Ուղիղ եթեր
Միտք Ներքին 10 ամիս առաջ - 12:22 28-07-2025

Կառավարությունը գործում է հուզական և անփույթ․ ի՞նչ նպատակ ուներ այս ամենը․ Արսեն Թավադյան

Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կրկին ցանկանում եմ անդրադառնալ ՀԷՑ-ի շուրջ ծավալվող գործընթացներին:

1. ՀԷՑ-Ի ԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արդեն նշել էի, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելը դրա ազգայնացում չի ենթադրում: Այս գործընթացով ՀԷՑ-ը կարող է անցնել պետության սեփականության երկու ճանապարհով` (1) լիցենզիայի դադարեցում, (2) ընկերության սնանկացում դրամական պարտավորությունների չկատարման հիմքով:
Ինչքան հասկանում եմ Կառավարությունն ընտրել է կամ առնվազն հակված է առաջին ճանապարհին: Լիցենզիայի դադարեցման դեպքում Ժամանակավոր կառավարիչը կարող է շարունակել պաշտոնավարել մինչև գերակա շահի հիմքով գույքը Հայաստանի Հանրապետության կամ այլ անձի սեփականությանը հանձնելը:
Իհարկե, հաշվի առնելով, որ ըստ բաց աղբյուրների ՀԷՑ-ի գույքը վարկավորման դիմաց գրավադրված է, լիցենզիայի զրկումը կարող է հանգեցնել նրան, որ վարկավորող կազմակերպությունները պահանջեն պարտավորությունների վաղաժամկետ կատարում և համապատասխանաբար գրավադրված գույքի հարկադիր օտարում:

Սա էներգետիկ համակարգի տապալմանը տանող ուղիղ ճանապարհ է:

2. ՍՏՈԿՀՈԼՄԻ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ստոկհոլմի արբիտրաժի վճիռը վերջնական չէ, այն, այսպես ասած, հայցի ապահովման միջոց է: Դրա կիրառման համար անհրաժեշտ է Հայաստանի դատարանում վճռի ճանաչում և կատարում:
Արդարադատության նախարարն արդեն խոսել է վճռի չկատարման մասին դրա` ՀՀ հանրային կարգին հակասելու հիմքով: Այս հիմքն առկա է թեˊ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում, թեˊ 1958թ.-ի Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Կոնվենցիայով:
Ասեմ, որ նույնիսկ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի տիպի երկրների դատարանները ծայրահեղ հազվադեպ են կիրառում հանրային կարգին հղումը վճիռը չկատարելու համար: Հանրային կարգին հղումների 1-2 տոկոսից պակաս դեպքերում են դատարանները համաձայնվում:

Ընդ որում, այդ երկրների դատարանները կիրառում են շատ բարձր շեմ հանրային կարգի խախտումը գնահատելիս: Ըստ էության չափանիշն այն է, որ արբիտրաժային վճռի կատարումը կխախտի այդ երկրի բարոյականության և օրենսդրության առանցքային սկզբունքները:

Ըստ իս` Ստոկհոլմի արբիտրաժի վճիռը չի բավարարում հանրային կարգի խախտման չափանիշին:

3. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆ ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ օրենքի փոփոխությունների ժամանակավոր կառավարիչը ստանձնում է ՀԷՑ-ի գործադիր մարմնի գործառույթները:

Ինչքան հասկանում եմ, ժամանակավոր կառավարիչը հեռացրել է ՀԷՑ-ի գործադիր մարմնի ղեկավարին` տնօրենին: Տնօրենին հեռացնելը ընդհանուր ժողովի կամ տնօրենների խորհրդի լիազորություն է: Արդյունքում, ժամանակավոր կառավարիչը վերագրել է իրեն նաև այլ մարմնի գործառույթ:
Իսկ արդեն օրենքով լայն լիազորություններ ստանալուց հետո էլ դրանք անցնելը, մեղմ ասած, պահանջում է հատուկ ունակություններ:

4. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կրկին բաց աղբյուրները հուշում են, որ ժամանակավոր կառավարիչը սկսել է կադրային փոփոխություններ և որոշ աշխատողներին հեռացրել աշխատանքից: Եթե դա իսկապես այդպես է, սա ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է:

Ի՞նչ ունենք արդյունքում
Կառավարությունը գործում է հուզական, իրավական տեսանկյունից շտապ և անփույթ։ Եթե լիցենզիան չդադարեցվի, ապա կառավարիչը պետք է հեռանա չորս ամսից։ Այդ դեպքում հարց՝ ի՞նչ նպատակ ուներ այս ամենը։ Իսկ եթե լիցենզիան դադարեցվի՝ վարկային կազմակերպությունները կներկայացնեն գրավադրված գույքի բռնագանձման հայցեր։ Սա կարող է հանգեցնել լուրջ էներգետիկ և տնտեսական ճգնաժամի։

Հ.Գ.
Ինձ համար ընդունելի չեն պնդումները, թե մասնավորը միշտ ավելի լավ կառավարիչ է, քան պետությունը։ Բայց մեր էներգետիկ համակարգի խնդիրները նրանից չեն, որ ՀԷՑ-ը մասնավոր է։ Խնդիրն այն է, որ պետությունը չունի տեսլական և առաջնորդվում է անձնական շահերով ու վերընտրվելու մոլուցքով։
Ժամանակակից տնտեսագիտությունն ու իրավագիտությունն առաջարկում են տնտեսության կառավարման շատ տարբերակներ, նույնիսկ առանց սեփականության իրավունքի փոփոխության։ Պարզապես պետք է ցանկություն ունենալ։