Չնայած՝ ՀՀ-ն անկախացել է ԱՄՆ-ի շնորհիվ՝ Սառը պատերազմում Արևուտքի հաղթանակի արդյունքում, ԱՄՆ-ն է Հայաստանի անկախության ամենաջերմ պաշտպանն ու ՀՀ ինքնիշխանության, անվտանգության իրական երաշխավորն արտաքին աշխարհում, ԱՄՆ-ն է առաջին երկիրը, որի հետ Հայաստանը երկկողմ համաձայնագիր է ստորագրել, Հայաստանն ԱՄՆ-ից է ամենամեծ ֆինանսական օգնություն ու դրամաշնորհներ ստանում, բայց հայ-ամերիկյան գործընկերությունը այդպես էլ լուրջ չի դառնում։
Այսօր ավարտվում են օգոստոսի 12-ից սկսված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժության հիմնական նպատակներն են՝ խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում, կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում, ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:
Սա հայ-ամերիկյան գործակցության ամենալուրջ ձևաչափն է։ ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին ՀՀ-ն, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր, չի մասնակցում 2018-ից։ 2018-2022-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր, հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր» ձևաչափով էլ զորավարժություններ չէին անցկացվում։ Այդ շրջանում ՔՊ-ն ինքնամոռաց սպասարկում էր ռուսական շահեր, ինչն էլ հանգեցրեց ազգային մեծ պարտությունների և ողբերգությունների։
Այսօր իրավիճակը, կարծես՝ փոխվել է։ Ոմանց կարծիքով՝ Հայաստանը կարող է ընդլայնել, զարգացնել ԱՄՆ-ի հետ գործընկերությունը, սակայն բավարարվում է «Արծիվ գործընկեր» ձևաչափով։ Ոմանք էլ կարծում են, թե սա հնարավորի սահման է, Փաշինյան-Պուտին պայմանավորվածություններ, իբր, թույլ չեն տալիս ավելի խորացնել հայ-ամերիկյան գործակցությունը։ Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը 2018-ին ռուսների աջակցությամբ հեղաշրջում իրականացնելու ժամանակ և հաջորդիվ ռուսներին խոստացել է անխախտ պահել հայ-ռուսական օրակարգը։ Եվ այդ է պատճառը, որ հայ-ամերիկյան գործակցությունը չի լրջանում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ օգոստոսի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը զրուցել է ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։
Դեսպանությունից չեն հայտնում, թե ինչի՞ մասին է զրուցել դեսպանը ծագումով հայ ամերիկացի զինվորների հետ։ Սակայն հանրային խոսույթում ասեկոսեներ են տարածվում, որ լուրջ զրույց է եղել։ Ասում են, թե դեսպան Քվինը նրանց հետ զրուցել է հայ-ամերիկյան գործընկերության զարգացման պոտենցիալի և հեռանկարների մասին։ Եվ հայկական ծագումով ամերիկացի զինծառայողները դեսպանին պատմել են, որ այս օրերին շփվել են հայ զինծառայողների հետ, պարզել վերջիններիս դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ Նրանք դեսպանին հայտնել են, որ հայ զինվորները ռուսոֆիլ չեն, ռուսներին դաշնակից չեն համարում, ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն։ Այսինքն՝ պաշտպանական, անվտանգային հարցերում հայ-ամերիկյան գործակցությունը զարգացնելու սոցիալական խոչընդոտներ չկան։
Կարճ ասած՝ հայ-ամերիկյան գործակցության զարգացման հնարավորություն կա։ Մնում է Նիկոլ Փաշինյանը մարդասիրական խիզախություն դրսևորի, չգերադասի ռուսական շահերը, չվախենա Մարիա Զախարովայի սպառնալիքներից, դադարի գործել պետության և ժողովրդի դեմ և գործուն քայլեր անի ազգային անվտանգության, պաշտպանության հարցերում Հայաստանի իրական, քաղաքակրթական, ազնիվ դաշնակիցների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։
Թաթուլ Մկրտչյան