Ալեն Սիմոնյանն աբսուրդը ռեալությունից չի տարբերում
copy image url

Ալեն Սիմոնյանն աբսուրդը ռեալությունից չի տարբերում

Միտք Ներքին 2 ժամ առաջ - 13:00 21-05-2025
Մինչև 5-րդ դարը դպրոցներում 3 առարկա էին անցնում։ Տրամաբանությունը երեք առարկաներից մեկի՝ դիալեկտիկայի, առանցքն էր։ Դրանց իմացությունը ազատ մարդու, քաղաքացու համար հնադարում համարվում էր էական՝ քաղաքացիական կյանքին մասնակցելու համար։ Տրամաբանության պարզ բանաձևը հետևյալն է՝ եթե A=B, իսկ B=C, ապա A=C: Այս առումով՝ հիասթափություն է առաջանում, երբ ՀՀ բարձր պաշտոնյան անհեթեթ է որակվում այն, ինչը տրամաբանական է։

«Աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց»: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 19-ին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե 102-րդ ռուսական ռազմաբազան հանվելու է Հայաստանից:

Ինչո՞ւ է հանրությունը կարծում, թե ռուսական ռամակայանը դուրս կհրավիրվի Հայաստանից։ Ինչո՞ւ ՔՊ-ն չի քննարկում այդ հարցը։ Եվ ի՞նչ կլինի, եթե քննարկեն։

Թեման հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Հայաստանը և Ադրբեջանը սկսեցին աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա։ Տրամաբանորեն ենթադրելի է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական ռազմական ներկայությունը դառնալու է ավելորդ։ Ու մարդիկ ողջամտորեն կարծում են, որ եթե ՀՀ-ն անկախ է, և հարևանների հետ խաղաղության մեջ, ապա ռուսական ռազմակայանը ՀՀ-ում անելիք չունի։

Սակայն ԱԺ նախագահը զարմանալիորեն այլ կերպ է մտածում։ Նա բացառում է նման հարցի քննարկումը, անհեթեթ, անհասկանալի է համարում նման թեմա բացելը։

Դեռ 90-ականներից բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը հնարավոր է անկախ սուբյեկտների միջև։ Այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, երբ երկրներն ազատվեն ռուսական կախվածությունից։ Այդ հաշվի առնելով, 1994-ի զինդադարից առաջ միջնորդներն ու կողմերը պայմանավորվել էին, որ զինդադարից հետո Հայաստանից, Արցախից ու Ադրբեջանից դուրս են բերվելու ռուսական զորքերը։ Խաղաղությունը հետաձգվեց, քանի որ 1995-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայան տեղակայվեց։ 2020-ի պատերազմի լեգիտիմությունը հիմնվել է այն բանի վրա, որ ՀՀ-ն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ռուսական շահ է սպասարկում, ձգտում է խորացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Իսկ այսօր ՀՀ-ից ռուսական ռազամակայանը դուրս հրավիրելու հարցը քննարկելը կարող է դառնալ ապացույց, որ ՀՀ-ն իրոք ձգտում է անկախության, իրոք խաղաղություն է ուզում։ Եվ հակառակը՝ եթե ՀՀ-ն չի քննարկում ՀՀ-ից ռուսական ռազմակայանը դուրս հրավիրելու հարցը, նշանակում է՝ ՀՀ-ն չի ձգտում անկախության և խաղաղության։

Այս պնդումը տրամաբանական է, քանի որ մեր տարածաշրջանում խաղաղության երկու տարբերակ է քննարկվում, մեկը ռեալ է, մյուսն՝ անհեթեթ։

Ռեալ տարբերակով՝ խաղաղությունը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի անկախությունն ամրացնելուց և նրանց ռուսական ազդեցությունից դուրս բերելուց հետո, Հայաստանում և Ադրբեջանում ռուսական ազդեցությունը զրոյացնելուց հետո, այսինքն՝ նույն մոտեցումն է, ինչ կար 1994-ին։ Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս հրավիրելն այս օրակարգի առաջին հարցն է։ Այս տարբերակով հնարավոր է խաղաղության հասնել այսօր։ Ավելին՝ եթե 2021-ին ռուսական ռազմակայանը դուրս հրավիրելու հարցը բերվեր օրակարգ, ապա Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրած կլիներ միջազգային հանրության ճնշման տակ, ճանաչելով Արցախի հայերի իրավունքներն ու ազատությունները, գուցե նաև ինքնորոշման իրավունքը։

Անհեթեթ տարբերակով՝ խաղաղությունը հնարավոր է, եթե մեր տարածաշրջանում խորանա ռուսական ազդեցությունը, և աշխարհը հաշտվի, որ այս տարածաշրջանը ռուսական բոստան է, որտեղ Մոսկվան է որոշում, թե իր բոստանում ով մեռնի, ով սաղ մնա, ով իշխանություն լինի, ով ընդդիմություն, երբ պատերազմ լինի, երբ խաղաղություն հաստատվի։ Օրինակ՝ ռուսամետները կարծում են, թե եթե Հայաստանն ու Ադրբեջանը մտնեն միութենական եսիմինչի մեջ, ապա հաջորդ օրը ռուսական թելադրանքով կստորագրվի խաղաղության պայմանագրի ռուսական տեքստը, ՀՀ ինքնիշխանությունից էական զիջման գնով։ Այս տարբերակն անհեթեթ է ոչ թե այն պատճառով, որ այսօր ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Իրանը, Հնդկաստանն ու շատ երկրներ դեմ են Մոսկվայի ծավալապաշտական նկրտումներին, ոչ էլ այն պատճառով, որ այս տարբերակով Մեղրին տրվելու է չբարեկամներին, այլ այն պարզ պատճառով, որ այս տարբերակում՝ անկախ Հայաստանը չկա։ Իզուր չեն այս երկրներն աջակցում Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, սպառազինություն մատակարարում, դեմ հանդես գալիս ռուս-թուրք-ադրբեջանական հակահայ պլաններին և այլն։

Լավատեսորեն ենթադրելի է, որ Ալեն Սիմոնյանը տրամաբանության դասերին ուշադիր չի եղել ու չի տարբերում՝ ինչն է աբսուրդ, ինչը՝ քաղաքական ռեալություն։ Եթե նա ասեր, որ ինքն առաջիկայում ԱԺ-ում կբարձրացնի ռուսական ռազմաբազան դուրս հրավիրելու հարցն, ապա իրապես կնպաստեր խաղաղությանը։ Եվ իր այդ քայլը կարող էր հիմնավորել տրամաբանորեն։ Ցավոք՝ նա ասել է՝ «ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցը»։ Ու եթե գիտակցաբար է ասել, նշանակում է՝ նա անկախության ջատագով չէ, խաղաղությունն էլ պատկերացնում է Լավրովի պլանով, ինչն այսօր անհնարին է։

Թաթուլ Մկրտչյան