Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:10 04-06-2025

Ո՞ւմ է ուզում լռեցնել Աննա Հակոբյանը 

Պարզ չէ, թե առաջնորդության ինչ դասընթացներ են անցել ՔՊ պաշտոնյաները, սակայն ակնհայտ է, որ նրանց սովորեցրել են դիմացինին լռեցնել։ Տրամաբանությունը պարզ է։ Եթե մարդիկ լռեն, ապա կլսեն քեզ։ Իսկ եթե լսեն քեզ, ապա դու կդառնաս առաջնորդ։ Այսինքն՝ կարևոր չէ, թե ճիշտ բաներ ես ասում, թե հիմարություն, կարևոր է, որ լռեն ու լսեն քեզ։

«… Ես ո՛չ միայն ձայնս հասանելի դարձրեցի։ Ես իմ ձե՛ռքն եմ մեկնում նրանց, որպեսզի օգնեմ վերև բարձրանալ։ Եթե չուզեն, նախընտրեն ցածրում մնալ, իրենց իրավունքն է, ոչինչ չենք կարող անել, ընտրությունն իրենցն է։ Բայց… Պետք է լուռ մնան։ Շը՛շշշշ։ Իսկ եթե նրանց համար կարևոր է չլռելը, իրենց տեսակետն ու մոտեցումներն արտահայտելը, ընդդիմադիր լինելը, շատ ավելի ողջունելի։ Միայն թե մեր միջավայրում խոսելու համար պետք է կրթվել։ Պետք է բարձրանալ հատակից»,- հունիսի 3-ին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Ի՞նչ է նշանակում «շը՛շշշշ», ո՞ւմ է ուզում լռեցնել, և ինչ է նշանակում՝ «մեր միջավայրում խոսելու համար պետք է կրթվել»։

Ժողովրդավարական երկրում ոչ ոք ոչ ոքի չի լռեցնում, այլ սահմանվում է ռեգլամենտ։ Օրինակ՝ ԱԺ-ում ելույթների, հարցերի համար տարբեր ժամանակաչափ է սահմանված։ Հանրային բանավեճերում նույնպես կարող են սահմանվել որոշակի կանոններ։ Քաղաքական համայնքի միավորերը կարող են միասնական խարտիա ստորագրել ու միմյանց վերաբերվելու բարոյական նորմեր, կանոններ հաստատել։

Ժողովրդավարական խոնարհությունը նույնպես շատ կարևոր է։ Վարչապետ կամ վարչապետի տիկին լինելն իրավունք չի վերապահում խախտել հավասարության նորմը, խոսքի իրավունքն ու ազատությունը և քաղաքացիներին լռեցնել, ասելով՝ «Պետք է լուռ մնան։ Շը՛շշշշ»։ Հակառակը՝ պետք է զարգացնել քաղաքական բանավեճի մշակույթը, սահմանելով միմյանց լսելու և ասելիքը հնչեցնելու նորմեր։ Իսկ եթե բոլորը բոլորին փորձեն լռեցնել, ապա ժողովրդավարությունը կավարտվի, կհաղթի զոռբայությունը։ Ով բարձր գոռա, բարձր ամբիոն ունենա կամ հզոր բարձրախոս, կարողանա մյուսներին լռեցնել, նա էլ կդառնա առաջնորդ, քաղաքականություն որոշող։ Այսպիսի մոտեցումը նույնիսկ մարդկային չէ։

Եթե «մեր միջավայր» ասելով, նկատի է ունեցել քաղաքական համայնքը, ապա այո, քաղաքական գարծունեությամբ զբաղվելու համար պետք է քաղաքական կրթություն և քաղաքական դաստիարակություն ստանալ, քաղաքական գիտելիքներ և քաղաքական բարոյականության նորմերը յուրացնել, հարազատել։ Այս առումով՝ կրթվելու կարիք ունեն և՛ ՔՊ-ականները, այդ թվում նրանց առաջնորդներ՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, և՛ քաղաքական համայնքի մյուս միավորները։

Ինչպես բժիշկն է շարունակաբար կրթվում, քանի որ մարդու կյանքի հետ գործ ունի, այնպես էլ քաղաքական գործիչները պարտավոր են շարունակաբար կրթվել, քանի որ քաղաքական պաշտոնյայի սխալի հետևանքով ազգային աղետ կարող է լինել, ժողովրդի մահվան ռիսկ ծագել։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքով տեղի ունեցավ պատերազմ, զավթվեց Արցախն ու ՀՀ տարածքի որոշ հատվածներ։

Ի վերջո՝ դիմացինին լռեցնելը իմաստ ունի, երբ կարևոր, շատ կարևոր բան ես ասում։ Աննա Հակոբյանն ի՞նչ կարևոր բան է ասում։ Նրա խոսքը «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ չի լսվում, կազմակերպիչներն են լռեցնում այն։ Նրա գրառումները տարածվում են բոլոր լրատվամիջոցներով, անկախ այն բանից՝ դրանցում գռեհիկ, վիրավորական բաներ կան, թե ոչ։ Հետևապես՝ իմաստ չկա այդ գրառումները հանային բանավեճի առարկա դարձնողներին լռեցնելը։

Կարճ ասած՝ դիմացինին լռեցնելը քաղաքավարության բաց է։ Իսկ քաղաքական միջավայրը դեռ սաղմնային վիճակում է, որի զարգացման ու կանոնակարգման համար շատ քիչ բան է արվում, տեղ տալով ատելությանը, միմյանց լռեցնելու ճիգերին, ապապետական, հակաժողովրդական ու հայհոյախառն խոսույթին։ Այն կանոնակագելու համար առաջին հերթին քաղաքական կամք է հարկավոր, որը Նիկոլ Փաշինյանը չունի։ Իսկ թե կոնկրետ ո՞ւմ է ուզում լռեցնել Աննա Հակոբյանը, տակավին անհայտ է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի