Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 16:00 11-09-2025

Զինվորական ծառայության ժամկետը կրճատելով՝ Փաշինյանը լուծարում է բանակը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Ես դեռ էն գլխից ասել եմ՝ բանակը լուծարում են։ Եթե իրենց ձեռքը ճար լիներ, ոնց էն մի օրինագծով էին առաջարկում, որ մեկ ամիս ծառայում ես՝ ազատվում ես, երեք ամիս ծառայություն ունես՝ փորձառություն ունես և այլն, միանգամից կլուծարեին, բայց քանի որ էնտեղ դիմադրություն եղավ, հիմա աստիճանաբար են իջեցնում։ Դիմադրություն եղավ, և էդ դիմադրությունն իրենց հուշեց, որ կտրուկ պետք չի անել․ հիմա տարիուկես, որոշ ժամանակ հետո՝ վերընտրվելուց հետո, 1 տարի կսարքեն, հետո կասեն՝ մեզ ընդհանրապես բանակ պետք չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկուսից մեկուկես տարի դարձնելու նախագծին։

Նշենք, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մեկուկես տարի դարձնելու նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից: Որպես հիմնավորում՝ նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:

Ռազմական փորձագետը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակի լուծարման գործընթաց է սկսել՝ ոչ թե նրա համար, որ ինքն է դա ցանկանում, այլ նրան ասել են, որ «Հայաստանը չպետք է բանակ ունենա»։ «Իրան ասում են՝ դու պիտի բանակ չունենաս։ Ժամանակին՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով, Հայաստանը պիտի բանակ չունենար, և թուրքական բանակն էր ստեղ։ Հիմա էս գործընթացն են իրենք տանում․ բանակ պիտի չունենաս, իսկ բանակի չափորոշիչը մարտունակությունն ու զորավարժություններն են։ Նայեք՝ քանի զորավարժություն է արել 44-օրյա պատերազմից հետո։ Չի արել․ դրսի հետ չի արել, ներսի հետ էլ անունը կա, մեջը բան չկա։ Մի 2-3 հատ արել է, խայտառակվել է։ Չեմ էլ ուզում խոսել էդ մասին»,- ասաց նա։

Նահապետյանի խոսքով՝ Փաշինյանը բանակի լուծարումը հիմնավորելու է այն հանգամանքով, որ խաղաղ ապրող երկրին այլևս բանակ անհրաժեշտ չէ։ Այս համատեքստում նա շեշտեց, որ աշխարհում ամենախաղ ապրող երկրներից մեկը Շվեյցարիան է, որն այսօր ամենամեծ բանակն ունի․

«Գիտե՞ք, որ ամենամեծ բանակը Շվեյցարիան ունի։ Խաղաղ ապրող երկիր է, ոչ մի հարձակող չկա, բա խի՞ են բանակ պահում, բա խի՞ միլիոն-միլիոնուկեսանոց պահեստազոր ունեն, որը տարեկան առնվազն 3 անգամ զորակոչով գնում է, նոր զենքերին տիրապետում է, ներդաշնակում անցնում և այլն։ Խաղաղ, Եվրոպայի կենտրոնում բարեկեցիկ կյանքով ապրող երկիր է, բա խի՞ է բանակ սարքում։ Այսինքն ի՞նչ է նշանակում՝ եթե խաղաղություն է, իհարկե խաղաղություն չի, բանակ պիտի չունենաս։ Տենց բան չկա, մեր հարևանն էլ զինվում է։ Եղբա՛յր, լավ, դու բանակ չես ստեղծում, բա հարևանը խի՞ է զինվում, կարո՞ղ է գնալու է Բուրգինա Ֆասոյի դեմ կռվի կամ Մոզամբիկի։ Չէ, չէ՞, մեր դեմ է, չէ՞, մեկ էլ Իրանի և Ռուսաստանի։ Սա է բանակի լուծարման գործընթացը, էն մի պրոյեկտը խայտառակվեցին, չկարողացան փողով ազատվելու, բանվորագյուղացական բանակ սարքեն, հիմա սենց են անում։

Նախագծի հիմնավորումները նայեք՝ ի՞նչ հիմնավորումներ են ընտրել, որ ծառայությունը տարիուկես են դարձնում, երբ սահման պահող չունեն ու բացը վարժական հավաքներով են լրացնում։ Ես մի առիթով ասել էի, որ ասելու է (Փաշինյանը-խմբ․)՝ մարդ չկա սահման պահող, ուրեմն պիտի բանակ չունենանք, միայն ոստիկանություն և սահմանապահ զորքեր ու վերջ։ Փաշինյանի համար բանակը Ոստիկանությունն է»։

Հայկ Նահապետյանը հավելեց նաև՝ չի բացառում, որ սա նախընտրական-պոպուլիստական հնարք է, որի շնորհիվ քաղաքացիները 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կգնան և Նիկոլ Փաշինյանի օգտին կքվեարկեն՝ ակնկալելով, որ իրենց երեխաներն այլևս բանակում չեն ծառայելու։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի