Հունիսի 2-ի ուշ երեկոյան Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարությամբ, ըստ էության, մերժեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուլտիմատիվ պահանջը Գարեգին Բ-ի գահընկեցության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նույն օրն առավոտյան նա ակնարկել էր, որ Գարեգին Բ-ն պիտի գահընկեց արվի։ «Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։
Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։
Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որովհետեւ տեսնում եմ հոգեւոր անվտանգության խնդիր, ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»։
Կաթողիկոսի հրաժարական տալու պարագայում կնշանակվի խոնարհ տեղապահ, ժամանակավոր պաշտոնակատար։ Մի շարք եպիսկոպոսներ, բնականաբար, կփորձեն հավակնել գահին։ ՔՊ-ն երկպառակություն, գզվռտոց կհրահրի նրանց միջև։ Մի քանիսն էլ կփորձեն քծնել Փաշինյանին, որ արժանանան հովանավորյալ թեկնածուի կարգավիճակին։ Այս իրավիճակում եկեղեցու միասնականությունը կխարխլվի, և նա կազմակերպված ազդեցություն չի ունենա ընտրություններում։
Եկեղեցին կարող է դիմադրել արտաքին աջակցությամբ։ Այսինքն՝ եթե միջազգային գործընկերներն աջակցեն Գարեգին Բ-ին և թույլ չտան Փաշինյանին գահընկեց անել նրան, ապա նա կմնա։ Քանի որ ՀՀ արտաքին քաղաքականությունը սևեռված է դեպի Մոսկվան, ինչը հավելյալ հաստատվեց Փաշինյանի՝ Մայիսի 9-ին Մոսկվա գնալով, ապա Գարեգին Բ-ին կարող է պաշտպանել Մոսկվան։ Հետևապես՝ նախքան գրոհելը, Փաշինյանը պետք է այնպես աներ, որ Մոսկվան չաջակցեր Գարեգին Բ-ին։
Ենթադրելի է, որ Փաշինյանն ունի Մոսկվայի հավաստիացումը։ Այսինքն՝ Մոսկվան արդեն խոստացել է Փաշինյանին, որ չի պաշտպանելու Գարեգին Բ-ին։ Փաշինյանի գրառման վերջին տողը պարունակում է ակնարկ, թե նա կարող է պարզաբանում տրամադրել հոգևոր խորհրդին, եթե վերջինս ունենա կասկածներ, թե վարչապետն ի՞նչ հիմքով է այդպիսի պահանջ ներկայացնում։ Այս ակնարկը չի վերաբերում կուսակրոնության թեմային։ Փաշինյանն այսպիսով եկեղեցուն ներկայացնելու է Պուտինի դրական դիրքորոշումը Գարեգին Բ-ին գահընկեց անելու հարցում։ Իսկ ռուսները Գարեգին Բ-ին դեմ են նույն պատճառով, ինչ ադրբեջանցիները։ Փաշինյանն օգտվելով Ռուսաստանի դրական դիրքորոշումից առաջ է տանում իր պահանջը։ Եթե նա ստացած չլիներ Պուտինի հավանությունը, այսպիսի խայտառակ գործընթաց չէր սկսի, քանի որ այն կտապալվեր ռուսների հակազդեցության արդյունքում։
Զրկվելով Կրեմլի աջակցությունից, Գարեգին Բ-ն կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ հեղափոխություն անի Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Քանի որ Արևմուտքի աջակցությամբ հեղափոխությունները որակվում են գունավոր, հետևաբար՝ այս հեղափոխությունը նույնպես որակվելու է գունավոր։ Ենթադրելի է, որ Գարեգին Բ-ի առաջնորդությամբ հեղափոխության արդյունքում Հայաստանը կարող է դառնալ կրոնապետություն, հարևան Իրանի նման։ Գարեգին Բ-ի առաջնորդությամբ ՀՀ-ն ավելի արագ քայլերով կարող է առաջ տանել ԵՄ անդամակցության գործընթացը։ Գարեգին Բ-ն, տեսնելով Պուտինի անթաքույց դավաճանությունն իր նկատմամբ, ավելի գործուն քայլեր կանի անկախության ամրացման ու ժողովրդավարության խորացման ոււղղությամբ։ Հայ եկեղեցին աշխարհի ամենաժողովրդավար քրիստոնեական եկեղեցին է։ Եվ զարմանալի չի լինի, որ նա ժողովրդավարական բարեփոխումների ջատագովը դառնա։ Իրադարձությունների այսպիսի զարգացման պարագայում մեծ պոտենցիալ ունի Բագրատ Սրբազանը, որը կարող է փաստացի առաջնորդել հեղափոխությունն ու ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը և Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտու կարգավիճակից։
Կարճ ասած՝ վիճակը նետված է, և հետընթացի ճանապարհ չկա։ Փաշինյանն անցել է ռուբիկոնը, պատրաստ է բացել խաղաթղթերը, կիրառելով իշխանության ուժային գործիքակազմը եկեղեցու առաջնորդին տապալելու, խոնարհ տեղապահով փոխարինելու համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը կա՛մ կհանձնվի կա՛մ գունավոր հեղափոխություն կանի։
Թաթուլ Մկրտչյան