Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 09:01 11-09-2025

Ապագա չկա՞, Փաշինյանն ավարտվա՞ծ գործիչ է

Նիկոլ Փաշինյանը այլասերում է քաղաքական կամ արժեբանական նշանակություն ունեցող հասկացությունները, աղավաղում մարդկանց պատկերացումները քաղաքականության մասին։

«Մեր ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ մեզ միշտ թվացել է, որ ասել ենք՝ դե, ռազմավարական գործընկերությունը պսակվելու պես բան է, մի հոգու հետ պետք է անես։ Իրոք, այդպես է եղել, ինչքան էլ զվարճալի է հնչում, սա դառը իրականություն է: Բայց չենք հասկանում, որ դա գործընկերություն է, ընկերություն է, որ դա արտաքին քաղաքականություն է, և որ արտաքին հարաբերությունները հենց այն բանի համար են, որ ունենաս շատ գործընկերներ»,- սեպտեմբերի 10-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նկոլ Փաշինյանն, ապա անդրադառնալով ԱՄՆ-ում ընդունված փաստաթղթերի փաթեթը հեռանկարին, հիշեցրել է դեռևս անցյալ տարվանից որդեգրված կարգախոսը, թե ապագան այսօր է,- «Պետք չէ ապագայի մասին վիճել: Մենք անընդհատ խոսում ենք ապագայի մասին, բայց չենք արձանագրում, որ այսօր արդեն ապագայի մեջ ենք: Այդ դիսկուրսն անիմաստ է»,- ասել է նա:

Նախ նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին ռուսների միջնորդությամբ իշխանություն ստանալիս, խոստացել է չփոխել արտաքին քաղաքականությունը, սպասարկել ռուսական հետաքրքրություններն ու այդպես էլ վարվում է մինչ օրս։ ՔՊ-ական իշխանությունն արտաքին քաղաքական հայեցակարգ չունի, տնտեսությունն ամբողջությամբ կապել է Ռուսաստանին, անկախության ու ժողովրդավարության ուղղությամբ խոստացված քայլերը չի կատարում, նույնիսկ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի եկել։ Ամիսներ առաջ Փաշինյանը խիզախություն դրսևորեց ու խոստոանեց , որ ֆորպոստի վարչապետ է եղել 2018-2022-ին։ Այդ ժամանակ նրա պատկերացմամբ արտաքին քաղաքականությունն ի՞նչ էր՝ պսակվելու պես բա՞ն էր։ Վաշինգտոնում տեղի ունեցածի հարցում ՀՀ իշխանությունը նախաձեռնություն չի ունեցել։ Այդ մասին ակնարկ չկա։ Ենթադրելի է, որ Մոսկվայից Փաշինյանին թույլ են տվել գնալ Վաշինգտոն ու ստորագրել, նա էլ գնացել ու ստորագրել է։ Այսինքն՝ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը ոչ թե պսակվելու, այլ թրաֆիքինգի պես բան է, որից անհրաժեշտ է ազատել Հայաստանը։

Ժողովրդի հետ անկեղծանալու և թրաֆիքինգի մասին ճշմարտությունը նրան ասելու փոխարեն՝ Փաշինյանը զբաղված է բառերի իմաստափոխությամբ, ավելի ճիշտ՝ իմաստախեղմամբ։ Ողջամիտ մարդիկ շատ հստակ տարբերակում են անցյալը, այսօրն ու ապագան։ Կան մարդիկ, որոնք ապրում են անցյալի հիշողություններով։ Կան մարդիկ, որոնք ապրում են ապագայի մասին երազանքներով։ Բայց ներկան անցյալի, ապագան ներկայի կամ անցյալն ապագայի հետ շփոթելն ու նույնացնելը հոգեկան խանգարման ախտանշան է կամ գիտակցված սպեկուլյացիայի, բառի իմաստախեղման փաստ։ Եթե ենթադրենք, որ Նկոլ Փաշինյանը հոգեկան առողջության խնդիր չունի, ապա կարելի է ասել, որ տվյալ դեպքում նա միտումնավոր իմաստախեղում է «ապագա» բառը։

Ինչո՞ւ է Փաշինյանն իմաստախեղում «ապագա» բառը։

Այս մոտեցումը բացառիկ չէ և միայն ապագային չի վերաբերում։ Նա իմաստախեղում է պարտություն բառը։ Արցախը հանձնելը ներկայացնում է որպես Հայաստանի փրկություն։ Անկախությունը որակում է բազմակի կախվածություն։ Եվ հիմա էլ հերթը հասել է ապագային։

Քաղաքական ուժերի հիմնական խնդիրը քաղաքական ծրագրեր կազմելն ու իրականացնելն է։ Ծրագրերը, բնականաբար, վերաբերում են ապագային։ ՔՊ-ն չի կատարել 2021-ին տված իր ծրագրերն ու խոստումները, արել է դրա հակառակը։ Ողջամտորեն հնարավոր չէ սրբել այս խայտառակությունը։ Սակայն Փաշինյանը գտել է լուծումը։ Հիմա նա ասում է, որ ապագան որպես ապագա չկա, այսօրն ու ապագան նույնացել են, ապագան այսօր է։ Նա, հավանաբար կարծում է, թե եթե իմաստախեղի ապագա բառը, ապա գալիք ընտրություններում ստիպված չի լինի խոստումներ տալ, ծրագրեր ներկայացնել ընտրողներին, այլ կասի, որ այն ինչ անելու եմ ապագայում, արդեն արել եմ այսօր։

Կարճ ասած՝ «ապագա» բառն իմաստախեղելը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ծրագիր չունի, տեսլական չունի, վաղվա հանդեպ հավատ չունի, այսօր արդեն արել, վերջացրել է այն ամենն, ինչ կարող էր անել ընդհանրապես։ Այսինքն՝ Փաշինյանն ավարտված գործիչ է, քանի որ նրա համար ապագան այսօր է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար

Ձեզ գուցե հետաքրքրի