Քաղաքական, հասարակական իրավիճակը միայն մեկ լույսով, մեկ կողմից ներկայացնելը որակվում է կողմնակալ, ոչ լիարժեք, հատվածական, երբեմն՝ տգեղ մոտեցում։ Գեղեցիկ է այն, ինչը տեսանելի է ամբողջությամբ։
«Հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրողություն է, ինքնիշխանությունը և անկախությունն իրողություն են, պետությունն իրողություն է, և մենք պետք է գնահատենք և փայփայենք այս ձեռքբերումները։ Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն»,- մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այո, ձեռքբերումները պետք է պաշտպանենք։ Սա բիզնեսի առաջին կանոնն է։ Սակայն Հայաստանի ձեռքբերումներն ու Նիկոլ Փաշինյանը միմյանց հետ կապ չունեն։ Վերջինիս անվան հետ կապվում են բացասական երևույթները, որոնց թվարկումը կարող է ամբողջացնել պատկերը։
Մասնավորապես՝ Արցախի զավթումն ու հայաթափումն իրողություն է։ ՀՀ ինքնիշխան տարածքի 200 կմ/ք հատվածի զավթումն ու կարևոր դիրքերը թշնամուն հանձնելն իրողություն է։ Արցախից 110 հազար հայրենակիցների բռնի տեղահանությունն ու նրանց մի մասի թշվառ վիճակը Հայաստանում իրողություն է։
Կոռուպցիան իրողություն է, ինչի վերաբերյալ Տիգրան Ավինյանը նշում է, որ համակարգում խնդիր կա։ Երբ ընդդիմադիր պատգամավորները կոռուպցիայի մասին հարց են տալիս Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս հավասարակշռությունից, մոռանում, թե որտեղ է։ Սա ամոթալի իրողություն է։
Զինծառայությունից համատարած խուսափելը իրողություն է, ինչի մասին փաստական տվյալներ են ներկայացնում Պաշտպանության նախարարը, Արդարադատության փոխնախարարը, նշելով, որ խուսափողների քանակը տարեցտարի ավելանում է։ Սա նույնպես ամոթալի իրողություն է։
Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն իրողություն է։ Երևանում 150 դրամ է։ Սակայն ավելի քիչ գումար է հավաքվում, քան նախկինում, երբ 100 դրամ էր, իսկ վարորդները, նրանց տնօրենները հավաքվածի մի մասը տուն էին տանում։
Ատելության թանձր մթնոլորտն իրողություն է։ ՔՊ-ն, նրա առաջնորդը ատելությամբ են շաղախում ամեն թեմա։ Նրանց հասցեագրված ցանկացած քննադատություն շուռ են տալիս նախկինների ուղղությամբ, համեմատվում նախկինների հետ, ստեղծելով կեղծ պատկեր, թե ընտրությունը միայն իրենց և նախկինների միջև է։ Գյումրիում անցած ընտրարշավի ժամանակ Փաշինյանը գող, թալանչի անվանեց բոլոր մրցակիցներին, որոնց շարքում կային երբեք պաշտոն չզբաղեցրած մարդիկ։ Փաշինյանի տիկինը՝ ամենօրյա ռեժիմով վիրավորական արտահայտություններ է հրապարակում իրեն քննադատողների հասցեին։ ՔՊ-ական համակիրները ամեն առիթով ատելության խոսքեր են ուղղում արցախցիների հասցեին։
Երևանի օդում փոշու չնոսրացող շերտն իրողություն է։ Համատարած շինթույլտվությունների արդյունքում փոշու պարունակությունն օդում երբեմն մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի նորմը։ Փամբակ գետի վրա հակաբնապահպանական նախաձեռնություններն իրողություն են։
Գալով բուն թեմային, անզեն աչքով էլ նկատելի է այն պարզ իրողությունը, որ անկախության ու ժողովրդավարության բարեփոխումների ուղղությամբ տեղաշարժ չկա։ Մեր երբեմնի բախտակից երկրները Հայաստանից տասնամյակներով առաջ են անցել, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ բալանսավորվածի քողի տակ ձգձգում է ռուսական իներցիոն ազդեցությունից ազատվելու օրը։ Եվ սա ամենացավալի իրողությունն է Մայիսի 28-ի տոնական ֆոնին։
Բացասական իրողությունների շղթան անվերջ է թվում։ Եվ այն աճելու միտում ունի։ Հանրության մի մասը մտավախություն ունի, որ ՔՊ-ն նոր վատ բաներ է բերելու ժողովրդի գլխին։ Հետևաբար՝ հոռետեսությունը ուղեկցում է Հայաստանին, քանի որ ՔՊ առաջնորդն է հոռետեսություն ներշնչում։ Նա ու թիմակիցները ամենաաղետալի սխալներ անելուց ու դրանք գիտակցելուց հետո նույնիսկ չհուսահատվեցին։ Ոչ ոք նույնիսկ հրաժարական չտվեց, խոստովանելով, որ աղետալի քաղաքական սխալներ է գործել։ Եվ սա ամենահուսահատեցնող իրողությունն է։
Կարճ ասած՝ լավատեսությունը, միայն լավ բաների մասին խոսելը իրականությունը, կյանքը լավը չեն դարձնի, երբ իրականում վատ է ու սխալ։ Եվ ինչքան էլ փորձ արվի պատրանք ստեղծել, թե անկախության ուղղությամբ քայլեր են արվում, միևնույն է բոլորն են տեսնում, որ դրական տեղաշարժ չկա ու չի էլ նշմարվում ՔՊ-ի օրոք։
Թաթուլ Մկրտչյան