Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով լրագրող Վահե Մակարյանին և նրան անվանելով «դեգեներատ»:
«Այդ դեգեներատին ասեք, որ կրակը չենք ընկել, որ 8-րդ դասարանի ծրագրից գիրքա կարդացել։ Հինգ տարի է՝ ում տեսնում, հարցնում է՝ «Անասնաֆերմա»-ն կարդացե՞լ եք։ Բա որ սա Օրուելի «1984»-ը կարդացած լիներ, կամ Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տիրակալը» կարդար, հիմա իր շեֆի պես մի լուրջ պաշտոնի կլիներ»,- գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ դեռ երեկ լրագրողը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց էր ուղղել՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա կարդացել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։
Oragir.News-ը այս թեմայով զրուցեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ։
Վերջինս նշեց, որ Սիմոնյանի օգտագործած բառապաշարը բնորոշ է գործող իշխանություններին:
«Դե նմանը նմանին կգտնի։ Փաշինյանն էլ, ինքն էլ նույն լեքսիկոնն ունեն, մի քիչ ավելի, մի քիչ պակաս՝ մեծ հաշվով տարբերություն չկա։ Վահե Մակարյանը այն լրագրողներից է, որ կդիմի դատարան, որովհետև չափերը շատ են անցնում․ անթույլատրելի բառապաշար է։ Բայց ի՞նչ սպասես մարդկանցից, որոնք կարող են արցախցիներին վիրավորել, մարդկանց տնավեր դարձնել։ Քաղաքացու վրա թքի, մայրը միջնամատ ցույց տա, հայհոյանք հնչեցնի քաղաքացիների դեմ, իր շեֆը հրաման արձակի զոհվածների մայրերին Եռաբլուրի աստիճաններով քաշ տալ։ Ու ի՞նչ սպասես նրանցից, որոնք թքած ունեն Բաքվի բանտերում գերության մեջ գտնվող հայերի վրա։ Ի՞նչ սպասես մարդկանցից, որոնք վախենում են ձայն հանել Ալիևի մոտ ու տասն անգամ ծալվում են՝ հնարավորինս քծնելու համար։ Ի՞նչ սպասես նրանցից․ բառապաշարը փոքրագույնն է։ Ոչինչ, ժամանակը կգա, քաղաքացիները հասկացել են, տեսել են։ Վստահ եմ, Վահե Մակարյանն էլ հակահարված կտա։ Բայց ի՞նչ ենք ուզում իշխանությունից, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկն Ալեն Սիմոնյանն է։ Սա արվում է, որպեսզի շեֆի աչքին ավելի լավ երևա։ Հիմա մրցավազք է՝ ով ավելի տականք կլինի։ Չեմ զարմացել, նոր բան չեմ բացահայտել»,- ասաց Սեյրանյանը։
Չնայած նրան, որ Ալեն Սիմոնյանի գրառումը փաստացիորեն ակնարկ էր ուղղված Վահե Մակարյանին, լրագրողը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ չի համարում դա իր մասին հրապարակում:
«Ալեն Սիմոնյանն իմ մասին հրապարակում չի արել, չի էլ կարող անել։ Ես իմ մասին հրապարակում չեմ տեսել։ Իր որևէ գրառման մեջ այսքան ժամանակ Ալեն Սիմոնյանը ինձ չի անդրադարձել։ Կարծում եմ՝ չի էլ կարող անդրադառնալ։ Եթե համարձակությունը հերիքի ու անդրադառնա, թող կանգնի դեմս․ պատասխանը կստանա»,- ասաց Մակարյանը։