Երևան +13°
copy image url
Մշակույթ 4 ամիս առաջ - 22:26 05-12-2023

Մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ․ Վահան Տերյան և Անթառամ Միսկարյան

Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է Վահան Տերյանին նվիրված իր շարքը՝ գրելով․ «Նա ապրեց ընդամենը 35 տարի և մահացավ խեղճ, հիվանդ 1920 թվականի մի ցուրտ ձմեռային օր: Հեռացավ աշխարհից այնպես, ինչպես ապրեց՝ տրտում, հրաժեշտ տալով մարմնական ցավերին, չստացված անձնական կյանքին, իր սերերին...

....Տերյանը փորձեց հիշել նախորդ գիշեր գրած բանաստեղծության տողերը.

«Ես չգիտեմ՝ ուր են տանում հեռավոր
Ուղիների ժապավեններն անհամար...»

...Ի՜նչ գեղեցիկ հյուսքեր են: Տերյանի հայացքը գամվել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: «Շրջվիր, տեսնեմ քեզ,- մտքում խնդրում, թե կարգադրում էր նա,- շրջվիր, ո՞վ ես դու: Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես»: Տերյանի միտքը խճճվել էր փարթամ, սև, գեղեցիկ, երկար մազերի մեջ: Նա այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: Աղջիկը մի քիչ անհարմար էր զգում իրեն այդքան մոտից ակնդետ զննող աչքերից: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,- լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Ընդհանրապես Հայկական եկեղեցու բակը մի տեսակ հանդիպման վայր էր Մոսկվայում բնակվող հայ աղջիկների և տղաների համար:

Շատերը այստեղ են ծանոթություններ հաստատել, այստեղ են հարսնացուներ և փեսացուներ գտել: Հիմա Տերյանը գնում էր Հայկական Եկեղեցի՝ սատարելու ընկերներին աղջիկ գտնելու գործում:

Տերյանը չհասցրեց որոշել անելիքը՝ իջնել, թե շարունակել ճանապարհը երկար մազերով անծանոթուհու հետ, երբ վերջինս մոտեցավ դռանը: ... Ինչևէ, նրանք երկուսով մտան եկեղեցու բակ:

Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական կամ Մինայ Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու:

Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում, բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց», -գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղափուշ անուններով կկոչի իր Անթառամին: Նա սիրում էր անուններ դնել: Սկսվում է նամակագրությունը: 17. 09. 1908

Վահան- Առաջին տպավորությունը ինձ համար, եթե ոչ վճռական, ապա , համենայն դեպս, հսկայական նշանակություն ունի:

Անթառամ- Դուք ինձ վրա լավ տպավորությու եք գործել: Երևի սխալ եմ անում՝ անկեղծանալով:

Վահան- Տարօրինակ է, մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծություն չէ: Կարծում եմ, մարդու անկեղծությունը կարող է բավարար հիմք լինել նրան սիրելու և գնահատելու համար: Երեկ ես քնեցի տրտմության և դժգոհության զգացումով: Արթնացա, կարդալու համար Ձեր նամակը և զվարթագին դիմավորեցի օրը: Հիմա խաղաղ, լավ, լուսավոր տրամադրության մեջ եմ: Ուստի շնորհակալությամբ սեղմում եմ Ձեր հեռավոր ձեռքը, Անտյա և հղում իմ սրտագին ողջույնները:

Անթառամ- Վահան, ո՞րն է Ձեր վատ տրամադրության պատճառը:

Վահան- Միշտ դժվար է որոշել տրամադրության պատճառը: Բայց դառնությունը մեծ մասամբ առաջանում են այն անհամապատասխանությունից, որ գոյություն ունի իմ հակումների և իմ կյանքի հանգամանքների միջև: Ես սիրում եմ գրականությունը և ինձ կոչված եմ համարում ծառայել նրան, մինչդեռ շատ բան է խանգարում նվիրվել դրան: Ինձ վշտացնում է այն , ինչը խանգարում է գնալ իմ ճանապարհով:

27. 12.1908
Վահան- Ես տխուր եմ: Ես միշտ տխուր եմ լինում , երբ գալիս են տոների և համընդհանուր ուրախությունների հանդիսավոր օրերը: Հիմա ես արև եմ ուզում, Անտյա, ավելի շատ լույս, երաժշտություն, գուրգուրանք: Ուզում եմ լինել փոքրիկ-փոքրիկ, որպեսզի ինձ փաղաքշեն և սիրեն, ինչպես փաղաքշում և սիրում են միայն մանուկներին: Ուզում եմ կոպեկանոց նվերներ, որոնք ուրախացնում են աղքատ երեխաներին: Տխուր եմ, անսահման տխուր: Բայց ինչո՞ւ եմ գրում Ձեզ այս մասին, ինչո՞ւ եմ վշտացնում Ձեզ տխուր խոսքերով:

Անթառամ- Ես կուզեի Ձեզ փաղաքշել, ինչպես փոքրիկ մանկան:

7.03.1909
Անթառամ- Վահան, իմ Մոսկվա գալը հետաձգվում է:

Վահան- Տխրեցրիք ինձ: Ես հուսով էի, որ շուտով կտեսնեմ Ձեզ և կխոսեմ Ձեզ հետ: Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել, սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում: Իսկ ինչ վերաբերում է Ձեզ , շատ եմ վախենում, որ ինձ տեսնելով ու մոտիկից ճանաչելով, հիասթափվեք, չնայած ինձ թվում է, որ ես ավելի ստոր չեմ, շատ ուրիշներից, ավելի հիմար էլ չեմ նրանցից:
Սիրելի Անտյա, շուտ եկեք, իսկ եթե չգաք, ես իհարկե ինքնասպանություն չեմ գործի և Մոսկվա գետը չեմ նետվի: Բայց շատ կտխրեմ: Ամուր-ամուր սեղմում եմ Ձեր ձեռքը ցավեցնելու չափ:

Հետաքրքիր խոստովանություն է 1909 մարտի 7-ի նամակի տողերում: Պիտի ասեմ, որ այս նամակից ընդամենը 2 ամիս անց՝ մայիսի 12-ի նամակում, կհայտնվի մի նոր հետադարձ հասցե՝ Մոսկվա Տրյոխպրուդնի նրբանցք, Անդրեևի տուն, բն. 19 ՝ Սուսաննա Պախալովային, Վահանի համար: