Ներքին 1 տարի առաջ - 09:15 18-08-2025

Անսիրտ, անհոգի, ապուշ. Փաշինյանը նորից վիրավորում է ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անհարկի շահարկումներ անել, լրջորեն վնասելով ժողովրդի հոգեբանությունը։

«Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար և 41 հազար հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում»,- օգոստոսի 17-ին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ կապ ունեն համերգները խաղաղության ցնծության հետ։

Այսօրինակ անհարկի շահարկումների ազդեցությամբ՝ մարդիկ կարող են կորցնել ողջամտությունը, հիմարություններ դուրս տալ, դյուրագրգիռ դառնալ, անտեղի կոնֆլիկտներ ունենալ մերձավորների, շրջապատող մարդկանց հետ։ Գուցե Փաշինյանը միտումնավո՞ր է մարդկանց կտրում իրականությունից, որ հետո կոնֆլիկտներ հրահրի նրանց միջև։

Հայաստանում միշտ էլ կազմակերպվել են համերգներ օրվա հայտնի, սիրված արտիստների մասնակցությամբ։ Շոու բիզնեսի աշխարհի մարդիկ դրանով են ապրում։ Նախընտրական շրջանում համերգները քաղաքական աստառ ունեն։ Տոնական օրերին, օրինակ՝ Սեպտեմբերի 21-ին, Մայիսի 28-ին, կազմակերպվող համերգներով փորձ է արվում հանրության ուշադրությունը սևեռել տոնի խորհրդին, տվյալ դեպքում՝ անկախության գաղափարին։ Այս բոլոր համերգների ժամանակ էլ հանդիսատեսը ցնծում է։ Կազմակերպիչների խնդիրը հենց այդ է՝ այնպես անել, որ հանդիսատեսը իրապես վայելի, հաճույք ստանա համերգից, ներկայացումից։

Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանն այսօրինակ շահարկում անելով, փորձում է ստեղծել պատրանք, թե ժողովուրդն անտարբեր չէ։ Փաշինյանը ժողովրդին խաղաղություն է բերել, և ժողովուրդը ցնծում է։ Որոշ քննադատներ, ընդդիմադիր ուժեր, ընդդիմախոսներ Փաշինյանի քայլերը որակում են պարտություն, նոր կապիտուլյացիա, զիջում, ապապետական, հակաժողովրդական և այլն։ Սակայն Փաշինյանը, կարծես՝ փորձում է ցույց տալ, թե ժողովուրդը գնահատում է խաղաղության հաստատմանն ուղղված իրական քայլերն ու ցնծում է։

Փաշինյանի սխալ քաղաքականության արդյունքում Արցախը դատարկվեց, հայերը բռնի տեղահանվեցին Արցախից։ Ազգային այս մեծ ողբերգության պատճառով՝ Սնուփ Դոգի համերգը չեղարկվեց։ Չեղարկվեցին նաև տեղական արտիսների բազմաթիվ այլ համերգներ։ Այսօր այդպիսի մեծածավալ, նոր ողբերգություններ չկան։ Սակայն մարդկանց ցավը, վիշտը, կորուստը թարմ են։ Եվ խաղաղությունը մարդկանց մոտ ցնծություն չի առաջացնում, քանի որ ասոցիացվում է մարդկային և նյութական կորուստների՝ Արցախից բռնի տեղահանության, հայրենի տների լքման, հազարավոր մարդկային զոհերի, ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածների բռնազավթման, և այլ ծանր բաների հետ։ Այս ամենն անտեսել, մոռանալ հնարավոր չէ։ Ավելին՝ անսիրտ, անհոգի, անխիղճ, ապապետական մտածողություն ունեցող մարդը կարող է այս ամենը մի կողմ դնել, մոռանալ ու լիաթոք ուրախանալ, ցնծալ։

Կարճ ասած՝ Փաշինյանի այս գրառումը հիմք է տալիս ենթադրելու, որ նա շարունակում է նույն հակաժողովրդական ուղին, ստեղծում է պատրանք, թե իր ժողովրդականությունը զուտ վարչական ռեսուրսը չէ, այլ օբյեկտիվ հիմքեր էլ կան, իբր՝ ժողովուրդը ճնշված չէ ծանր պարտությունների ու զիջումների տակ, այլ ցնծում է։ Այսպիսի բան հնարավոր է միայն այն պարագայում, երբ ժողովուրդն անտարբեր է, ապապետական մտածողությամբ է առաջնորդվում, պետության, հայրենիքի, ազգի մասին չի մտածում, այլ միայն հաճույքների, վայելքների, համերգների։ Այս առումով՝ Փաշինյանն այս գրառմամբ, կարծես՝ վիրավորում է ժողովրդին, ներկայացվելով նրան որպես անսիրտ, անհոգի, ապուշ, որը կորցրել է հիշողությունը, մոռացել է ՔՊ-ական իշխանությունների աղետալի սխալներն ու հիմա ցնծում է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել