Երևան քաղաքը տարիներ ի վեր չունի գլխավոր դենդրոլոգ։ Այդ պաշտոնը թափուր է․ որոշումներ կատարողը ՀՈԱԿ-ն է։ Ստացվում է` որոշումներ են կայացվում՝ առանց վերահսկողություն իրականացնելու։ Այսօր ՀՈԱԿ-ն է որոշում կամ ընտրում, թե որ ծառն է հատման ենթակա, հետո հատում է, պահեստավորում: Այստեղ շղթայական գործողություններ են, որոնք կատարվում են մի կառույցի կողմից՝ առանց որևէ վերահսկողության:
Այս մասին սոցիալական ցանցերում պարբերաբար ահազանգում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։
Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ տիկին Վարդանյանը խոսեց ամառվա այս տապին ծառերի սակավության, դրանց բացակայության, առհասարակ մարդու առողջության վրա նրանց դերի մասին։ Բնապահպանի կարծիքով՝ Երևանի կենտրոնում հատված ծառերը պատճառ դարձան, որ դրանց կարծր մակերեսները ավելի շատանան:

«Եթե ծառը ստվեր էր գցում՝ թույլ չտալով՝ ասֆալտը և շենքի ֆասադները տաքանան, ինչպես նաև գումարային ջերմաստիճանը քաղաքում ավելանա, հիմա մենք այդ պաշտպանությունից զրկվեցինք և զրկվեցինք տարիներ»,- ասաց նա՝ շեշտելով, որ եթե նույնիսկ բոլոր թեղիները Երևանում ունենային խնդիր, ապա միևնույն է, փողոցների ծառերը զանգվածաբար հատելն անմտություն էր։
«Ամենածանր վիճակում գտնվող, բնապահպանական խնդիրներով լեցուն հատվածը Երևանի կենտրոնն է։ Էստեղ են հիմնական խցանումները, էստեղ են գերկառուցված քաղաքի ամենաբարձր շենքերը, աղմուկի բարձր մակարդակն այստեղ է, ավտոմեքենաներով պայմանավորված՝ այստեղ ունենք արտանետումների բարձր մակարդակ և այլն: Մենք, ուղղակի, պաշտպանության առաջին շերտը, այսինքն՝ կանաչապատումը քաղաքի, վերցրեցինք, հատեցինք, իսկ կոմունալ հիգիենայի տեսանկյունից, եթե նայում ենք տվյալ ձևով կանաչապատմանը, այն ուղղակի ահռելի վտանգ է ներկայացնում»,- նշեց բնապահպանը։
Բնապահպանական խնդիրներով զբաղվող Ավագանու անդամի խոսքով՝ Քաղաքապետարանը, հղում անելով ավագանու 36 որոշմանը, գտել էր, որ ծառահատման-կանաչապատման ամբողջական ծրագիրը կարող էր իրականացվել առանց շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցության, ինչը, ի դեպ, հակասում էր բանապահպանության փորձաքննության մասին պետության օրենքին։
«Տասնյակ տարիներ զրկվում ենք ստվերից, իսկ գիտական աշխատանքները փաստում են, որ ծառածածկ տարածքներում ասֆալտի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 70 աստիճան, իսկ օրինակ՝ կաղնիով ծածկված տարածքներում՝ մինչև 40 աստիճան։ Տարբեր ծառատեսակների պարագայում մենք ունենք տարբեր ջերմաստիճաններ․ օրինակ՝ թթենիի պարագայում 41 աստիճան ջերմություն ենք ունեում»,- բացատրում է մեր զրուցակիցը՝ ցավ հայտնելով, որ տասնյակ տարիներ չենք ունենալու նաև բարձրացրած խնդրի լուծումը։
Բնապահպանը խոսեց ևս մեկ խնդրի մասին․ բոլոր այն ծառատեսակները, որոնցով փոխարինվել են հատված թեղիները, երբևէ Երևանի փողոցներում չեն տնկվել, նրանց դիմացկունությունը շատ ցածր է, և դժվար թե կարողանան երկար գեղեցկացնել Երևանի փողոցները։
«Մենք բերեցինք այնպիսի ծառատեսակներ, որոնք շատ ջերմասեր են։ Ալեք Մանուկյան փողոցի վրա տնկած ծառերի մասին է խոսքը։ Եթե, օրինակ, Երևանում լինի -25 և դա տևի, ասենք մի տասը օր, բոլոր ծառերը կորցնելու ենք, որովհետև այդ ծառերը մեր տարածաշրջանի համար չեն»,- բացատրեց նա՝ նշելով, որ Երևանը շատ լուրջ խնդիրների է բախվել։
Տիկին Վարդանյանի խոսքով՝ եթե իրականցվում են նման զանգվածային ծրագրեր, չի կարելի ուղղակի նայել և ասել, որ այս փողոցի ծառերը պիտի կտրել, որովհետև, ըստ նրա, այդ ծառերը տարբեր ժամանակներում տնկված ծառեր են, դրանցից ոչ բոլորն էին հիվանդ։
«2020-ից ի վեր, այդ ծառերի նկատմամբ անընդհատ բուժման աշխատանքներ են տարվել, և հիմա գտնվում են իդեալական վիճակում, ինչը չի կարելի ասել կաղնիների մասին։ Ամբողջ Երևանով արդեն 4-րդ տարին է՝ ունենք զանգվածային վարակ․ ոչ մի բան չի արվում։ Սրսկումները սկսվում են մայիսի վերջից, այնինչ պետք է սկսվեին ապրիլին՝ տերևները բացվելուն պես։ Թեղիների մասով՝ մենք արդեն հաղթահարել էինք խնդիրը և ծառերը պետք էր պահել, իսկ իրենք վերցրեցին ու հատեցին ծառերը՝ առանց որևէ հետազոտության»,-մեզ հետ զրույցում ցավ հայտնեց բնապահպանը։
Հարցին՝ արդյոք ամառվա այս տապին արևի կիզիչ ճառագայթներն ի՞նչ բացասական հետևանքներ կունենան մարդու օրգանիզմի, նրա մաշկի վրա, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այն տարածքները, որոնք ծածկված չեն ծառերով և բաց են, ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը 3-10 անգամ ավելի բարձր է։ Այդ ճառագայթները բնույթով քաղցկեղածին են, և ամենավտանգավոր էֆեկտներից մեկը կատարակտն է, որը կարող է կուրություն առաջացնել, այն նաև մաշկի քաղցկեղի զարգացման թիվ մեկ պառճառն է հանդիսանում, և դա ապացուցված է»։