Մասնակցային բյուջետավորմամբ ծրագրեր նշանակում է, որ համայնքում առաջարկներ են հնչել և բնակիչների քվեարկության և մասնակցության արդյունքում որոշվել է, թե որ ծրագրերը պետք է իրականացվեն առաջնահերթ կարգով։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ ավելի շատ ինձ հետաքրքրում էր, թե ինչքանո՞վ են մարդիկ իրոք մասնակցում, և ինչքանո՞վ են սրանք ծրագրեր «մարդիկ մասնակցում են» վերնագրի ներքո։ Ո՞րն է երաշխիքը, որ սա մարդկանց ընտրությունն է։
Հետագայում երբ որ տեղեկանքները կներկայացնեք, բոլոր մասնակցային ծրագրերի կողքը թող գրված լինի՝ քվեարկությանը քանի հոգի է մասնակցել։ Ինձ պետք է երաշխիքներ, որ ես համոզվում եմ, որ դա իրոք մասնակցային է։
Այնպես չէ, որ գյուղերը մնացել են այս այս ծրագրի հույսին, այսինքն սուբվենցիայով նոր ցանկը ներկայացրեցի, լայնածավալ ծրագրեր են իրականացվում։ Այս ծրագրի նպատակը այն է, որ քաղաքացիները մասնակցեն։ Այդ թվում կոմիտեներում քննարկելիս շատ էական նշանակություն պետք է տրվի և նաև կառավարության նիստերում էլ, մենք այս հարցերը զեկուցելիս պետք է բոլոր տեղեկանքներում գրվի թե ամեն ծրագրի քվեարկությանը քանի քաղաքացի է մասնակցել, որպեսզի մենք հասկանանք մենք մասնակցային մակարդակը բարձրացնում ենք, թե ուղղակի համայնքի համար և մարզպետարանի համար թղթարարությունը ավելացրել ենք, որ պիտի ուշադիր լինեն, թե այս մի ծրագիրը որ վերնագրի ներքո էին գրում։
Այդ քվեարկության մեխանիզմներով էլ է պետք զբաղվել, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի։ Ցանկացած քվեարկություն, որը տեղի է ունենում կառավարության հովանու ներքո, մենք պիտի նաև այդտեղ մեխանիզմներ ունենանք, որ համոզվենք, որ այդ քվեարկությունը արդար է, իրական է և ոչ թե ֆորմալ ինչ-որ թվեր են գեներացվում»,– ընդգծեց նա։