Վերջին շրջանի աղմկահարույց իրավական հետապնդումներին է արձագանքել նաև ՄԻՊ-ը, արձանագրելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական վարույթներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ ձևավորելու միտումներ, որոնք ուղղակիորեն հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին: «Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում անմեղության կանխավարկածի սկզբունքի չպահպանման ակնհայտ միտումը, ինչը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը»,- հուլիսի 10-ին հայտարարել է ՄԻՊ-ը։
Այս դիտողությունը, ենթադրաբար, վերաբերում է Բագրատ սրբազանի, Սամվել Կարապետյանի, ՀԷՑ-ի ղեկավարների, հոգևորականների, ՀՅԴ-ի, ընդդիմադիր շարժումների մասնակցիների նկատմամբ հարուցված վարույթներում անմեղության կանխավարկածն արհամարհելու փաստերին։ Այսպիսով՝ ՄԻՊ-ը հանդիմանում է ՔՊ-ական ղեկավարներին, անդամներին ու համակիրներին, որոնք վարույթներով անցնող մարդկանց հրապարակավ որակում են ահաբեկիչ, հեղաշրջման փորձ անող, մարդասպան, առանց հաշվի առնելու, որ նրանց առնչվող կասկածներն ապացուցված չեն։ Ո՞ւմ դրդմամբ է ՄԻՊ-ն այսպիսի դիտողություն անում, և ի՞նչ կփոխի այն։
Անմեղության կանխավարկածը ՀՀ սահմանադրության նորմ է, շարադրված Սահմանադրության 66-րդ հոդվածում։ Այս առումով՝ ՔՊ-ականների կողմից անմեղության կանխավարկածն արհամարհելը կարող է որակվել Սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություն։
Անմեղության կանխավարկածը նաև մարդկության մեծագույն նվաճումներից է։ Մութ դարերում՝ նախքան ժողովրդավարա-քաղքենիական վերափոխումները, մարդը համարվում էր ի սկզբանե մեղավոր։ Մարդուն ներկայացնում էին մեղադրանք, այնուհետև նրանից պահանջում ապացուցել իր անմեղությունը։ Եթե մարդը չէր կարողանում ապացուցել իր անմեղությունը, ապա նրան համարում էին մեղավոր ու պատժում՝ գլխատում, այրում, կախում և այլն։ Այս առումով՝ ՔՊ-ականների կողմից անմեղության կանխավարկածն արհամարհելը կարող է որակվել որպես հետադիմություն, մարդկության նվաճումներն արհամարհելու գործողություն։
Անմեղության կանխավարկածը քաղաքակրթական նորմ է։ Արևմտյան քաղաքակրթության անկյունաքարային փաստաթուղթը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է, որի 11-րդ հոդվածով է սահմանված անմեղության կանխավարկածը։ Այս առումով էլ՝ՔՊ-ականների կողմից անմեղության կանխավարկածն արհամարհելը կարող է որակվել հակաքաղաքակրթական գործողություն, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նկատմամբ արհամարհական վերաբերմունք։
Անմեղության կանխավարկածը պաշտապնելու հարցում սկզբունքային դիրքորոշում կա ազատ աշխարհում։ Ենթադրելի է, որ արևմտյան գործընկերների դրդմամբ է ՄԻՊ-ը հանդիմանում ՔՊ-ականներին։ Եթե այսպես է, ապա ՄԻՊ-ի դիտողությունն իրականում Արևուտքի զգուշացումն է, որ եթե ՔՊ-ն շարունակի արհամարհել անմեղության կանխավարկածը, ապա կընկնի պատժամիջոցների տակ, ինչից առաջին հերթին կտուժի ժողովուրդը։
Այսինքն՝ խնդիրը լուրջ է։ Հակառակ պարագայում ՔՊ-ին շատ հարազատ ՄԻՊ-ը մտահոգություն չէր հայտնի, թե անմեղության կանխավարկածի սկզբունքի չպահպանման ակնհայտ միտումը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը: Իսկ երբ խաթարվի արդարադատության ողջ գործընթացը, ապա մարդիկ կկորցնեն արդարադատության հանդեպ վստահությունը և հարցերը կփորձեն իրենց ձևով լուծել։ Արդարադատության նկատմամբ անվստահությունը կստեղծի քաղաքացիական հասարակության և իրավական պետության քայքայման մահացու ռիսկեր։ Այս առումով՝ ՔՊ-ականների կողմից անմեղության կանխավարկածը չպահպանելը իրավական պետության դեմ արարք է։
Կարճ ասած՝ լավատեսական կարծիք կա, թե ՔՊ-ականները ՄԻՊ-ի դիտողությունից կսթափվեն ու խելքի կգան, որ հակապետական, հակաքաղաքակրթական, սխալ ու վտանգավոր բաներ են անում։ Մասնավորապես՝ Բագրատ սրբազանին, ընդդիմադիրներին, քաղաքական համայնքի գործընկերներին, ՀՀ քաղաքացիներին, վարույթներով անցնող մարդկանց վերաբերվող խոսույթում այսուհետև կառաջնորդվեն անմեղության կանխավարկածով, անհիմն, չապացուցված բաներ չեն ասի ու չեն հրապարակի, չեն խաթարի արդարադատության գործընթացը, չեն գործի Սահմանադրության, օրինականության, քաղաքակրթության, ժողովրդի և մարդկության դեմ, չեն ստեղծի անվտանգային, քայքայիչ, մահացու ռսիկեր։
Թաթուլ Մկրտչյան