1941-1945 թվականների պատերազմին, որը խորհրդային բռնազավթման շրջանում կոչվում է «Հայրենական Մեծ պատերազմ», հայ ժողովուրդը տվել է 300 հազար զոհ, փոխարենը ստանալով ոչինչ։ 1945-ի հաղթանակից մինչև 1949-ը Հայաստանում սով էր՝ ԱՄՆ-ից, Անգլիայից մատակարարվող օգնությունը դադարել էր։ 1949-ի հունիսի 14-ին էլ Ստալինի հրամանով՝ տասնյակ հազար հայեր աքսորվել են Սիբիր։ Այս պատերազմն ու նրա շարունակությունը մեր պատմության ողբերգական էջերից մեկն է, ժողովրդին միայն ցավ, կորուստ է պատճառել։
Սա ամենն է, ինչ պետք է իմանալ այսպես կոչված՝ «Հայրենական Մեծ պատերազմի» մասին, որում հաղթանակի 80-ամյակն այսօր Մոսկվայում նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնական կայքում նշված է՝ «Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին»: ՀՀ կառավարության Ֆեյսբուքի էջում էլ՝ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ» գրառման տակ լուսանկարներ են հրապարակվել, որտեղ Փաշինյանը խաղաղ ու ժպտերես զրուցում է ՌԴ նախագահի և նրա հյուրերի հետ։ Նա մոռացե՞լ է Արցախի զավթման ու հայաթափման հարցում Ռուսաստանի մեղսակցության մասին, թե՞ հայ ժողովրդի տված 300 հազար զոհը, սովը, աքսորը նրա մոտ ժպիտ են առաջացնում։ Ո՞ւր են ընդդիմությանը ռուսական շպիոն անվանողները, ո՞ւր են անկախության ու ժողովրդավարության մասին մեծ-մեծ խոսողները։ Սա ի՞նչ կեղծավորության շքերթ է։
Փաշինյանն այս տարվա շնորհավորական ուղերձում առաջին անգամ չի կիրառել «Հայրենական Մեծ պատերազմ» որակումը։ «Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և Արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը»,- գրել է նա։ Եթե պատերազմն արդեն «հայրենական» չէ, ու հաղթանակն էլ միայն Մոսկվայինը չէ, ապա ինչո՞ւ է Փաշինյանը հենց Մոսկվայում, Պուտինի հետ միասին տոնում, ինչու՞ չի մասնակցում Արևմտյան դաշնակից երկրներում այս օրերին անցկացվող տոնական միջոցառումներին։
Բազմաթիվ առիթներով ՔՊ առաջնորդը քննադատում է իրեն ու գործընկերներին, որ քաղաքական խոսույթի առանցքում պետությունը չեն դնում, ապապետական բաներ ասում։ 1941-1945-ին անկախ Հայաստան չկար, բռնազավթված էր ու բռնակցված, հայերն էլ կատարում էին զավթիչի կամքը։ Արևմուտքում հայերը այլ երկրների, այլ քաղաքական երազանք ունցողների կամքն էին իրագործում։ Այսինքն՝ հայ ժողովուրդը, որպես ՀՀ քաղաքացիների միավորում, այս կռվին չի առնչվել։
Դրանից զատ՝ Խորհրդային միությունը պարտվել է Սառը պատերազմում ու դուրս շպրտվել Արևելյան Եվրոպայի երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից։ Հայաստանն ու նրա երբեմնի բախտակից երկրներն անկախացել են։ Մոսկվայի Մայիսի 9-ի հաղթանակից մնացել միայն ՌԴ գոյությունը որպես անկախ երկիր։ Երկրորդ աշխարհամարտում Մոսկվայի ու Արևմուտքի համատեղ հաղթանակից հետո հաստատված աշխարհակարգից բան չի մնացել։ Այս առումով՝ ՀՀ ղեկավարի այցը Մոսկվա հակաքաղաքակրթական հետամնացության ցուցիչ է։
Իհարկե՝ ֆաշիզմի դեմ հաղթանակը կարևոր իրադարձություն է մարդկության, արևմտյան քաղաքակրթության համար։ Եթե կարևոր է նաև Փաշինյանի համար, ապա կարող էր շնորհակալություն հայտնել ոչ միայն սիրելի ժողովրդին, այլև բոլոր մյուս ժողովուրդերին, որոնք մասնակցել են ֆաշիզմի դեմ պատերազմին՝ ամերիկացիներին, ֆրանսիացիներին, անգլիացիներին, ռուսներին, հնդիկներին։ Ի դեպ՝ հնդիկները 2,5 միլիոն զինվոր ու 87 հազար զոհ են տվել Երկրորդ աշխարհամարտում, բայց Հնդկաստանի տոների և հիշատակի օրերի շարքում այս հաղթանակի օրը չկա, որովհետև այդ շրջանում Հնդկաստանն անկախ չէր։ Ի տարբերություն Փաշինյանի, հնդիկներն այս պարզ բաները հասկանում են։
Կարճ ասած՝ Փաշինյանը կրկին սխալ բան է անում։ Մայիսի 9-ին Մոսկվա գնալը հակաքաղաքակրթական է, հակասում է 2023-ի սեպտեմբերի 24-ին Փաշինյանի հռչակված անկախության պաշտպանության շարժմանն ու 2023-ի հոկտեմբերի 17-ին ԵԽ-ում նրա՝ ժողովրդավարության մասին ելույթին, վիրավորական է ժողովրդի համար, ապապետական է։ Իսկ Մայիսի 9-ի ուղերձում կարելի էր չկտրվել թեմայից ու ԽՍՀՄ իրավահաջորդի՝ Ռուսաստանի առաջ բարձրացնել այս պատերազմի ժամանակ հայ ժողովրդին որպես թնդանոթի միս օգտագործելու, պատճառած կորուստների, տառապանքների ճանաչման ու հատուցման հարցը։ Նշենք, որ մեր երբեմնի բախտակից որոշ երկրներ այդպիսի պահանջներ արդեն ներկայացնում են։
Թաթուլ Մկրտչյան