Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 19:17 25-12-2021

Վարչապետի ասուլիսները չեմ դիտում՝ գիտեմ, որ ասածներն ու արածներն իրար հետ չեն «բռնում». Գարեգին Միսկարյան

Հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանի հետ Oragir.news-ը զրուցել է հեղափոխական արժեքների, ավագանու գործելաոճի, Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի մասին։

-Պարո՛ն Միսկարյան, ձեր ընկալմամբ՝ ի՞նչը հիմք դարձավ այն արժեհամակարգային փոփոխության, որին ենթարկվեց գործող իշխանությունը, որովհետև 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի շուրթերից հանրությունը լսում էր բոլորովին այլ բան, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

-Ես չէի ասի, որ գործող իշխանությունն արժեհամակարգային փոփոխության է ենթարկվել, ընդհակառակը, իրենք պետք է ենթարկվեին փոփոխության, բայց չեն ենթարկվել, ի սկզբանե ինչ եղել են, այն էլ մնացել են, իշխանության համար պայքարող մի խումբ մարդիկ, որոնց կատարած քաղաքական ցանկացած քայլ ընդամենը վերածվել է թայֆաբազության, որովհետև ամեն արժեք իրենք քաղաքական առումով չեն կրում։

-Պարզ դարձավ, որ ավագանու անդամների վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի վերջիններս միանան քաղաքապետին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին, բայց ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հերքեց այդ լուրը: Ինչպե՞ս եք գնահատում կատարվողը: Ձեր կուսակից ընկեր Վահե Գևորգյանը վայր դրեց ավագանում մանդատը։

-Ճնշումների հետ կապված կարող եմ ասել, որ դրանք քաղաքական ճնշումներ են, դժվար է դրան իրավական գնահատական տալը, ու դժվար էլ ընթացք տրվի այդ ամենին, քանի որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», կարծես թե, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ու ես մեծ հույսեր չեմ կապում, որ լուծում կստանա այդ հարցը, բացի նրանից, որ Հայկ Մարությանին հեռացնելը ՔՊ կուսակցության օրակարգում վաղուց կար ու առաջնահերթությունների մեջ էր, շատ ակնհայտ է, ու դա հապճեպ արեցին, ու ենթադրում եմ, որ խնդիրը մյուս տարվա բյուջեի հաստատումն էր։

-Նիկոլ Փաշինյանը երեկ իր ասուլիսում ասաց, որ Հայոց ցեղասպանությունը նախապայման չէ թուրքերի հետ հաշտվելու համար, ի՞նչ կասեք դրա մասին։

-Ցավոք, ես չեմ կարողանում նայել Նիկոլ Փաշինյանի ասուլիսները, որովհետև երբ գիտես, որ մարդու ասածն ու արածը միմյանց հետ չեն «բռնելու», ի՞նչ իմաստ ունի լսել, թե ինքն ինչ է ասում, եթե մեկ է անելու է լրիվ այլ բան, կամ անելու է այն, ինչն անհրաժեշտ է։ Որոշ արձագանքներ ու հատվածներ իր պատասխաններից ընկերներիս էջերում տեսա, ու ես ընդամենը համոզվեցի, որ ճիշտ էի արել, որ չէի նայել, որովհետև դրանք իրականում փորձեր էին քողարկելու խնդիրների իրական պատճառները, այն խնդիրների, որոնց վերաբերյալ հարցերը հնչում էին։

-Այդուհանդերձ, պարո՛ն Միսկարյան, ըստ ձեզ՝ ինչո՞ւ է այս իշխանությունը կամ դրա առանձին դեմքեր պարբերաբար հայտնվում նման սկանդալների կենտրոնում: Թվում է, թե երկրում կան անվտանգային, արտաքին շատ խնդիրներ, բայց հանրությունը կենտրոնանում է առանձին գործիչների ծառայողական մեքենաների, նրանց արտահայտությունների վրա:

-Մենք՝ էլ որպես հանրություն, քաղաքական մեծ հասունություն չունենք, որպեսզի կարողանանք առաջնայինը տարբերել երկրորդականից, մի կողմից, և մյուս կողմից՝ կառավարող ուժի քաղաքականությունը սովորական, ՀՀ-ում վերջին երեսուն տարում ընթացող քաղաքական պրոցեսների շարունակությունն է, այն է ՝ ամեն գնով պահել իշխանությունը, կամ սկզբում հասնել իշխանության, հետո պահել այդ իշխանությունը։ Բնականաբար, ժողովուրդն էլ արձագանքում է այս ամենին այնպես, ինչպես մինչև հիմա է եղել, ինչից դժգոհում են՝ շարունակում են դժգոհել, ինչը ոգևորիչ է՝ դրանից ոգևորվում են։ Դա մեր՝ որպես ժողովուրդ, քաղաքական ոչ հասուն լինելու դրսևորում է, ու մենք պարտավոր ենք ուղղակի թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրներին շատ ավելի լուրջ նայել, որտեղ, իմ գնահատմամբ, այս փուլում առնվազն գոյության լուրջ վտանգի առաջ ենք կանգնած՝ որպես պետություն, ապա նաև որպես ժողովուրդ։

Քնարիկ Պետրոսյան