Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:40 13-01-2023

Ինչքան շատ պետություններ են խառնվում Բերձորի խնդրին, այնքան այդ հարցը չի լուծվում․ միջազգայնագետ

Արևմուտքը երբեք էլ աչքի չի ընկել ուղիղ հայտարարություններով։ Սա նոր բան չէ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տարածած հայտարարությանը։ Նա դիմել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ կոչ անելով դիվանագիտական լուծում գտնել Բերձորի միջանցքով ապրանքների տեղափոխման համար, վերադառնալ խաղաղության օրակարգին։

«Արևմուտքը միշտ էլ երկու կողմերին է կոչ արել հանդարտության կամ, եթե որևէ բան ցանկացել է ասել, հիմնականում երկու կողմերին է ասել։ Իրենք չեն ցանկանում նեղացնել Ադրբեջանին՝ իրենց համար չափազանց կարևոր երկրին, Հայաստանը՝ ոչինչ։

Եթե Հայաստանի նկատմամբ գործողություն է անում Ադրբեջանը՝ ոչինչ, Հայաստանը կդիմանա։ Դա նոր բան չէ։ ԱՄՆ-ն երբեք աչքի չի ընկել ճշմարտության համար պայքարով։ Դրա համար ես դա նորմալ եմ գնահատում»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր գործադրվել են դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, որն էլ խախտել է Ադրբեջանը։ «Դրա համար Հայաստանն այստեղ դիվանագիտական ջանքեր գործադրելու ոչ մի բան չունի։ Ավելին, Հայաստանը պետք է ընդհանրապես դադարի այս խնդրին միջազգային տարբեր կազմակերպություններ ու պետություններ խառնել, որովհետև ինչքան շատ են պետություններ խառնվում, այնքան այս հարցը չի լուծվում»,- ասաց նա։

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն, ըստ միջազգայնագետի, որևէ էական բան չի կարող փոխել, հաշվի առնելով նաև, որ ԱՄՆ-ն խնդրի կարգավորման համար անհրաժեշտ որևէ լծակ չունի։ «Հայաստանն այս դեպքում մի գործ ունի անելու։ Պետք է դադարի այդ հակառուսականությունը, որ այսօր անհասկաալի պատճառով դրսևորվում է պետական կառավարման համակարգում և առաջին դեմքերի մակարդակում։ Ուղղակի նստի ու հասկանա, թե Ռուսաստանի հետ ինչպես են լուծում այս հարցը։ Եվ, եթե այս պահի դությամբ կան որոշակի խնդիրներ, Ռուսաստանը չի կարող ուժ գործադրել Ադրբեջանի նկատմամբ այդ ճանապարհը բացելու համար՝ տարբեր հասկանալի պատճառներով, ապա պետք է կարողանան հնարավորությունը գտնել՝ այլընտրանքային ճանապարհներով այդ մթերքի ու դեղորայքի մատակարարման հարցը լուծելու։ Այնքան ժամանակ, մինչև տեսնեն, թե այս հարցն ինչպես է կարգավորվում»,- ասաց նա։

Ըստ Բալասանյանի, այլ տարբերակները՝ միջազգային գործընկերներին դիմելու կամ օդային ճանապարհ բացելու ջանքերը չեն կարող ապահովել ցանկալի արդյունք։ «Օդային ցանկացած փոխադրության դեպքում Ադրբեջանը դա ներկայացնում է որպես բարի կամքի դրսևորում, ինչն այս պահի դրությամբ, մեզ պետք չէ։ Որովհետև Ադրբեջանը բարի կամք չի դրսևորում։ Ադրբեջանն ուղղակի միջազգային հանցագործություն է իրականացնում, որը պետք է պատժվի։

Ժամանական է արդեն, որ Հայաստանն իրերն իրենց անուններով կոչի։ Ցանկություն կա՞ կոչելու, դա այլ հարց է։ Կարծում եմ, որ պետք է դիմել համապատասխան ատյաններին՝ հասկանալու համար, թե իրենք առհասարակ ցանկություն ունե՞ն զբաղվելու այդ հարցով, թե՞ չէ։ Եթե չունեն, այդ դեպքում նոյեմբերի 9-ին ինչո՞ւ են ստորագրել մի հայտարարություն, որից հիմա իրենք սկսում են լվանալ ձեռքերը։ Այս բոլոր հարցերը պետք է տալ առաջին դեմքերին, որոնք այդ ամենի մեջ են, և հենց իրենք են եղել այս ամենի նախաձեռնողը՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է և վերջ»»,- եզրափակեց միջազգայնագետը։

Ամենից շատ դիտված