Մայիսի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Macan, A.V.G և Jakone-ի համերգը վերածվել է կազմակերպչական աղետի։ Տասնյակ ծնողներ ու դեռահասներ սոցիալական ցանցերում իրենց վրդովմունքն են հայտնել կատարվածի կապակցությամբ։
Oragir.News-ը զրուցել է փաստաբան Գոհար Մելոյանի հետ, որը մանրամասնորեն պատմել է տեղի ունեցած խառնաշփոթի մասին՝ մատնանշելով կազմակերպիչների կոպիտ սխալները․
«Դեռ համերգը չսկսված՝ խնդիրներ են ծագել տոմսերի վավերականության հետ։ Մարդիկ չեն կարողացել մուտք գործել դահլիճ, չնայած ձեռք բերած տոմսերին։ Ժամը՝ 18։30 մարդիկ եկել են, դռներին մոտեցել, բայց արդեն փակ են եղել դռները։ Պատկերացրեք՝ ժամը 20։00-ին սկսվող համերգի դռները 18։30 արդեն փակ էին»։
Մարդիկ օրեր առաջ գնել էին օրինական տոմսեր, հիմնականում՝ 5000 դրամ և բարձր ն արժողությամբ, բայց չեն կարողացել մուտք գործել համալիր։ Հետագայում պարզվեց՝ մեծ թվով տոմսեր կրկնօրինակված են եղել կամ կրկնված QR կոդերով, ինչի հետևանքով նույն տեղին համապատասխանող մի քանի մարդ միաժամանակ է ներկայացել։ Դահլիճի մուտքի մոտ առաջացած մարդկային կուտակումներն ուղղակի վտանգի տակ էին դրել անչափահասների կյանքն ու առողջությունը։
«Մուտքի մոտ մարդկային կուտակումները ահավոր էին, մի հատ ուղղորդող ոստիկան չկար։ Փոքրիկներին գրկել եմ, նստեցրել երկաթյա «պիրիլաներին», հորդորել բարձրահասակ երիտասարդներին՝ փոքրիկներին պահել, որ չճնշվեն։ Աստծո կամքով՝ ոչ մի դժբախտ պատահար տեղի չունեցավ»,- պատմում է մեր զրուցակիցը։
Դռները վերջապես բացվել են համերգի սկսվելուց մոտ մեկուկես ժամ անց՝ 21:40-ի սահմաններում, բայց ներսում արդեն տեղ չի եղել։ Դահլիճը եղել է լեփ-լեցուն, այն աստիճանի, որ հնարավոր չի եղել քայլել կամ տեղավորվել։
Փաստաբանը դիմել է կազմակերպիչներին, սակայն որևէ մեկը չի ներկայացել պատասխան տալու կամ ներողություն խնդրելու համար։
«Երեխաները ահավոր ձևով լացում էին։ Մեծ մասը մայրիկներ էին, որոնք կատաղած վիճակում էին, որովհետև ոչ մի բացատրություն չէին ստանում։ Ոչ մի պատասխանատու չկար»,- ասում է Գոհար Մելոյանը։
Սոցիալական ցանցերում տարածվել են բազմաթիվ հրապարակումներ, որտեղ օգտատերերը կիսվել են իրենց պատմություններով ու կոչ արել իրավական գործընթաց սկսել։
Դեպքի հետ կապված բազմաթիվ ծնողներ արդեն կապ են հաստատել միմյանց հետ՝ դատական քայլեր ձեռնարկելու համար։ Երեխաները 1-2 ամիս առաջ խնդրել են ծնողներին՝ թանկարժեք տոմս գնել, որ սիրելի արտիստի համերգին մասնակցեն, բայց հնարավորություն չեն ունեցել անգամ մոտենալ դահլիճի դռանը։
«Ես հրապարակային կոչ եմ արել, որ կազմակերպիչները կապվեն ինձ հետ։ Բայց իրենք բոլոր կապերն անջատել են և ոչ մի կերպ պատասխանատվություն չեն ստանձնել։ Հիմա ես իրավական պրոցես եմ մեկնարկում»,- հայտարարեց փաստաբանը։