«Ադրբեջանը պարբերաբար ցուցադրում է իր «մկանները», փորձելով վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանի շուրջ։ Պետք է նշել, որ Նախիջևանում գրեթե ամեն տարի, այս ժամանակահատվածում, անցկացվում են զորավարժություններ գրեթե նույն նպատակադրություններով։ Նախիջևանը Բաքվի համար համարվում է ռազմավարական առումով բացառիկ կարևորություն ունեցող շրջան, որը, նրանց պատկերացմամբ` կարող է օգտագործվել «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը։

Նրա խոսքով՝ Նախիջևանում անցկացվող զորավարժությունները նորություն չեն։ Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները։
Իգիթյանը նաև անդրադարձավ Թուրքիայի դերին, ընդգծելով, որ Անկարան մշտապես հայտարարել է, թե Ադրբեջանի բանակն իրենց բանակն է, ինչը նշանակում է՝ հանդես են գալիս որպես մեկ ուժ։
«Թուրքիայի ազդեցությունը Նախիջևանի վրա միշտ էլ մեծ է եղել։ Վերջին տարիներին այդ ներգրավվածությունն էլ ավելի է աճել, ինչը նորություն չէ։ Նախիջևանի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հարցում Թուրքիան ունեցել է առանցքային դերակատարում»,- ասաց փորձագետը։
Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրումները միայն սպառնալիք չեն, այլ նաև նախապատրաստություն հնարավոր ռազմական գործողությունների։
«Ադրբեջանը մշտապես հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրմա համար ժամանակն անսահման չէ, և հետևողականորեն մեղադրում է հայկական կողմին կրակ բացելու մեջ։ Հիշենք Ապրիլյան պատերազմը։ Դրան էլ նախորդել էր ուժի մեծ ցուցադրում, սակայն այդ ժամանակ նրանք ձախողվեցին՝ չհասնելով իրենց նպատակին»,- ընդգծեց Իգիթյանը։
Վերլուծելով խաղաղության թեմայի շուրջ իշխանությունների հռետորաբանությունը, Իգիթյանն ասաց, որ դեռ 2021-ից շրջանառվում է «խաղաղության» թեզը, սակայն, իր դիտարկմամբ, այն չի համապատասխանում իրականությանը։
«Մշտապես կրկնում են, թե խաղաղությունը մոտ է, բայց փաստերն այլ բան են վկայում»,- եզրափակեց փորձագետը։