Տևական ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը տարբեր հարթակներից պաշտպանում էր իր նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, փորձում ապացուցել, որ իր առաջարկածն ազգանպաստ է, օգտակար է բանակին, կանխելու է դասալքությունը և այլն։ Բայց երբ դրվեց քվեարկության, Հայկ Սարգսյանը դեմ քվեարկեց իր բերած նախագիծն ԱԺ նիստի օրակարգ ընդգրկելուն։
Արդյո՞ք սա անսկզբունքայնություն չէ։
Թիմակիցները նրան չաջակցեցին։ Խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է քվեարկում նախագծին։ Այս իրավիճակում Հայկ Սարգսյանը ուներ գործելու տեսական երեք տարբերակ։
Առաջինը՝ նա կարող էր սկզբունքայնություն դրսևորել և կողմ քվեարկել իր նախագծին։ Այդպիսով ցույց կտար, որ հավատում է ինքն իր խոսքին։ Ոչ ոք չէր զարմանա, որ նա կողմ քվեարկեր, քանի որ տևական ժամանակ բազմաթիվ փաստարկներով հիմնավորում էր, որ իր նախագիծը լավն է։ Կարող էր նաև ափսոսանք հայտնել, որ թիմակիցները իրեն չաջակցեցին։ Նույնիսկ կարող էր ներողություն խնդրել խմբակցության ղեկավարից, որ այլ կերպ է քվեարկում, քանի որ համոզված է, որ իր նախագիծը լավն է, ԱԺ օրակարգում ընդգրկվելու արժանի։
Երկրորդը՝ նա տեսնելով, որ իր կուսակցությունն իրեն չի աջակցում, կարող էր չմասնակցել քվեարկությանը ու դուրս գալ ՔՊ խմբակցությունից։ Սա համեմատաբար կոշտ վերաբերմունք կլիներ, բայց կրկին զարմանալի չէր լինի։ Թիմը նրան չի աջակցում, նա էլ լքում է թիմը, քանի որ համոզված է, որ ինքը ճիշտ է, իսկ թիմը սխալ։
Իսկ եթե ընդունում է, որ թիմն է ճիշտ, իսկ ինքը սխալ, ապա կարող էր վայր դնել մանդատը։ Սա էլ տեսական երրորդ տարբերակն էր։ Այսինքն՝ եթե պատգամավորն իր սխալն ընդունում է, ապա կարող էր վայր դնել մանդատը, քանի որ վատ, վտանգավոր, աղմկահարույց նախագիծ է բերել, խլել թիմակիցների ժամանակը, նրանց անհարմար դրության մեջ դրել։
Սակայն այս ողջամիտ տարբերակներից որևէ մեկն ընտրելու փոխարեն Հայկ Սարգսյանը դեմ քվեարկեց իր կազմած, առաջարկած նախագծին, զարմանք պատճառելով հանրությանը, կասկած առաջացնելով, որ անսկզբունքային է, իր խոսքն ու գործն իրար չեն բռնում։ Այսպիսով՝ պատգամավորը հայտնվեց անհարմար վիճակում ու ծիծաղ առաջացրեց։ Ծիծաղելի իրավիճակում հայտնվեցին նաև այն թիմակիցները, որոնք հրապարակավ պաշտպանում էին նախագիծը, սակայն նույնպես դեմ քվեարկեցին։
Այսպիսի մի բան եղել է հեռավոր 90-ականներին, երբ ՀՀ վարչապետը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց, որ ինքը դեմ է իր ներկայացրած ծրագրին։ Հաջորդ օրը Լևոն Տեր Պետրոսյանը այդ վարչապետին պաշտոնանկ արեց։ Իսկ Հայկ Սարգսյանը անվրդով դեմ քվեարկեց իր պաշտպանած նախագիծն օրակարգում ներառելուն և կշարունակի մնալ նույն աթոռին, նույն կարգավիճակում, կարծես՝ ոչինչ չի պատահել, կամ եղածը սովորական բան է։
Կարճ ասած՝ լավ կլինի, եթե իշխանությունները, պատգամավորները սկզբունքային մոտեցում դրսևորեն, հաստատակամ լինեն։ Այսպիսով՝ վստահություն, հարգանք կներշնչեն։ Իսկ Հայկ Սարգսյանի դեմ քվեարկելն իր նախաձեռնությանը ողջամիտ կասկածի հիմք տվեց, որ ՔՊ-ականներն իրենք իրենց ասածին չեն հավատում, կարող են տևական ժամանակ պաշտպանել մի դիրքորոշում, բայց վերջում անել բոլորովին այլ բան։
Թաթուլ Մկրտչյան