«Կարծում եմ՝ դա ոչ թե միակ գործողությունն է, այլ գործողություններից մեկն է։ Չեմ կարող ասել, որ դա ծայրահեղ կարևոր մեթոդ է, բայց այդ քայլը թույլ կտա իշխանություններին՝ անկեղծ, թե ոչ, ցույց տալ, որ իրենք ընդունում են որոշ սխալներ։ Դա նույնիսկ ավելի շատ կաշխատի իշխանության օգտին, քան հասարակության մեջ տարիներ շարունակ սերմանվող ատելության խոսքը և մասնատման քաղաքականությունը»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված այն կոչին, որ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու միակ միջոցը Մայր Աթոռի դեմ ծրագրված հարձակումից հրաժարվելն է։
Հիշեցնենք՝ այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրաժարվել Մայր Աթոռի դեմ հարձակման մտադրությունից։ «Իմ կարծիքով, հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը եւ քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազանների եւ Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը»,- նշել էր նա։Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը և նրա կողմից ներքաղաքական լարվածություն առաջացնելու պատճառներին՝ Ալավերդյանը շեշտեց․
«Խնդիրը միայն լարվածություն սերմանելը չէ։ Այն, ինչ տեսնում ենք, ավելի մեծ նպատակ ունի՝ Հայաստանն ամբողջովին դարձնել կցորդ, տարածք, որը կօգտագործվի Թուրքիայի կողմից։ Երբ դրսից հարձակվելը ձեռնտու չէ՝ աշխարհաքաղաքական կամ այլ առումով, օգտագործվում է դարերով կիրառվող մեթոդը՝ երկիրը ներսից քայքայելը։ Եվ այս պարագայում բաժան-բաժան անելը ոչ թե նպատակ՝ այլ միջոց է, իսկ ատելության խոսքը և հասարակության բևեռացումը գործիքներն են, որոնք հնարավորություն կտան ամբողջովին տապալել ՀՀ-ի պետականության հիմքերը։ Պատահական չէ, որ 2018 թվականից ես ասում եմ, որ այս իշխանությունները՝ դատելով արդյունքներից, եկել են սպասարկելու թուրք-ադրբեջանականությունը»։
Հարցին թե, այս իրավիճակում ինչ քայլեր կարող է ձեռնարկել ընդդիմությունը՝ Լարիսա Ալավերդյանը դժվարացավ պատասխանել։ «Չեմ կարող հստակ գնահատել, թե որքանով է ընդդիմությունը պատրաստ օգտվելու իրավիճակից»,- եզրափակեց նա։
Մերի Հակոբյան