«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային»,- գրում է Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ոգևորվել է, որ ամառվա անտանելի շոգին հազարավոր մարդիկ մեկնել են Սևան կամ մասնակցել են Վարդավառին։
Ո՞ւմ է նյարդայնացնում բարեկեցության աճը, և ինչի՞ կարող է հանգեցնել այն։
Այսպիսով՝ Փաշինյանի գրառումներից կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում շոգն ուղղակի ազդում է մարդկանց բարեկեցության վրա։ Ինչքան շոգ է լինում, մարդիկ այնքան հարուստ են դառնում։ Հետևաբար՝ եթե 2026-ին Փաշինյանը պարտվի, ապա կարող է վարչապետ նշանակվել աֆրիկյան որևէ ֆորպոստում ու մարդկանց համոզել, որ Աֆրիկան ամենահարուստ մայրցամաքն է։
Իհարկե, նորմալ է, որ մարդիկ շոգին մեկնում են հանգստան գոտիներ, Սևան և այլն։ Եթե չգնային, ապա կարելի էր մտածել, որ ինչ-որ լուրջ բան խախտվել է մարդկանց մտածողության մեջ։ Իսկ ի՞նչ կապ ունեն հրապարակված թվերը Փաշինյանի հետ։ Ենթադրելի է, որ նա այսպիսիով ուզում է ակնարկել, թե Սևանում հուլիսի 27-ին հանգստացող 50 հազարը կամ Վարդավառին մասնակցած 160 հազարը իր հետ կապ ունեն, իր համակիրներն են, իր ընտրողները, ինքն է նրանց ասել, որ հուլիսի 27-ին գնան Սևան, մասնակցեն Վարդավառին։ Այսինքն՝ այդ 160 հազարը ՔՊ են ընտրելո՞ւ։
Իհարկե՝ այդպես չէ։ Թե՛ Սևան գնացողների, թե՛ Վարդավառին մասնակցողների մեջ Փաշինյանի համակիրների թիվը չէր կարող գերազանցել նրա վարկանիշային ցուցանիշը, այսինքն՝ 13 տոկոսը։ Հետևաբար՝ ո՞րն է այս թվերին այսքան մեծ ուշադրություն դարձնելու իմաստը։
Հայտնի է, որ քաղաքականության փոփոխության հանրային պահանջ հասունանում է այն ժամանակ, երբ հասարակությունը, մարդիկ ուտելուց, զվարճանալուց զատ, այլ բաների մասին էլ են մտածում՝ պետության, արժեքների, աշխարհի, Աստծո և այլն։ Նիկոլ Փաշինյանը ջանք է գործադրում աշխարհին ապացուցելու, որ հայերը ուտելուց ու զվարճանալուց զատ, այլ բան չեն ուզում, միայն ուզում են ռեստորան գնալ, հանգստավայր, ուրախանալ, զվարճանալ ու վերջ։ Իսկ Փաշինյանն այն ղեկավարն է, որ կարող է այդ ամենն ապահովել։ Ուստի՝ եթե ուզում եք միայն ուտել ու զվարճանալ՝ ընտրեք Փաշինյանին։ Սա է Փաշինյանի վերջին օրերի ոգևորված գրառումների իմաստը։
Այստեղ կա քողարկված սարսափ։ IRI-ի հարցումներով՝ ժողովրդի 49 տոկոսը կարծում է, որ Փաշինյանը սխալ քաղաքականություն է վարում։ Թեև Փաշինյանն ուզում է, որ մարդիկ իրենց խնայողությունները ծախսեն ուտելու և զվարճանալու վրա, սակայն, այնուամենայնիվ կա վախ, որ բարեկեցության աճը կարող է հանգեցնել իշխանափոխության։ Բարեկեցության աճին զուգահեռ նոր քաղաքականության, արժեքային փոփոխության, իշխանափոխության հանրային պահանջ է առաջ գալիս, որը ձևավորվում է այն ժամանակ, երբ մարդիկ ուտելուց զատ նաև պետության մասին են մտածում։ Ահա այս բնական զարգացումն է, հավանաբար, սարսափեցնում Փաշինյանին, նա վախենում է, որ եթե 160 հազար հավաքվել են Վարդավառ նշելու, ապա վաղը 160 հազար կարող են ոտքի ելնել ու պահանջել իր հրաժարականը։ Այսինքն՝ նա վախենում է մարդկանց բազմությունից։ Այս պատճառով նա ուզում է իրեն հանգստացնել, թե այդ 50 հազարը կամ 160 հազարը ավելի շնորհալի վարչապետ ունենալու մասին չեն մտածում, կուշտ են, հանգիստ, բավարարված, մի քիչ էլ հարբած, ու մտածում են ոչ թե ազգային տարածքային ամբողջականությունը վերականգնելու, իրավունքների վերականգնման, պետության առաջընթացի, անկախության ու ժողովրդավարության մասին, այլ ուտելու, հանգստանալու, զվարճանալու, փող ծախսելու։
Կա նաև այլ կարծիք։ Ասում են՝ Վարդավառին խանդավառ մասնակցությունը ոչ թե հարստության կամ բարեկեցության ցուցիչ է, այլ հանրության գերլարվածության։ Փաշինյանն այնքան է նյարդայնացրել ժողովրդին, այնքան ատելություն է տարածել մարդկանց վրա, որ մարդիկ ուզում են ցողվել, ջրվել, իրենց վրայից Փաշինյանի տարածած չարությունն ու ատելությունը մաքրել։ Այսինքն՝ Վարդավառին մարդիկ ջրելով, ջրվելով մաքրվում էին Փաշինյանի ատելությունից ու չարությունից, որն ամեն օր հորդում է նրա էջերից։
Կարճ ասած՝ «ինչքան շոգ՝ այնքան հարուստ» բանաձևը հորինված է։ Եթե մարդկանց չբթացնեն, թե ռեստորանում ուտելն ու արտերկրում հանգստանալը մարդ լինելու միակ ցուցիչն է, ապա ընդհանուր բարեկեցության մակարդակի աճն էլ անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանափոխության։
Թաթուլ Մկրտչյան