Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 ժամ առաջ - 19:30 21-09-2026

Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Էստեղ վտանգներ չկան։ Էստեղ պարզապես թալան կա։ Ընդ որում, գիտեք ինչ են անում. որոշել են, որ տնտեսությունը զարգացնելու փոխարեն առավել կարճ ճանապարհ ընտրեն (դե, տգետ մարդկանց համար դա է էլի առավել հավանականը- Հ․Կ․)՝ նաև մարդկանց հաշվին։ Մարդկանց մի մասին զրկելով կամ դրանց ստացված հնարավոր միջոցներին տիրանալով՝ մնացածին որոշակի աննշան, իբր թե փոխհատուցում տալ»,- Oragir.News-ի հետ զրույցում, մեկնաբանելով կենսաթոշակառուների հուղարկավորության նպաստների համակարգում առաջարկվող փոփոխությունները, այսպես արձագանքեց տնտեսագետ, «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Հրայր Կամենդատյանը։

Ըստ շրջանառվող նախագծի՝ գործող կարգը, որով այս գումարը վճարվում է բոլոր մահացած թոշակառուների ընտանիքներին, առաջարկվում է փոխել։ Նոր մոտեցմամբ՝ այդ աջակցությունը կստանան միայն սոցիալապես անապահով ճանաչված քաղաքացիները։ Իսկ մյուս բոլոր կենսաթոշակառուների ընտանիքները պարզապես զրկվելու են այդ գումարից։

Ստացվում է մի պարադոքսալ ու բարոյապես խնդրահարույց իրավիճակ․ պետությունը մի կողմից հայտարարում է թոշակառուներին ավելի շատ վճարելու պատրաստակամության մասին, սակայն մյուս կողմից այդ գումարները գտնում է արդեն մահացած քաղաքացիների ընտանիքներին տրվող 200 000 դրամի հաշվին։

Տնտեսագետի հաշվարկներով՝ պետությունը տարեկան մոտավորապես 3․5 միլիարդ դրամ է ծախսում այս նպաստների վրա։ Այժմ, ըստ նրա, փաստորեն, փորձ է արվում սեփական քաղաքացիներից խլել այդ գումարը՝ բյուջեի «անցքերը» փակելու և սիմվոլիկ բարեփոխումների պատրանք ստեղծելու համար։

«Հիմա փորձում են էս թաղման նպաստի գումարները պահել և էդ գումարով, որը որ իրենք պետք է կատարեին (մարդիկ մեկ է, ամեն դեպքում մահանում են, ուզեն թե չուզեն իշխանություններին- Հ․ Կ․), էդ գումարը վերցնեն, տան կենդանի մնացած թոշակառուների ձեռքը՝ որպես ինդեքսավորում։ Սա է ամբողջ խնդիրը»,- պարզաբանում է Կամենդատյանը՝ ներկայացնելով, թե իրականում որքանով են «բարձրանալու» կենսաթոշակները այս փոփոխության արդյունքում:

«Թոշակները չեն փոխվելու։ Մենք հաշվել ենք՝ մոտավորապես 500-ից 600 դրամ է բաժին հասնում յուրաքանչյուր թոշակառուի, եթե այդ գումարը ամբողջ ծավալով իրականացվի։ Բայց էդ ամբողջ ծավալով էլ չի իրականացվի, որովհետև էնտեղ երկու ֆիլտրեր կան... մոտավորապես ամեն մեկին 250-300 դրամ է հասնելու։ Բայց էդ 250-300 դրամը մարդկանց պարզապես նորից, ցինիկաբար, մատուցվում է որպես ինդեքսավորում, որպես հերթական հաղթանակ, ինչպես իրենց էդ գլխավոր խաբեբան է ասում՝ աննախադեպ մոտեցում»,- հայտնում է տնտեսագետը։

Մինչ իշխանությունները 200 000 դրամ թաղման նպաստը կրճատելով փորձում են մի քանի հարյուր դրամով «բարձրացնել» շուրջ կես միլիոն թոշակառուի կենսաթոշակը, պետական բյուջեում բոլորովին այլ համամասնություններ և շռայլություններ են գործում։

«Բյուջեից նախատեսված պարգևավճարներին մենք դեռևս կանդրադառնանք։ Համենայնդեպս, այդ ամբողջ քաղաքական խմբակը առնվազն երկու անգամ իր փոխհատուցումները պետական բյուջեից ստանալու է։ Կարող ենք հստակ արձանագրել, որ նրանցից շատերը իրենց վարկային պատմությունները փառավոր կերպով կփակեն»,- նշում է փորձագետը։

Հրայր Կամենդատյանը ներկայացնում է նաև հասարակ քաղաքացու և բարձրաստիճան պաշտոնյայի եկամուտների աճի աղաղակող տարբերությունը, ինչը լիովին հերքում է իշխանության որդեգրած «սոցիալական արդարության» թեզը։

«Մոտավորապես 500 000 քաղաքացու թոշակը բարձրացրեցին 10 000 դրամով, իսկ իրենց աշխատավարձերը բարձրացնում են 1 միլիոն դրամով՝ 100 անգամ ավելի։ Հիմա այդ հավասարություն, արդարություն, եղբայրություն լոզունգները, որ կային «հեղափոխության» ժամանակ, որքանո՞վ են դրանք համարժեք, որքանո՞վ են հասկանալի 100 անգամ եղած տարբերության պարագայում»,- հարց է բարձրացնում տնտեսագետը։




Հասմիկ Մովսիսյան