«Արցախի Տիգրանակերտ. հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը կներկայացվի ռուս ընթերցողին
copy image url

«Արցախի Տիգրանակերտ. հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը կներկայացվի ռուս ընթերցողին

Ավելին 3 ժամ առաջ - 20:36 08-07-2025
Monument watch.

Դեռևս մայիսին «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և ԵՊՀ-ի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Monument Watch անկախ ակադեմիական հարթակի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր՝ միավորելով ջանքերը Արցախի մշակութային ժառանգության վիճակի մշտադիտարկման և գիտական նկարագրության ուղղությամբ։ Գործընկերների համագործակցությունն հանգեցրեց ևս մեկ թեմատիկ նախաձեռնության. Յուրի Նավոյանի և Համլետ Պետրոսյանի միջև ստորագրված նոր համաձայնագիրը վերաբերում է Արցախի Տիգրանակերտի պեղումների հետազոտական նյութերի ռուսերեն հրատարակմանը։

Պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը հանդիսանում էր Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունների ղեկավար, որոնք դարձան Արցախի պատմության մեջ ամենախոշոր հնագիտական նախագիծը։ Տիգրան Բ Մեծի կողմից հիմնադրված չորս Տիգրանակերտներից մեկի պեղումների արդյունքները ներկայացված են «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» ուսումնասիրության մեջ, որը ներկայումս պատրաստվում է հրատարակության հայերեն լեզվով։

Ըստ կնքված համաձայնագրի, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ գիրքը կթարգմանվի ռուսերեն և կհրատարակվի համապատասխան գրքերի շարքում՝ ընթերցողների ավելի ընդարձակ լսարանին հասանելի դարձնելու համար։

«Արցախի Տիգրանակերտ. պատմա-մշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը խորը ուսումնասիրություն է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Ասկերանի շրջանում գտնվող հին Տիգրանակերտ քաղաքի վերաբերյալ։ Այս ուշ հելլենիստական քաղաքը, որը հիմնադրվել է Տիգրան Բ Մեծի կողմից մ.թ.ա. 1-ին դարում, հայտնաբերվել է 2005 թվականին և պեղվել 2006-2020 թվականները՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողմից։

Գրքում մանրամասնորեն ուսումնասիրվում են հնագիտական գտածոները, որոնք բացահայտում են Տիգրանակերտի յուրահատուկ քաղաքային մշակույթը՝ ներառյալ զիգզագաձև պարիսպներով ամրացված եռանկյունաձև թաղամասը, բնակելի հատվածները, դամբարանադաշտերը, ինչպես նաև վաղ քրիստոնեական եկեղեցիներն ու դրանց համալիրները։ Հատուկ ուշադրություն է դարձվում շինարարական տեխնոլոգիաներին և ճարտարապետական լուծումներին, որոնք Տիգրանակերտը դարձնում են հելլենիստական ճարտարապետության կարևոր չափանիշ տարածաշրջանում։

Գրքի հեղինակային կազմը՝ 21 առաջատար գիտնականներ, ովքեր անմիջականորեն մասնակցել են պեղումներին և հայտնաբերված արտեֆակտների ու նյութերի վերլուծությանը, անդրադառնում է նաև գրավոր աղբյուրներին՝ սկսած հույն աշխարհագրագետ Ստրաբոնի և հայ պատմիչ Սեբեոսի հիշատակություններից, որոնք հաստատում են քաղաքի պատմական նշանակությունը։ Պեղումների արդյունքում բացահայտվել է մշակութային հարուստ շերտ՝ համալրված կենցաղային իրերով, զարդերով, կնիքներով և խեցեղենով, ինչը վկայում է Տիգրանակերտի կարևոր առևտրային և վարչական դերի մասին հին ժամանակներում։

Գրքում առանձնահատուկ տեղ է հատկացվում վերջին ռազմական իրադարձությունների և պատմական փաստերի խեղաթյուրումների հետևանքով Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների քննությանը։

Գիտնականները բացահայտում են ադրբեջանցի մասնագետների փորձերը, որոնք ուղղված են պատմության վերաշարադրմանը՝ Տիգրանակերտը ներկայացնելով որպես «աղվանական» քաղաք և հայկական հուշարձանները վերագրելով այլ մշակույթների։ Այս երևույթը դիտարկվում է որպես տարածաշրջանում իրականացվող համակարգված քարոզչական արշավի մաս։

Հրատարակության նպատակը Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանման և տարածման հարցի նկատմամբ ուշադրություն հրավիրելն է՝ ընդգծելով տարածաշրջանի պատմության ճշմարիտ ներկայացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կեղծ պատմական կառուցումներին հակազդելու կարևորությունը։ Գիրքը լինելու է նշանակալի ներդրում Տիգրանակերտի պատմամշակութային պատկերի ուսումնասիրման և պաշտպանության գործում՝ որպես հին հայկական քաղաքակրթության եզակի հուշարձան։

https://dialogorg.ru/events/kniga_-artsakhskiy_tigranakert-_istoriko-kulturnyy_oblik_v_svete_arkheologicheskikh_issledovaniy-_pr/