդի վզին փաթաթելու և քարոզարշավին կանանց ակտիվորեն ներգրավելու խորհուրդները նույն կետից են թելադրվել և՛Փաշինյանին, և՛ Լուկաշենկոյին։
Ժողովրդավարության առումով Հայսատանը շատ առաջ է Բելառուսից։ Սակայն տպավորություն է, թե Փաշինյանն փորձում է ավելի շատ նմանվել Լուկաշենկոյին։ Քաղաքական հետապնդումները, ատելության խոսույթը, անկախության պաշտպանության հարցում անգործությունը մտավախություն են առաջացնում, թե Փաշինյանը մտադիր է հրաժարվել ժողովրդավարությունից։
Կարճ ասած՝ ավտորիտար երկրներին է բնորոշ, որ առաջնորդի պրիմիտիվ խոսքերը պարտադրվում են ժողովրդին, գրվում են դպրոցների պատերին, գեղեցկության մրցույթի մասնակիցների շապիկներին, դառնում կարգախոսներ, որոնք երկիրը տանում ոչ մի տեղ։ Եվ չնայած՝ ՀՀ քաղաքացիների մի մասն ուզում է, որ ՀՀ-ն ԵՄ անդամ դառնա, չնայած՝ ԵՄ անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունվել, սակայն ողջամիտ մտավախություն կա, որ Փաշինյանը գնում է ոչ թե Եվրոպա, այլ մտադիր է Հայաստանը դարձնել Բելառուս։
Թաթուլ Մկրտչյան