2018-2024. ինչպես է Նիկոլ Փաշինյանն այցելել ու քանի անգամ է ասել Սարդարապատ
copy image url

2018-2024. ինչպես է Նիկոլ Փաշինյանն այցելել ու քանի անգամ է ասել Սարդարապատ

Ներքին 10 ամիս առաջ - 21:30 28-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի նորագույն պատմության մեջ այսօր տեղի ունեցավ աննախադեպ և ամոթալի մի միջադեպ. ոստիկանները տևական ժամանակ թույլ չէին տալիս, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և նրան ուղեկցող հոգևորականները մուտք գործեին Սարդարապատի հուշահամալիր, ինչպես նաև բռնություններ էին կիրառում հոգևորականների նկատմամբ։

Վեհափառի այցի ժամանակ Սարդարապատում էր գտնվում Նիկոլ Փաշինյանը, ով ի վերջո որոշել էր այցելել հուշահամալիր։ Իշխանական լրատվամիջոցները և փորձագետները կաթողիկոսի մուտքն արգելելու որոշումը պայմանավորել են այն հանգամանքով, որ հուշահամալիրի տարածքում այդ պահին պետական միջոցառում է անկացվել, որին վերջինս չի ցանկացել մասնակցել, ինչպես այլ պետական միջոցառումների, որը անցկացվում է երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ:

Սարդարապատում տեղի ունեցած ամոթալի միջադեպը հերթական անգամ ցույց տվեց գործող իշխանությունների ունեցած վախերը, ինչպես նաև փաստեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ուժային կառույցները։ Թեպետ ՔՊ-ականներն ու վերջիններիս քարոզիչներն օր ու գիշեր փորձում են հանրությանը վստահեցնել, որ երկրում ճգնաժամ չկա, իսկ գործող կառավարությունը վայելում է հանրության վստահությունը, այնուամենայնիվ այսօրվա միջադեպը վկայում է այն մասին, որ ճգնաժամ առնվազն առկա է, որն օրեցօր ավելի է խորանում։

Վաղ առավոտից հստակ չէր՝ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ մեկնելո՞ւ է, թե՞ ոչ։ Երեկ երեկոյան ժամերից Սարդարապատում էին Բագրատ Սրբազանն ու իր համակիրները, ուստի ենթադրվում էր Նիկոլ Փաշինյանը կխուփի Սարդարապատ այցելելուց, սակայն վերջինս ամեն դեպքում որոշեց այցելել հուշահամալիր։ Իշխանականները սա բացատրում են այն հանգամանքով, որ Փաշինյանն առավոտյան նախագահականում միջոցառման է մասնակցել, որից հետո է միայն Սարդարապատ մեկնել, սակայն ակնհայտ է, որ Փաշինյանը որոշեց Սարդարապատ այցելել միայն այն ժամանակ, երբ Սրբազանն ու վերջինիս շուրջ համախմբված ժողովուրդը հեռացել էր այնտեղից։

Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում, թե պաշտոնավարման 6 տարիներին Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին երբ և ինչպես է այցելել Սարդարպատի հուշահամալիր.

Պաշտոնավարման առաջին 2 տարիներին՝ 2018-ին և 2019-ին, Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան այցելել էր Սարդարապատի հուշահամալիր և այնտեղից ուղերձով դիմել ժողովրդին։ Այս ուղերձներում գերակշռում էին մայիսյան հերոսամարտերին մասնակցած, ինչպես նաև Առաջին Հանրապետությունը կերտած գործիչներին փառաբանող խոսքերն ու նրանց կատարած սխրանքի արժեվորումը։

2020 թվականին Նիկոլ Փաշինյանն այցելեց Սարդարապատ, սակայն Հանրապետության օրվա կապակցությամբ հուշահամալիրում բազմամարդ միջոցառում չանցկացվեց, քանի որ այդ օրերին Հայաստանում մոլեգնում էր կորոնավիրուսային համավարակը և հայտարարված էր արտակարգ դրություն։ Փաշինյանը 2020-ին իր ուղերձում կրկին բարձր էր գնահատում մայիսյան հերոսամարտերի նշանակությունը, փառաբանում դրանք կերտած գործիչներին, ինչպես Հայաստանի և Արցախի Հանրապետությունները։

2021 թվականին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան այն ժամանակված նախագահ Արմեն Սարգսյանի ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հարգանքի տուրք էին մատուցել Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներին։ Թեև Փաշինյանն այս օրը այցելել էր Սարդարապատ, սակայն լրագրողներին առանց որևէ բացատրության չի թույլատրվել մոտենալ հուշահամալիրին ու լուսաբանել միջոցառումը կամ հարցեր տալ պաշտոնյաներին։

2022-ին և 2023-ին Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ այցելեց նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ։ Այս տարիներին Փաշինյանն իր ուղերձներում բավականին զուսպ բառամթերքով էր հանդես գալիս, չէր հիշատակում ինչպես մայիսյան հերոսամարտերը կերտած գործիչներին, այնպես էլ այն երկրի զինված ուժերին (Թուրքիայի-խմբ), որոնց դեմ տարած հաղթանակներում ծնունդ էր առել Առաջին հանրապետությունը։

Նշենք, որ նախքան 2021 թվականը Ամենայն Հայոց կաթողիկոսը նույնպես մասնակցում էր Սարդարապատում անցկացվող տոնակատարություններին, սակայն 2021-ից սկսած, երբ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև խորը անջրպետ առաջացավ, վերջիններս այլևս համատեղ միջոցառումների չեն մասնակցում, անգամ եթե այդ միջոցառումները համապետական նշանակություն ունեն։

Փաշինյանն առ այսօր չի կարողանում մոռանալ, որ 2020-ի աղետելի պատերազմից հետո Վեհափառ հայրապետը պահանջել է իր գլխավորած կառավարության հրաժարականը, իսկ վերջերս էլ հայտարարել, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը հայրական հորդոր է, որը ժամկետներ չունի՝ փաստացի վերահաստատելով այն։

Ավելի ուշ նաև հայտնի դարձավ, որ Սարդարապատից հեռացրել են Կաթողիկոսի անունից դրված ծաղկեպսակը, ինչը ոչ այլ ինչ է քան գործող իշխանությունների ունեցած վախերի արտացոլումն ու փոքրհոգիության վկայությունը։

Oragir.News-ը միևնույն ժամանակ նկատել է, որ Նիկոլ Փաշինյանի մայիսքսանության ուղերձներից գրեթե անհետացել են Սարդարապատի հերոսամարտի մասին հիշատակումները.

Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանն իր ուղերձներում մի քանի անգամ խոսում էր Սարդարապատի հերոսամարտի մասին, ընդգծում վերջինիս դարակազմիկ նշանակությունը։ Մասնավորապես 2018 թվականի ուղերձում Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ բառն օգտագործել է 5, 2019-ին՝ 7, իսկ 2020-ին 5 անգամ՝ տարբեր առիթներով ընդգծելով, որ հայկական ինքնապաշտպանական ուժերը հաղթանակ են տարել թուրքական կանոնավոր բանակի դեմ և այդ հաղթանակների արդյունքում անկախություն հռչակել։

Արդեն հետապատերազմական առաջին տարիներին՝ 2021-ին և 2022-ին, Նիկոլ Փաշինյանն իր ուղերձներում Սարդարապատ բառն օգտագործում է 2 անգամ.

2021-ի ուղերձում Փաշինյանը մի դեպքում նշում է, որ հայ ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում մեկընդմիշտ հաստատել ինքնիշխան պետություն ունենալու իր անքակտելի իրավունքը, իսկ մյուս դեպքում Սարդարապատ անունը հիշատակում է, երբ խոսւմ է մայիսյան հերոսամարտերը կերտած գործիչների մասին՝ առանց փառաբանելու վերջիններիս։

2022-ին կառավարության ղեկավարը Սարդարապատ տերմինը հիշատակում է՝ նշելով, որ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, ուղերձի վերջում էլ համոզմունք հայտնելով, որ Սարդարապատի հերոսները, Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար:

Արդեն 2023 և 2024 թվականներին Նիկոլ Փաշինյանն իր ուղերձներում Սարդարապատ տերմինն օգտագործում է բացառապես 1 անգամ և այն կրում է բացառապես ինֆորմատիկ բնույթ։ Ստորև ներկայացնում ենք նաև այդ հիշատակումները.

2023. «Այս դարակազմիկ իրադարձությունը տեղի ունեցավ կայսրությունների փլուզման, նոր կայսրության եւ աշխարհակարգի ձեւավորման պայմաններում, երբ մեր ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում կարողացավ ապացուցել ապրելու իր իրավունքը»:

2024
. «Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը մեր պետական տոնացույցի կարևորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ»:

Այսպիսով՝ հետպատերազմական տարիներին փոխվել են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մայիսքսանության ուղերձների շեշտադրումները, այլև անգամ Սարդարապատի և մյուս հերոսամարտերի հիշատակումները և դրանք դարձել են բացառապես ինֆորմատիվ բնույթ կրող։ Կարելի է միայն ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը նման կերպ ձգտում է չվնասել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, չնայած այն բանին, որ այդ երկիրը Հայաստանի հետ հարաբերությունները կարագավորելու մտադրություն չունի։


Ամենից շատ դիտված