ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլական կառավարիչների բանակի կազմաքանդման դեմարշը ոչ միայն շարունակվում է, այլև մտնում է նոր փուլ՝ ստանալով ավելի ճոխ փաթեթավորում և քաղաքական գունավորում։ Այս անգամ նախաձեռնության հեղինակը ՔՊ-ական Հայկ Սարգսյանն է, որի օրենսդրական առաջարկը վերջին օրերին քննարկվում է ԱԺ համապատասխան հանձնաժողովներում։
Ստորագրելով այս օրենսդրական փաթեթի տակ, իշխանությունն իրականում վերափոխում է բանակ-պետություն-հասարակություն հարաբերակցային համակարգը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել երեք տարբերակներից մեկը. ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և վճարել պետբյուջե 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և վճարել 20 միլիոն դրամ։
Այս մոտեցումը հերթական անգամ դնում է քաղաքացուն դաժան դիլեմայի առաջ՝ ծառայե՞լ հայրենիքին, թե՞ ֆինանսապես պարտավորություններ ստանձնել՝ ընտանիքը «փրկելու» նպատակով։ Ըստ էության, պետությունն ու փողը դրվում են նույն նժարի վրա, իսկ մարդուն առաջարկվում է ազատվել ծառայությունից՝ միլիոնավոր դրամների դիմաց։ Այս իրավիճակը հատկապես ծանր է լինելու սոցիալապես անապահով խավի համար, որն այս պահին նույնիսկ կենցաղային կարիքները բավարարելու համար ստիպված է վարկեր վերցնել։
Նիկոլի պնդմամբ՝ «Հայաստանի հերոսը հարկ վճարողն է», սակայն այստեղ հարցը արժեքաբանական է՝ հայրենիքի պաշտպանությունը վերածվում է ֆինանսական պարտավորության։ Այս օրինագծով հայրենիքը դրվում է փողի կողքին, և մարդուն ասում են՝ «եթե չես ուզում, որ տղադ ծառայի, վճարիր 20 միլիոն դրամ»։
Այս սցենարի մեջ կա մեկ այլ չափազանց վտանգավոր շերտ։ Բազմաթիվ ծնողներ, ովքեր չեն վստահում իշխանության բարոյալքված բանակին, ամեն ինչ անելու են՝ իրենց զավակներին այդ համակարգից հեռու պահելու համար, անգամ եթե դրա դիմաց ընկնեն միլիոնավոր պարտքերի տակ։ Հիպոթեքով տուն գնելու համար նախատեսված գումարները հիմա կարող են ուղղվել՝ երեխային բանակից «ազատելու» գործին։
Սա է Նիկոլի «իրական Հայաստանի» մոդելը, երբ առաջնայինը ոչ թե անվտանգ սահմանն է, այլ պետբյուջեի եկամուտները։ Եվ քանի որ չկա հանրային վստահություն՝ ոչ բանակի, ոչ էլ պետության հանդեպ, առաջանալու է քաոսային իրավիճակ, որտեղ ամեն ոք ամեն գնով կփորձի օրինական ճանապարհով խուսափել ծառայությունից՝ ձևականորեն հետևելով օրենքին, բայց խորքում մերժելով պետության հենքային ինստիտուտը՝ Զինված ուժերը։
Երբ Հայկ Սարգսյանը հայտարարում է, թե զինակոչի ենթակա քաղաքացիների 30–40 տոկոսն այսօր խուսափում է ծառայությունից, ապա ինչպե՞ս պատկերացնել, թե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ թիվը չի աճելու։ Իրականում հնարավոր է, որ 10-ից 7-ը հենց սկզբից ընտրեն «վճարելու և չծառայելու» ճանապարհը։
Այս ամենը շատ ավելի խորը ծրագիր է, քան թվում է առաջին հայացքից։
Թույլ բանակը, բարոյազրկված ծառայությունը և ծառայությունից «օրինական» խուսափելը ծառայում են այն նպատակին, որն այս իշխանությունից պահանջում են իր ադրբեջանաթուրքական տերերը: Զինված ուժերի կազմալուծումը թաքնված է «ընտրության ազատություն» անվան տակ, սակայն բովանդակությամբ դա պետական ինքնապաշտպանության մերժում է»: