Զինծառայության մասին օրենքում ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկը հավանության արժանացավ Կառավարության կողմից։ Զարմանալին այն է, որ այն ներկայացրեց ու պաշտպանեց Պաշտպանության նախարարը։ «Հայաստանում շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում: Հիմա հնարավորություն կտրվի, որ այն քաղաքացիները, ովքեր, անվտանգությունից ելնելով, փորձել են տարբեր ճանապարհներով բանակից ազատվել, բոլորի հետ հավասար ՀՀ ԶՈՒ-ում գոնե կրճատ ժամկետով ծառայության անցնել»,- Կառավարության մայիսի 22-ի նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նկատենք, որ պաշտպանության նախարարությունն է մշակում ու իրականացնում պաշտպանության ոլորտի քաղաքականությունը։ Եթե մարդիկ չեն ուզում ծառայել բանակում, հրաժարվում են ՀՀ քաղաքացիութունից, այլ ուղիներով խուսափում պարտադիր զինծառայությունից, ապա դրա պատասխանատուն կառավարությունն է, առաջին հերթին պաշտպանության նախարարությունը։ Ինչքան մեծ է խուսափողների քանակը, նշանակում է այդքան սխալ քաղաքականություն է վարում ՊՆ-ն։
Նիկոլ Փաշինյանն ու մի շարք ՔՊ-ականներ բազմիցս են քննադատել նախկիններին, որ բանակը լավ չեն պահել, թալանել են, պաշտպանական սխալ քաղաքականություն են վարել, ինչի արդյունքում մարդիկ չէին ուզում ծառայել բանակում, խուսափում ծառայությունից և այլն։ Սակայն պատկերը չի փոխվել։ Չնայած՝ ՔՊ-ի կատարած որոշ քայլերին, բանակից խուսափողների քանակը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է։ Ո՞վ է այս պատկերի պատասխանատուն։ Իհարկե՝ ՔՊ-ական իշխանությունը, առաջին հերթին ՊՆ-ն։
Տրամաբանական կլիներ, եթե պաշտպանության նախարարը պաշտպաներ իր վարած քաղաքականությունը և դեմ հանդես գար Հայկ Սարգսյանի նախագծին, արդարացներ ներկա իրավիճակը, հայտարարեր, որ Հայկ Սարգսյանի նախորդ առաջարկի պատճառով է վատացել իրավիճակը։ Այդպիսով կփորձեր պաշտպանվել։ Եթե պաշտպանության նախարարը կողմ է նախագծին, այդպիսով խոստովանում է, որ ձախողվել է։ Եթե ձախողվել է, ապա պետք է կողմ քվեարկելուց անմիջապես հետո հրաժարական տա։
Այս տրամաբանությունը ՔՊ-ական կառավարությունում չի գործում։ Պապիկյանը ոչ միայն հրաժարական չի տալիս, այլև խմբագրում է իր ձախողումը փաստող նախագիծը։ Ակնհայտ է, որ առաջարկված նախագծով իրավիճակը չի բարելավվի, բանակից խուսափողների թիվը չի պակասի, բանակում մահացության ռիսկերը չեն նվազի, ոչ կանոնադրային հարաբերությունները չեն վերանա, կամավոր ծառայողների թիվը չի ավելանա։ Հակառակը։ Կա ողջամիտ մտավախություն, որ իրավիճակն ավելի է վատանալու։ Եթե մարդը փրկագին վճարելու վարկ էր վերցնում ու մի 10 տարի վճարում, հիմա 15 տարի կփակի վարկը։
Այս նախագծի շեշտը բանակից ազատվելու փրկագինն է։ Այսինքն՝ ՔՊ-ին հետաքրքրում է ոչ թե բանակում ծառայելն ավելի գրավիչ ու օրինակելի դարձնելն, այլ չծառայողներից, խուսափողներից, ազատվողներից հնարավորինս շատ փող քերելը։ Եթե բանակում լավ պայմաններ լինեն, ռիսկերը կառավարելի լինեն, ապա խուսափողներն էլ քիչ կլինեն։ Հետևաբար՝ ՔՊ-ական պատգամավորի առաջարկած ու ՔՊ-ական նախարարի խմբագրած նախագիծը արդյունավետ կյանքի կոչելու համար նախարարությունն այնպիսի անտանելի, ծանր պայմաններ պիտի ստեղծի բանակում ծառայողների համար, որ երիտասարդը 1 կամ 4 ամիս ծառայելուց հետո ծնողներին խնդրի, աղաչի՝ իրեն ազատել բանակից։ Այսինքն՝բանակում եղած բոլոր վատ բաները պիտի ավելի վատացնեն, որ ավելի շատ մարդ ավելի շատ փրկագին վճարի ՔՊ-ական իշխանությանը։
Կարճ ասած՝ ՔՊ-ն 2021-ին տրված խոստումը բանակն արդիացնելու, բարեփոխելու մասին չի կատարում։ Ավելի ճիշտ՝ կատարում է հակառակը։ Ինչքան բարձրացնեն փրկագինն ու վատացնեն ծառայության պայմաններն, այնքան շատ մարդ, բնականաբար, կարտագաղթի ու կհրաժարվի քաղաքացիությունից։ Հետևաբար՝ Զինծառայության մասին օրենքում ՔՊ-ականների առաջարկած փոփոխությունները հակաժողովրդական են, ապապետական, վնասելու են բանակին, քաղաքացիներին, խթանելու են արտագաղթը, դասալքությունը, խորացնելու են աղքատությունը և մյուս սոցիալական չարիքները։ Փոխարենը մի քանի միլիոն դրամ կմտնի բյուջե։
Թաթուլ Մկրտչյան