Քաղաքական ծաղրանկարն ունի ավելի քան 250 տարվա պատմություն։ Այս ժանրի հիմքում, թերևս, ծիծաղելու, կատակելու մարդկային բնական հակումն է, ինչպես նաև հանրության լայն շերտերին մտահոգող խնդիրներն այլաբանորեն, ընթերցողին ավելի մատչելի մատուցելու պարզ մղումը։ Դեռևս 18-րդ դարի կեսերից քաղաքական իրադարձությունները, գործիչները, միապետները հաճախ ներկայացվում էին ծաղրանկարներով, ինչը հանրությունն ընդունում էր սիրով:
Հայկական մամուլն այս առումով բացառություն չի եղել, ունեցել է ու առ այսօր ունի ծաղրանկարի լավ ավանդույթներ։ Դեռևս 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին աշխարհի տարբեր վայրերում լույս տեսնող հայկական երգիծական թերթերից բացի՝ «Մեղու», «Ցախավել», «Միմոս», «Կիկո», «Մախլաս», «Սև կատու», «Լեպլեպիճի» և այլն, ծաղրանկարներով հարուստ էին օրաթերթերն ու ամսագրերը։ Ճիշտ է՝ հայկական ծաղրանկարները տարբեր ժամանակների պաշտոնյաների շրջանում ջղաձգումներ էին առաջացնում, սակայն վերջիններիս առանձնակի զսպվածություն ու հանդուրժողականություն են դրսևորել և ամենակարևորը՝ ծաղրանկարներ հրապարակող լրատվամիջոցներին ճնշելու փորձեր չեն կատարել, ինչը չենք կարող ասել ՔՊ-ական իշխանության համար։
Oragir.News-ը ևս իր հիմնադրման օրվանից ի վեր զարգացրել է ծաղրանկարի ժանրը և իր գործունեության ավելի քան 4 տարում հեղինակել է շուրջ 800 ծաղրանկար։ Այս ընթացքում խտրականություն չենք դրսևորել և հրապարակել ենք ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր գործիչների ծաղրանկարները՝ թիրախավորելով բացառապես վերջիններիս քաղաքական դիրքորոշումներն ու հայտարարությունները, բայց ոչ երբեք նրանց անձնական կյանքն ու արտաքին հատկանիշները։
2025 թվականի մայիսի վերջից պետություն-եկեղեցի հարաբերություններում առկա լարվածությունը նոր թափ ստացավ, երբ քաղաքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով սկսեցին բարձրաստիճան հոգևորականներին, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրել կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, դա ներկայացնել որպես պետականության դեմ ուղղված սպառնալիք։ Այս աղմուկն ամիսներ շարունակ չէր դադարում, քանի որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով սկանդալային գրառումներ էր կատարում՝ խոստանալով, որ գլխավորելու է Վեհարանն «ազատագրելու պայքարը», ՔՊ-ականներն էլ՝ ձայնակցում էին նրան։
Այս արշավում առանձնակի մեծ ակտիվություն էր ցուցաբերում ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայումս Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս ևս իր բազմաթիվ գրառումներում պնդում է, որ Վեհափառն ու մյուս հոգևորականները «խախտել են կուսակրոնության ուխը», ընդգծում՝ «նրա (Վեհափառի) հեռացումն անխուսափելի է»։ «
Կտրիճ Ներսիսյանի հեռանալն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ է: Տեղեկացա, որ այսօր տարբեր թեմերից հոգևորականները հավաքվելու են Հայաստանում, ինչը շատ կարևոր է Եկեղեցու ապագայի համար: Եվ հիմա հոգևորականները ոչ թե պետք է լսեն Կտրիճ Ներսիսյանի խոսքը, թե ինքն ինչպես է օգտագործելու իրենց Մայր Աթոռի շուրջ ճգնաժամը խորացնելու համար, այլ պետք է քննարկեն Կտրիճ Ներսիսյանի անխուսափելի հեռացումից հետո Եկեղեցին ինչպես է գործելու, ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը»,- գրել է ՔՊ-ական պաշտոնյան՝ հուլիսի 2-ին։
Անթույլատրելի համարելով և դատապարտելով Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Վեհափառի նկատմամբ քաղաքական իշխանությունների կողմից իրականացվող այս արշավը՝
Oragir.News-ը հուլիսի 18-ին հեղինակել է Արայիկ Հարությունյանի ծաղրանկարը՝ խաչը ձեռքին և այն անվանել «Կուսադդումը»։ Հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը՝ այս դեպքում ևս ծաղրել ենք ոչ թե ՔՊ-ական պաշտոնյայի արտաքին հատկանիշները, այլ նրա՝ որպես պաշտոնյայի, միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, որն, ի դեպ, արգելվում է նաև Հայաստանի Հանրապետության մայր օրենքով։

Արայիկ Հարությունյանը վիրավորվել է
Oragir.News-ի ծաղրանկարից և դատական հայց ներկայացրել մեր լրատվամիջոցի դեմ։ ՔՊ-ական պաշտոնյան պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից և պարտադիր ներողության տեքստում օգտագործել «
«Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ն ներողություն է խնդրում պարոն Արայիկ Հարությունյանից» ձևակերպումը։ Բացի այդ, Հարությունյանը չի բավարարվել միայն ներողությամբ․ նա պահանջում է նաև հօգուտ իրեն բռնագանձել 3 մլն ՀՀ դրամ՝ որպես «վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում»:
Oragir.News-ի համար անհասկանալի է մնում՝ Արայիկ Հարությունյանը մասնավորապես որ դրվագով է վիրավորվել․ ինքը՝ Հարությունյանը ևս դատական հայցում այս մասով պարզաբանումներ չի ներկայացրել։
Ինչպես արդեն նշեցինք, մեր ծաղրանկարներում հանրային գործիչների արտաքին հատկանիշները չենք թիրախավորում, ուստի ակնհայտ է, որ այս մասով Հարությունյանը դժվար թե վիրավորվեր։ Կից ներկայացում ենք ֆրանսիական հեղինակավոր «Charlie Hebdo» ամսագրի կողմից հրապարակված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարները, որոնք ակնհայտորեն ծաղրում են թուրք առաջնորդի արտաքին հատկանիշները․ ծաղրանկարներից մեկում Էրդողանը մերկ է, մյուսում՝ առանց մազերի, մեծ քթով և այլն։ Համեմատելով Էրդողանի և Արայիկ Հարությունյանի ծաղրանկարները՝ ընթերցողի համար էլ է պարզ դառնում, որ ՔՊ-ական պաշտոնյայի արտաքին հատկանիշները չենք ծաղրել։


Նշեցինք՝ մեր ծաղրանկարում Արայիկ Հարությունյանի ձեռքին խաչ է պատկերված։ Չնայած Արայիկ Հարությունյանը ՔՊ-ական մյուս պաշտոնյաների նման չի հայտարարել, որ ինքն աթեիստ է կամ այլ կրոնի հետևորդ, այնուամենայնիվ մամուլում մեզ չհաջողվեց գտնել մի հրապարակում, որտեղ վերջինս կասեր, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է։ Այս դեպքում կասկած է առաջանում, որ գուցե Հարությունյանի ձեռքին խաչ պատկերելով՝ վիրավորել ենք նրա կրոնական զգացումները, ինչը, եթե համապատասխանում է իրականությանը, ապա պատրաստ ենք պաշտոնյայից հրապարակային ներողություն խնդրել։
Մյուս հանգամանքը, որից գուցե վիրավորվել է Հարությունյանը, ծաղրանկարի խորագիրն է՝ «Կուսադդումը»։ Այս դեպքում օգտագործել ենք գնահատողական արտահայտություն, որով մեր գնահատականն ենք տվել հոգևորականների կուսակրոնությունը ստուգելու պաշտոնյաների՝ տվյալ դեպքում Արայիկ Հարությունյանի ցանկությանը՝ այն համեմատելով դդումի հետ։ Այս դեպքում ևս զարմանալի է, թե ինչի հետ է իրեն ասոցացրել ՔՊ-ական պաշտոնյան և վիրավորվել, որի համար նա
Oragir.News-ից ներողություն և 3 մլն դրամ փոխհատուցում է պահանջում։ Այս դրվագով ևս պատրաստ ենք Արայիկ Հարությունյանից ներողություն խնդրել, եթե իհարկե վերջինս համապատասխան պարզաբանումներ ներկայացնի։
Չենք բացառում նաև այն վարկածը, որ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ հանրության լայն շերտերն իրեն ասոցացնում են դդումի հետ, և ենթադրել, որ «Կուսադդումը» արտահայտությամբ
Oragir.News-ը ևս նման համեմատություն է կատարել։ Ամենևին չունենալով նման միտում՝
Oragir.News-ը պատրաստ է ներողություն խնդրել «պարոն» Արայիկ Հարությունյանից, եթե, իհարկե, վիրավորել է նրա արժանապատվությունը։ Այս դեպքում հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն բանին, որ 2018-ի իշխանափոխությունից ի վեր բազմաթիվ հրապարակումներում Հարությունյանին նմանատիպ որակումներ են տրվել, սակայն ՔՊ-ական պաշտոնյան ոչ բոլոր դեպքերում է դրա հեղինակներին դատական պատասխանատվության ենթարկել։ Փաստացի նա այս դրվագով հանդուրժող դիրքորոշում է ցուցաբերել, ու եթե անգամ
Oragir.News-ն այս արտահայտությամբ ապրիորի նրան վիրավորել է, ապա այժմ խտրական վերաբերմունքի է արժանանում։ Վերահաստատում ենք, որ հիշյալ ծաղրանկարով դդումի հետ ենք ասոցացրել ոչ թե Արայիկ Հարությունյանին, այլ նրա ու մյուս ՔՊ-ականների վարած խելահեղ քաղաքականությունը, մասնավորապես՝ հոգևորականների կուսակրոնության վերաբերյալ վերջիններիս հայտարարությունները, իսկ պատկերավորությունը լիովին տեղավորվում է խոսքի ազատության սահմաններում։
Կարճ ասած՝ անորոշ է՝ ինչի՞ց է վիրավորվել «պարոն» Արայիկ Հարությունյանը՝ խաչի՞ց, թե՞ «Կուսադդումը» արտահայտությունից, որի համար նա
Oragir.News-ին դատի է տվել՝ պահանջելով ոչ միայն ներողություն խնդրել, այլև 3 մլն դրամ փոխհատուցում վճարել։ Նկատենք՝ եթե ՔՊ-ական պաշտոնյաների համար սա չնչին գումար է՝ մոտավորապես նրանց 1-2 ամսվա աշխատավարձը, ապա լրատվամիջոցի համար բավականին խոշոր գումար է, ինչի մասին շատ լավ գիտի նաև ինքը՝ Հարությունյանը։ Այս դեպքում արդեն ողջամիտ կասկած է առաջանում, որ նման գումար պահանջելով՝ նա նախևառաջ մեր լրատվամիջոցի բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակ է հետապնդում։
Փաստենք՝ եթե անգամ
Oragir.News-ի քննադատությունը կոշտ է եղել, որոշակի առումով էլ չափազանցված, այնուամենայնիվ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում անդրադարձել ենք հանրությանը մեծ անհանգստություն պատճառած մի հարցի և քննադատել բացառապես պաշտոնյայի հրապարակային գործողությունները։ Կարծում ենք՝ տվյալ դեպքում պաշտոնյաները, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը, պետք է ավելի մեծ զսպվածություն դրսևորեն և պատրաստ լինեն քննադատության, որը չի վիրավորում իրենց արձնական արժանապատվությունը վիրավորելու նպատակ չի ունեցել, հատկապես այն դեպքում, երբ բանջարեղենի՝ դդումի հետ ասոցացրել ենք ոչ թե Արայիկ Հարությունյանին, այլ նրա հայտարարությունները։
Բացի այդ, տվյալ դեպքում խոսքի ազատության պաշտպանությունն պետք է ավելի կարևոր է դասվի, քան հիշյալ պաշտոնյայի մասնավոր կյանքի պաշտպանությունը։ Գուցե մեկ այլ պարագայում հիշյալ ծաղրանկարը վիրավորանք համարվեր, սակայն այս դեպքում, երբ հաշվի ենք առնում դրա համատեքստը և այն իրողությունը, որ պաշտոնյան ինքը խախտում է այլ անձանց՝ այս դեպքում հոգևորականների մասնավոր կյանքի պաշտպանության իրավունքը, ապա գտնում ենք, որ
Oragir.News-ն էլ՝ որպես լրատվամիջոց, հաստատապես իրավունք ունի այդ պահվածքը քննադատել, այդ թվում՝ նման տարբերակով։
Հավելենք նաև, որ
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև մի շարք հեղինակավոր իրավաբանների ու միջազգային իրավուքի մասնագետների հետ, ովքեր մեր ծաղրանկարում որևէ վիրավորանք չնկատեցին և կարծիք հայտնեցին, որ արդար դատավարության դեպքում Արայիկ Հարությունյանը պարտվելու է։ Վերջիններս վստահ են՝ եթե անգամ ներպետական ատյաններում հօգուտ Արայիկ Հարությունյանի վճիռներ կայացվեն, ապա վերպետական ատյանները, մասնավորապես՝ ՄԻԵԴ-ը, խոսքի ազատությունն ավելի վեր կդասեն ու կբեկանեն Հարությունյանի օգտին կայացրած որոշումները։
Դավիթ Գույումջյան