Առողջապահության նախարարության կյանք փրկող կարևորագույն ծրագրերից գլխուղեղի իշեմիկ կաթվածի ազգային ծրագրի շրջանակում արդեն մատուցվել է 4650 ծառայություն. այսպիսով` նվազել է հազարավոր մարդկանց կյանքին սպառնացող վտանգն ու հաշմանդամության ռիսկը: Այս մասին հայտնում է ԱՆ-ը։
«2019 թվականից գործող սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի շրջանակում իրականացվում է թրոմբոլիտիկ բուժում և մեխանիկական թրոմբէկտոմիա:
Ծրագիրը գործում է Երևանի 4` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում, Հերացի համալսարանական հիվանդանոցում, և մարզային 4` Գյումրու, Վանաձորի, Մարտունու բժշկական կենտրոններում և «Հայ–ֆրանսիական հիվանդանոցային կենտրոն» հիմնադրամում, ընդ որում` Մարտունու բժշկական կենտրոնն ու Հայ–ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնը միացել են ծրագրին 2026 թվականից:
Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման իրավունքից կարող են օգտվել ծրագրով սահմանված չափանիշներին համապատասխանության դեպքում:
Ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա՝ գլխուղեղի իշեմիկ կաթվածների շուրջ 90%-ը հնարավոր է կանխել ։
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, արդյունավետ և ժամանակին բուժման նպատակով առողջապահության նախարարության կողմից իրականացվում են սքրինինգային ծրագրեր`
Զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերում և ախտորոշում. 18+ տարեկան անձանց համար (2 տարին 1 անգամ):
Շաքարային դիաբետի ախտորոշում. 35+ տարեկան անձանց համար (3 տարին 1 անգամ):
Սրտանոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդությամբ անձանց շրջանում բարդությունների կանխարգելման նպատակով ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում անվճար, հաշվառված դիսպանսերային պացիենտներին տարեկան մեկ անգամ իրականացվում է՝
էլեկտրասրտագրություն
արյան մեջ խոլեսթերինի պարունակության որոշում
լիպիդային պրոֆիլի որոշում
արյան մեջ միզաթթվի որոշում
ակնահատակի քննություն
արյան մեջ կրեատինինի որոշում:
Ժամանակին անցնելով կանխարգելիչ հետազոտություններն ու վարելով առողջ ապրելակերպ` հնարավոր է նավազեցնել գլխուղեղի իշեմիկ կաթվածի զարգացման ռիսկը:
Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է»,-ասված է հաղորդագրությունում։