2018 թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չմեկնեց, քանի որ այդ օրը՝ վարչապետ ընտրվելուց ընդամենը մեկ օր անց, այցելեց Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնակատարություններին։
Մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո մայիսի 9-ին Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին այցելեց Ստեփանակերտ և Շուշի։ Նա մասնակցեց հաղթանակի տոնակատարություններին, այցելեց Արցախյան պատերազմի հերոսների գերեզմաններ, հանդիպեց զոհվածների ընտանիքներին և հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ ընդգծելով, որ Արցախի ժողովուրդը պետք է լինի բանակցային գործընթացի լիարժեք կողմ։
Այսպիսով, Փաշինյանի՝ 2018 թվականի մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու հիմնական պատճառը նրա որոշումն էր՝ առաջին պաշտոնական այցը կատարել Արցախ՝ ընդգծելու այդ տարածքի կարևորությունը։
2019 թվականին ևս Փաշինյանը չի մեկնել Մոսկվա, բայց շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Մեդվեդևին։ Ռուսաստանի նախագահին Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, գրել է․ «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ»։
Դմիտրի Մեդվեդևին Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ: Այս օրը մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առջև, որոնք փրկեցին աշխարհը ֆաշիզմից և ազատություն պարգևեցին միլիոնավոր մարդկանց»:
2019 թվականի մայիսի 9-ին Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Արցախ՝ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Արդեն 2020 թվականին Փաշինյանը հայտարարեց, որ համաճարակի պատճառով չի կարող մասնակցել Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Բոլորի համար էլ պարզ է, որ համաճարակը ձևական պատճառ էր, այլ ոչ թե իրական։ Փաշինյանի համար համաճարակը երբեք էլ խոչընդոտ չի եղել՝ սեփական քաղաքական հաշվարկները կյանքի կոչելու համար։
Հիշենք հանրաքվեն. համաճարակը տարածվում էր, բայց նա բազմամարդ հավաքներ էր կազմակերպում ու «այո» քարոզում՝ նպաստելով կորոնավիրուսի տարածմանը։ Համաճարակը, ըստ այդմ, պատճառ չէ։
Ավելին՝ Փաշինյանը նույնիսկ ռեկորդային կարճ ժամանակահատվածում բուժվեց կորոնավիրուսից, որպեսզի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառմանը։ Իսկ այդ ժամանակ նա ասում էր, որ կորոնավիրուսի պատճառով չի գնա։
Նշանակում է, որ կա՛մ նրան Մոսկվայից հասկացրել էին, որ չեն սպասում, կա՛մ ինքն էր որոշել դեմարշ անել և Հայաստանը վերջնականապես դարձնել հակառուսական տարածք՝ այդտեղից բխող բոլոր ցնցումային հետևանքներով. երկու դեպքում էլ շատ վատ է։
Հետո արդեն 2021-ին Փաշինյանը չգնաց Մոսկվա, քանի որ այստեղ նախընտրական շրջան էր, նրա թիմը ակտիվ զբաղված էր քարոզարշավով ու պատրաստվում էր հունիսի ընտրություններին։
2022 թվականին նոր էր սկսել ռուս-ուկրաինական պատերազմը, Հաղթանակի օրվա տոնակատարությունները Ռուսաստանում անցկացվեցին ավանդական ձևաչափով, սակայն որոշ վերապահումներով։ Տոնակատարությունները օգտագործվեցին նաև Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները արդարացնելու նպատակով՝ դրանք ներկայացնելով որպես պայքար Ռուսաստանի անվտանգության համար։
Փաշինյանը, սակայն, ինչպես նախորդ տարիներին, 2022-ին ևս չմասնակցեց զորահանդեսներին։
Վերջապես միայն 2023 թվականին Փաշինյանը դրսևորեց քաղաքական կամք ու հակառակվեց արևմտյան պահանջներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնելով Մոսկվա։
2023-ին Փաշինյանը մասնակցել է մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: «Վնուկովո-2» օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին որոշում է ստորագրել մայիսի 8-9-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն գործուղելու մասին։
2024 թվականի մայիսին Փաշինյանը չի մասնակցել Հաղթանակի զորահանդեսին, շատերը ասում են, որ դա կապված էր Սրբազան շարժման ակտիվության հետ, ու Փաշինյանը չէր կարող այդ կարևոր պահին մեկնել երկրից։ Սակայն հարց է առաջանում, երբ տեսնում ենք, որ Փաշինյանը ընդամենը մի քանի օր անց՝ մայիսի 14-ին, մեկնեց Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը։
Քննարկման մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական միությանը։ «Ո՞ր թվականին, ա′յս»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Այսպիսով, թեև 2024-ին Փաշինյանը որոշել էր չմասնակցել զորահանդեսին, այս տարի արդեն՝ 2025 թվականի մայիսի 9-ին, Փաշինյանը մասնակցեց Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին՝ չնայած նրան, որ Արևմուտքում պահանջում էին չմասնակցել դրան։
Փաշինյանը այսօր՝ մայիսի 9-ին, տոնակատարությունների ողջ ընթացքում նստել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողքին։
Այս դրվագների հետաքրքրական կողմն այն է, որ ոչ այդքան հեռավոր 2024-ին Փաշինյանը ցանկանում էր գնալ ԵՄ, բայց արդեն 2025-ին, դեմ գնալով արևմտյան դաշնակիցներին, Փաշինյանը մեկնեց Մոսկվա։
Վարչապետը բազմիցս հայտարարել էր, որ վարելու է բազմավեկտոր քաղաքականություն, բայց այստեղ հարց է առաջանում՝ արդյոք Փաշինյանը կառավարման միայն 7-րդ տարում դա հասկացավ, թե այստեղ կան ավելի լուրջ նպատակներ։
Հետևությունները թողնում ենք Ձեզ։
Ք․ Սահակյան