Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 12-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հերքելով Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ նրա կողմից իրականացվող արշավում թուրքական կամ ադրբեջանական հետքի առկայությունը։ «Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ «ադրբեջանական» կամ «թուրքական» փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց»,- գրել է նա՝ պնդելով, թե իբր այս մեթոդն օգտագործողներն այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահել փակուղու մեջ։ Նա Վեհափառին հերթական անգամ դիմել է ավազանի անունով, ինչպես նաև պնդել, որ վերջինս, իր խոսքով, պղծել է եկեղեցու սրբությունները, և նա ու իր նման վեղարավորները նվեր են Հայաստանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արեւշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար։ Նիկոլ Փաշինյանը նաև հերքել է այն տեղեկությունները, թե ինքը կաթողիկոսի թեկնածու ունի։ Հիշեցնենք՝ Oragir.News-ը նախօրեին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսի թեկնածուն Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն է, վերջինս վայելում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը։
Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի։ Այս գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հակեկեղեցական արշավին։ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը»,- նշել է նա։
Կառավարության ղեկավարը կարծում է, որ դժոխային իրադարձություններից հետո Հայաստանի առաջ բացվել են հեռանկարային հնարավորություններ: «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսակետից մեր երկիրը գտնվում է բավականին լավ և հեռանկարային վիճակում: Իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունն առաջիկա հարյուրամյակների համար, երբեք չենք ունեցել», - կառավարության այսօրվա նիստում պնդել է նա։ Փաշինյանն ընդունեց՝ իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, բայց, ըստ նրա՝ իրենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն է ստացել։ Եվ երկրորդ նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ, բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ միջազգային», - ասաց Փաշինյանը՝ իր ասածները հիմնավորելով այն հանգամանքով, որ 2026-ին Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, իսկ այս աշնանը՝ COP 17-ի համաժողովը:
Վաղարշապատի ավագանին այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար չի ընտրի: Կառավարող մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, այսօր տապալեց համայնքի ղեկավարի ընտրությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հնարավորություն ունենա նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Հայտնի է նաև ՔՊ-ի թեկնածուն․ նա Արմավիրի գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանն է: «Քաղաքացիական պայմանագիրը» ունի կայացրած որոշում, որ գնում է արտահերթ ընտրությունների, որը զուգահեռվելու է համայնքների միավորմամբ, և դրա համար կա անհրաժեշտ ընթակարգմ այն է՝ երկու անգամ անընդմեջ համայնքի ղեկավար չընտրվի», - ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունները կկայանան այն բանից հետո, երբ Վաղարշապատը խոշորացվի՝ ընդգրկելով նաև Խոյ համայնքը, որը ներառում է 17 գյուղ: Մեխակյանը հենց այս համայնքից է, մոտ երեք տարի էլ ղեկավարել է այն: Չնայած այս հստակ սցենարին, Դավիթ Խուդաթյանն այսօր պնդեց՝ համայնքների խոշորացման պատճառը Մեխակյանի առաջադրումը չէ: Վաղարշապատը արդեն մեկ ամիս է՝ համայնքապետ չունի: Նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը հեռացավ առանց բացատրությունների՝ պնդելով, թե դա անձնական որոշում է: Գասպարյանի ընտանիքի անդամները մինչդեռ նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել՝ հիմնականում կոռուպցիոն բնույթի:
Մանրամասները՝ տեսանյութում: