Oragir.News-ի տաղավարում հյուրընկալել ենք Հայկ Կարապետյանին՝ «Արմ Դրոն համայնք» ՀԿ-ի համահիմնադրին, որի գլխավորությամբ նախաձեռնված «Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օպերատիվության ծրագիրը» ստացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական երաշխավորումը որպես արտադպրոցական ուսուցման ծրագիր։
«Երեք տարի է զբաղվում ենք FPV դրոններով և առաջին համայնքն ենք Հայաստանում այս ոլորտում։ Դրոնների հետ կապված ամեն ինչ անում ենք՝ ուսուցումից սկսած մինչև հավաքում, կազմակերպում ենք միջոցառումներ և համատեղ թռիչքներ»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ այս պահին միայն իրենք են ացկացնում հայալեզու վիդեոդասընթացներ, որ մարզերում բնակվող երեխաները հայալեզու կոնտենտի շնորհիվ կարողանան սկզբնական գիտելիքներ ստանալ։
Հայկն արդեն 8 տարի զբաղվում է այս գործով, տարբեր ընկերություններում է եղել։ «Արմաթ» ինժիներական լաբորատորիայում աշխատել է երեխաների հետ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել թռչող սարքերի նկատմամբ։
«Եվ՛ երեխաներին էի սովորեցնում, և՛ ինքս էի սովորում, բավական շատ դաշտային թռիչքներ էինք իրականացնում, հավաքում, սարքում և կոտրում։ Այդ կերպ որոշեցի, որ իմ կազմակերպությունը պետք է հիմնեմ, և այն 3 տարի է՝ գործում է»,- պատմեց նա։
Անդրադարձ կատարելով «Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օպերատիվության ծրագիրը» արտադպրոցական ուսուցման ծրագիր դարձնելու թեմային, Հայկը նշեց, որ տվյալ ծրագիրը թույլ է տալիս դպրոցների հետ պաշտոնապես աշխատել։ Նա ընդգծեց, որ ծրագրի արդյունքում շատերն են հետաքրքրությամբ զբաղվում ԱԹՍ-ներով։
«Տեխնոլոգիական այս կրթությունը շատ մեծ հնարավորություն է տալիս։ Հայաստանում այս ոլորտի զարգացման համար պետք են տարիների փորձ ունեցող մասնագետներ։ Եթե ցանկանում ենք ունենալ լավ մասնագետներ, ապա պետք է ծրագիրը սովորել փոքրուց»,- ընդգծեց Հայկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։