Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:43 01-09-2025

Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի ջերմ շփումը, Փաշինյան-Ալիև բանավեճը, Սրբազանի ուղերձը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 1-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի ու դպրության օրը։ Օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ՝Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը գիտելիքի, գրի եվ դպրության օրվա առիթով։ «Սիրելի աշակերտներ և ուսանողներ, այսօր ձեզ համար սկսվում է եռանդուն աշխատանքի, գիտելիքների յուրացման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման ևս մեկ շրջան: Հայրական Մեր պատգամն է ձեզ, որ ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարող լինեք ամբարած ձեր գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին: Ուժ ու եռանդ ենք մաղթում մանկավարժներին՝ իրենց սաներին առաջնորդելու դեպի գիտության ու ճանաչողության հրաշալի աշխարհ, կրթելու նրանց Սահակ-Մեսրոպյան ոգով, որ հասակ առնեն որպես մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր պետության պատասխանատու քաղաքացիներ։ Մեր աղոթքն է, որ Բարին Աստված խաղաղ պահի հայրենի մեր երկիրն ու ժողովրդին ի սփյուռս աշխարհի։ Թող Տերը Իր շնորհներով հոգու պայծառություն և ուշիմ միտք պարգևի մեր բոլոր զավակներին և առատորեն օրհնի ուսման ու կրթության գործի նվիրյալների ջանքերը: Օրվա առթիվ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ ևս շնորհավորական ուղերձներ են հղել աշակերտներին՝ երկրորդելով Նիկոլ Փաշինյանի այն կոչը, որ լավ ապրելու համար անհրաժեշտ է լավ սովորել։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու երկրների կառավարությունների տարածած նույն հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։ Հաղորդվում է, որ Փաշինյանն ու Ալիևը ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին, ասված է հաղորդագրությունում: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը, ասված է հաղորդագրությունում: Փաշինյանը և Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

Ավելի ուշ կայացել է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումը, որին մասնակցել են ինչպես Փաշինյանը,այնպես էլ Ալիևը, ով հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մոտ ապագայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-հարավ միջանցքի մեկ այլ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանըհայտարարել է, որ Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, որի օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը։ «Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել, որ Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակում ՀՀ–ն և ԱՄՆ–ն կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ ՀՀ–ն ր ԱՄՆ–ն ստորագրեցին երկկողմ հուշագիր այդ նախագիծը զարգացնելու և այդ նախագծում ներդրումներ անելու ուղղությամբ: Ես վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին, և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել»,– ասել է Փաշինյանը: Նա հավելել է նաև, որ այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ներպետական, երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն ՇՀԿ անդամ բոլոր երկրների համար։

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը Չինաստանում ջերմ հանդիպումներ և շփումներ է ունեցեկլ Ադրբեջանի և Թուրքիայի առաջին տիկնանց հետ։ Լուսանկարները հրապարակել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հատկանշական է, որ Աննա Հակոբյանն իր էջերում հրապարակել է թե՛ լուսանկարներ, թե՛ տեսանյութեր, սակայն Մեհրիբան Ալիևայի հետ առանձին ջերմ լուսանկարները հրապարակել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Մասնակցեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին տիկին Պենգ Լիյուանի ընդունելությանը: Այնուհետև ունեցանք նավով շրջայց Հայհե գետի երկայնքով` ծանոթանալու Թիենծին քաղաքի տեսարժան վայրերին»,- լուսանկարներին կից գրել էր։ Հիշեցնենք՝ դեռևս 2019-ի դեկտեմբերի 4-ին Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել էր Արցախ և մասնավորապես Շուշի՝ մուղամ լսելու և թեյ խմելու։ Ադրբեջանի առաջին տիկինն ընդունեց Աննա Հակոբյանի հրավերը և 2021 թվականի հունվարին այցելեց Շուշի՝ այն բանից հետո, երբ բերդաքաղաքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետևքանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։

Մանրամասները՝ տեսանյութում: