Ուղիղ եթեր
Երևանի կոալիցիան կդիմանա՞, թե՞ կփլուզվի  
copy image url

Երևանի կոալիցիան կդիմանա՞, թե՞ կփլուզվի  

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 12-05-2025
Եթե պաշտոնյային առնչվող սկանդալն առնչվում է կոռուպցիոն կասկածներին, ապա տրամաբանական է նրա պաշտոնանկության թեման հետաձգելը մինչև քննության ավարտը, ելնելով անմեղության կանխավարկածից։ Սակայն Նոր Նորքի թաղապետի պարագայում սկանդալը կոռուպցիոն կասկածը չէ, այլ հակահասարակական արարքը, որը տեսախցիկների առաջ է տեղի ունեցել։ Թաղապետն իր աշխատասենյակի մոտ մի շարք աշխատակիցների հետ միասին մարդ է ծեծել։

Երևանի կոալիցիոն գործընկերները բարդ իրավիճակում են հայտնվել։ Ընդդիմախոսները կանխատեսում են, որ այս սկանդալի հետևանքով կոալիցան կփլուզվի։ Իսկ ՔՊ համակիրները ենթադրում են, թե սադրանքի նպատակն է փլուզել Երևանի կոալիցիան, սեպ խրել կոալիցիոն գործընկերների միջև, ջլատել նրանց ուժերը։ Մակերեսային դիտարկմամբ՝ այս երկու ենթադրություններն իրարամերժ են։ Սակայն ունեն ընդհանրություն, երկու դեպքում էլ կոալիցիայի փլուզումը հավանական է համարվում։

Ինչպե՞ս կարող են գործընկերները պահպանել կոալիցիան փլուզումից։

«Հանրապետությունը» չի ուզում զոհաբերել Նոր Նորքի թաղապետին։ Ավելին, նրա ներկայացուցիչներից մեկն ակնարկել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ անի Նոր Նորքի թաղապետին, ապա «Հանրապետությունը» դուրս կգա կոալիցիայից։ Փաշինյանը օրեր առաջ տեղեկացրեց, որ մտադիր է գործընկեր Արամ Սարգսյանի հետ քննարկել հարցը, հույս հայտնեց, որ խնդրի լուծման հարցում համակարծիք են։

Ենթադրելի է, որ ակնարկված հանդիպումը տեղի է ունեցել։ Եվ Փաշինյանը ստացել է նույն պատասխանը, այսինքն՝ եթե պաշտոնանկ է արվում, ապա գործընկերը դուրս է գալիս կոալիցիայից։ Եթե այսպես է, նշանակում է՝ գործընկերների միջև արդեն լուրջ տարաձայնություն կա։

Այս իրավիճակը արձագանք է գտնում նաև ՔՊ-ի ներսում։ ՔՊ-ականները ներսում տրտնջում են, թե Փաշինյանն իրենց խիստ սաստում է, թույլ չի տալիս, որ հակահասարակական բաներ անեն, իսկ գործընկերոջը թույլ է տրվում։ Այսինքն՝ պաշտոնանկությունը Փաշինյանի քմահաճությունը չէ։ Այն թիմի ներսում տրտունջները զսպելու և նման հակահասարակական արարքները կանխելու խնդիր ունի։ Իսկ գործընկեր «Հանրապետությունը» իր թիմակցին պաշտպանելն ավելի բարձր է դասում, քան կոալիցիոն գործընկերոջ առաջարկն ու խնդիրները։

Այսպիսով՝ ավելի է սրվում իրավիճակը։ Լինելով արևմտյան արժեքների կրող, Արամ Սարգսյանն թյուր ենթադրության տեղիք է տալիս, թե արևմտյան արժեքներով առաջնորդվողի համար ներքին խաղաղությունը կարևոր չէ, և հակահասրակական արարք գործած թիմակիցը կարող է ներողություն խնդրել ու շարունակել պաշտոնավարել, կարծես՝ ոչինչ էլ չի եղել։ Իսկ Փաշինյանը հայտնվել է անհարմար իրավիճակում։ Նրա ակնարկած վարքկանոնները, նորմերը կարծես՝ չեն հարգվում։ Տպավորություն է ստեղծվում, թե գործընկերը հաշվի չի առնում Փաշինյանի առաջարկը, հիմնավորումները։ Այսպիսի իրավիճակում կոալիցիան երկար չի դիմանա։

Պարզ ասած՝ լարված իրավիճակն ունի երկու լուծում։ Առաջինը՝ Փաշինյանը ավելի մեծ իշխանություն է խոստանալու գործընկերոջը, և լայն գործընկերության հուշագիր է ստորագրվելու այս երկու ուժերի միջև, ներառելով նաև առաջիկա ԱԺ ընտրություններում միասին կամ համաձայնեցված հանդես գալու թեման։ Դրա դիմաց գործընկերը կզոհաբերի թիմակցին։ Երկրորդ տարբերակով՝ Փաշինյանը խզելու է գործընկերոջ հետ գործակցությունը, ձեռք մեկնելով ռուսամետ ուժերին, նրանց հետ ձևավորելով նաև նոր քաղաքային իշխանություն։ Առաջին դեպքում կոալիցիան կընդլայնվի, երկրորդ պարագայում՝ կփլուզվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ