Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրված հայ-ադրբեջանական հռչակագրի, երկու երկրների ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագրի, տարածաշրջանային ու ներքաղաքական զարգացումների վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է պոլսահայ լրագրող և գրող Վերջիհան Զիֆլիօղլուի հետ․
– Տիկին Զիֆլիօղլու, օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախաստորագրվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը, և կողմերը համաձայնության եկան, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը կկոչվի «Թրամփի ուղի»։ Ինչպե՞ս եք գնահատում այս համաձայնությունները, ըստ Ձեզ՝ դրանք կարո՞ղ են տարածաշրջանում իրական խաղաղություն ապահովել։–Ես կցանկանայի Ձեր հարցի պատասխանն այսպես սկսել․ մի քանի տարի առաջ ես Երևանում հայկական մամուլին մասնագիտական մեկնաբանություններ էի տալիս։ «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերի ժամանակ ես ասացի․ «Դուք, կարծես թե ապրում եք դրախտանման օազիսում՝ անտեղյակ աշխարհում և տարածաշրջանում առկա լարվածությունից։ Սակայն վտանգն այն է, որ տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունները արագորեն փոխվում են։ Մոտ ապագայում Հայաստանը կվերածվի խորհրդանշական փոքրիկ երկրի, որի կենտրոնը կլինի Երևանը։ Աշխարհը նման երկրի կարիք չի ունենա, քանի որ այն լոգիստիկ արժեք չի առաջարկում»։
Երբ ես այս հայտարարությունն արեցի, Դաշնակցության առաջնորդներից մեկն իմ մասին բազմաթիվ հայտարարություններ արեց։ Ամիսներ շարունակ իմ էլեկտրոնային փոստում ագրեսիվ հաղորդագրությունների տարափ էր։ Նրանք նույնիսկ այնքան հեռու գնացին, որ ներխուժեցին իմ ինքնության մեջ։ Այնուամենայնիվ, որպես մասնագետ, ես ուզում էի կիսվել իմ դիտարկումներով, քանի որ ես հետևում եմ տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականությանը՝ հենց հողի վրա։
Գալով բուն հարցին՝ ասեմ, որ ես Թրամփի այս նախաձեռնությունն ընդունեցի որպես մեծ անակնկալ։ Ես սպասում էի, որ սեղանի շուրջ կլինեին Թուրքիան և Ադրբեջանը։ Այս նախաձեռնությամբ Թրամփի Ամերիկան Ռուսաստանին իր դեմ է հանում, նավթով հարուստ Ադրբեջանին էլ պահում իր կողքին։ Թուրքական մամուլում մեկնաբանում են, որ այս զարգացումները Հայաստանի օգտին են։ Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ այսպիսով Հայաստանը վերածվելու է ավելի մեծ նախագծի աննշան մի մասի, քանի որ տարածաշրջանում առկա լարվածությունը կտրուկ և արագորեն փոխվում է։ Չմոռանանք նաև, որ անմիջապես ներքևում գտնվում է Իրանը։
Կարևոր է նաև այն, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն ամիսներ շարունակ քննարկվել և քննարկվում է Թուրքիայում։ Ավելին՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ այն ներկայացվում էր որպես «Մետաքսի ճանապարհի» նախագիծ, որն այսպես ասած միավորելու էր թյուրքական աշխարհը։ Բայց հիմա Թրամփի Ամերիկան է ասպարեզում։
Ես կարծում եմ, որ Ռուսաստանը շատ մոտ ապագայում տարածաշրջանում թեժ քայլեր կձեռնարկի։
Կարճ ասած՝ նույնիսկ անզեն աչքով պարզ է, որ Հայաստանը չի շահում այս նախագծից։
– Հայաստանում շատերը պնդում են, որ «Թրամփի ուղին» իրականում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որը վերջին տարիներին պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը, և որը խախտում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ, թե՞ այս երկուսի միջև տարբերություններ այնուամենայնիվ առկա են։– Թրամփի Ամերիկան ներկայումս աշխարհի ամենաշատ քննարկվող երկիրն է: Իրականում Ամերիկան կորցնում է իր ուժեղ դիրքերը համաշխարհային կոնյուկտուրայում: Թրամփն առաջին հերթին գործարար է, և, հետևաբար, նրա գործընկերը նավթով հարուստ Ադրբեջանն է: Վերջին տարիներին Ադրբեջանը տարածաշրջանում զգալի ազդեցություն ունեցող երկիր է դարձել Հետևաբար, ավելի լայն պատկերին նայելով՝ պետք է ասենք «Զանգեզուրի միջանցք»-ի շահողը Հայաստանը չի լինի։
Իհարկե մյուս կողմում էլ Ռուսաստանն է։ Ռուսաստանը թույլ չի տա, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում խոշոր դերակատար դառնա։ Չմոռանանք, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը նախկին խորհրդային հանրապետություններ են։
Այս տեսանկյունից Իրանն էլ բավականին անհանգիստ է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։ Հենց դրա համար էլ Թեհրանը հաճախակի է բարձրաձայնում իր դժգոհությունները՝ սահմանների փոփոխության հարցում։
Իմ մասնագիտական դիտարկումն այն է, որ Զանգեզուրի նախագծի հետևանքով Հայաստանը շատ հեռավոր ապագայում կարող է լուրջ խնդիրների բախվել։ Իրականում, այս նախագիծը կարող է նույնիսկ չապահովել իր նախատեսած արդյունքները։
Ես նաև կցանկանայի հավելել, որ Հայաստանն իր անվտանգությունը հանձնել էր Ռուսաստանին՝ չգիտեմ քանի տարով։ Փաշինյանի իշխանությունը, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ թիկունքով շրջվել էր Ռուսաստանին, վերջինիս քննադատում էր և դժգոհում՝ չաջակցելու համար։ Հիմա «Թրամփի ուղիով» նա «Զանգեզուրի միջանցքն» 99 տարով զիջում է Միացյալ Նահանգներին։ Ես կցանկանայի հարցնել՝ Հայաստանն իսկապե՞ս անկախ երկիր է։
Հայաստանը Թուրքիան չէ։ Ես սա ասում եմ այս տեսանկյունից․ Թուրքիան համաշխարհային կոնյուկտուրայում կարևոր դերակատարում ունեցող երկիր է։ Ավելին՝ Թուրքիան զբաղեցնում է ռազմավարական կարևոր աշխարհագրական դիրք, ունի ռազմական հզորություն։ Այսպիսով, եթե դիտարկենք այս բոլոր տեսանկյուններից, ի՞նչ փաստարկ ունի երիտասարդ Հայաստանը՝ պետություն դառնալու ճանապարհին։
– Փորձագետների կարծիքով՝ այս համաձայնագիրը տարածաշրջանում էլ ավելի կթուլացնի Ռուսաստանի և Իրանի դիրքերը: Ըստ Ձեզ՝ Մոսկվան և Թեհրանը կհամակերպվե՞ն այս իրողությունների հետ, ցանկության դեպքում նրանք կարո՞ղ են խոչընդոտել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:– Իրանի մասին շատ դժվար է որևէ բան ասել, քանի որ այդ երկիրն, այսպես ասած, եռացող կաթսայի սրտում է։ Իրանը կա՛մ կմնա խոշոր տերություն, կա՛մ համաշխարհային կոնյուկտուրան Իրանում նոր մի փոխակերպում կառաջացնի։ Անկասկա՛ծ է՝ տարածաշրջանում կլինեն մեծ փոփոխություններ։ Մենք բոլորս մտահոգությամբ էինք հետևում մի քանի շաբաթ առաջ բռնկված կարճատև պատերազմին։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նույնիսկ Ուկրաինայի պատերազմում նրա դիրքորոշմանը նայելը շատ բան է բացահայտում։ Եթե շատ պարզ ասենք, ապա Ռուսաստանը իրականում պայքարում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Միացյալ Նահանգների և Եվրամիության դեմ։ Այսպես ասած՝ ծավալվում է պոստմոդեռն Երրորդ համաշխարհային պատերազմը։ Ես, անշուշտ, չեմ կարծում, որ Ռուսաստանի ձեռքը կթուլանա, ընդհակառակը՝ կարծում եմ, որ տարածաշրջանում ցավոտ զարգացումներ կլինեն։
Դժբախտաբար, հայաստանցի փորձագետները համաշխարհային քաղաքականության զարկերակի վրա իրենց մատը միայն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների և սահմանների հարցի վրա են պահում, և ցավոք սրտի նրանք հաշվի չեն առնում ավելի լայն պատկերը։ Այնուամենայնիվ, ներկայիս պատկերը հստակորեն ցույց է տալիս, որ հորիզոնում այլ զարգացումներ են սպասվում։
– Թուրքիան պաշտոնապես ողջունեց Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր է խաղացել թուրքական կողմը այս գործընթացում, և ձեռք բերված համաձայնություններն ինչպե՞ս կազդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, ի վերջո Թուրքիան ե՞րբ կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, կբացի պետական սահմանը, որը 1993 թվականի ապրիլից ի վեր փակ է պահում։– Հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել փակ դռների հետևում։ Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ Թրամփի Ամերիկայի և Թուրքիայի միջև հարաբերությունները, կարծես, ճիշտ ուղու վրա են։ Այս պահին Թրամփը, ըստ էության, Ամերիկային վերածում է հիմնական դերակատարի։ Նախագծի (միջանցքի-խմբ․) թեքումն Ամերիկայի օգտին քննադատեց նախագահ Էրդողանի գլխավոր հակառակորդ ՀԺԿ (Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական–ժողովրդական կուսակցությունը-խմբ․) առաջնորդ Օզգյուր Օզելը՝ պնդելով, որ Թուրքիան իր դիրքերը զիջում է ԱՄՆ-ին։
Ներկայումս նախագծից շահում են ԱՄՆ-ն և Ադրբեջանը․․․
Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա նշեմ՝ ես «Ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացին հետևել եմ սրտից, եղել եմ թե՛ Անկարայում, թե՛ Երևանում, թե՛ Բուրսայում։ Անձամբ ես ականատես եմ եղել Սարգսյանի և Գյուլի հանդիպումներին, և այն ժամանակ նպատակը սահմանների բացումն էր՝ մի քանի ամսվա ընթացքում, սակայն դա տեղի չունեցավ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր անցած շաբաթվա հայտարարությամբ Հայաստանից որպես վերջին քայլ պահանջեց փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, սակայն եթե անգամ այս ամենը տեղի ունենա, ես չեմ ակնկալում, որ սահմանները մոտ ապագայում կբացվեն։
– Հայաստանում 2026 թվականի հունիսին խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Ըստ Ձեզ՝ նախքան այս ընտրությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում առաջընթաց կարո՞ղ է գրանցվել։– Չմոռանանք, որ Թուրքիայում առկա է արտահերթ ընտրությունների գնալու հավանականություն։ Առնվազն սա է ներկայիս միտումը․ մեծ հեռատեսություն պետք չէ՝ մտածելու համար, որ Փաշինյանը կրկին կհաղթի Հայաստանում 2026 թվականին սպասվող ընտրություններում: Այս պահին, հնարավոր է՝ Ռուսաստանի միջամտությունը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը։
Ես կարծում եմ, որ Թուրքիա-Հայաստան, հետևաբար նաև Ադրբեջան հարաբերությունները և սահմանների հարցն այլևս արդեն ոչ թե երկու երկների, այլ հենց տարածաշրջանի խնդիրն են։
Հետևաբար՝ արդյունքը համաշխարհային կոնյուկտուրայի հակասությունները կորոշեն։ Տարածաշրջանի ապագայի տեսանկյունից առաջիկա ամիսներին կարևոր կլինի նաև Ռուսաստանի դիրքորոշումը, ուստի՝ կարևոր է շատ ուշադիր հետևել զարգացումներին։
– Մենք նաև գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը վերջին ամիսներին կտրուկ անկում է ապրել, և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցումներով այն կազմում է 13 տոկոս։ Ինչ եք կարծում՝ այս իրավիճակում վաշինգտոնյան համաձայնագրերը կամրապնդե՞ն նրա դիրքերը և կօգնե՞ն նրա կուսակցությանը՝ ՔՊ-ին, հաղթել հաջորդ տարվա ընտրություններում։– Մենք՝ սովորական մարդիկ, գնում ենք ընտրությունների՝ մեր ժողովրդավարական իրավունքներն իրացնելու համար, սակայն մյուս երկրների ճակատագրերը, բացառությամբ արևմտյան մեծ տերությունների, որոշվում են համաշխարհային կոնյուկտուրայում։
Մոտ 15 տարի առաջ, երբ Փաշինյանը քաղբանտարկյալ էր, ես մի շարք հոդվածներ գրեցի նրա մասին։ Ես նույնիսկ հարցազրույց վերցրի նրա կնոջից՝ Աննա Հակոբյանից։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ես պատահաբար գտնվում էի Երևանում, և եթե այն ժամանակ ինձ ինչ-որ մեկն ասեր, որ Փաշինյանը կգա իշխանության, ես, անշուշտ, չէի հավատա, բայց տա տեղի ունեցավ։
Կարծում եմ՝ հաջորդ տարվա ընտրությունների ճակատագիրը Ռուսաստանը կորոշի։ Դրանք կլինեն վիճելի ընտրություններ, բայց հակառակորդ դաշինքը՝ Թուրքիան և Ադրբեջանը ամեն ինչ կանեն՝ Փաշինյանի իշխանությունը պահելու համար։
Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան