Հանրության մի մասն ակնկալում է, որ Նոր Նորքի թաղապետը հրաժարական կտա, որ մյուս պաշտոնյաները նույն հակահասարակական արարքը չկրկնեն, չխախտվի ներքին խաղաղությունը։ Իսկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու մեջ սադրանք է տեսնում, որը ծրագրվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը։ «Ես, իհարկե, չեմ արդարացնում նյարդերի չդիմանալը: Ինձ համար ակնհայտ էր, որ այդ ամենը սադրանք էր, որ Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է այդ սադրանքին չգնար՝ էդ էլ եմ շատ լավ հասկանում»,- ասել է Արամ Սարգսյանը լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ հարցազրույցում։
Այս տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում դժվար է չնկատել ավելի մեծ սադրանք։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնալու է Մոսկվա ու մասնակցելու է շքերթի։ Նկատենք՝ Երամիության ներկայացուցիչները մի քանի անգամ պարզ զգուշացրել են ԵՄ անդամակցելու հայտ ներկայացրած երկրներին, որ մայիսի 9-ին Մոսկվա գնացողների առաջ կփակվեն ԵՄ դռները։ Չի բացառվում, որ Փաշինյանի Մոսկվա այցից հետո կվերանայվեն ՀՀ-ԵՄ որոշ ծրագրեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունը, որն անվտանգային մեծ նշանակություն ունի Հայաստանի համար։
Այս առումով՝ կարելի է հիմնավորել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին նախատեսված այցը Մոսկվա, Պուտինի կողքին կագնելը սադրանք է։
Ցավոք՝ եվրաինտեգրման ջատագով քաղաքական գործիչների ուժերի կողմից հակազդեցության պակաս կա։ Փաշինյանի՝ մայիսի 9-ին նախատեսված Մոսկվա այցը հակասում է եվրաինտեգրման, ՀՀ անկախության, ժողովրդավարության ջատագովների դիրքորոշմանն ու սկզբունքներին։ Նրանց մի մասը տարբեր հարցերում սատարում է Փաշինյանին, արդարացնում նրա քայլերն ու որոշումները, սակայն այս վտանգավոր այցի հետ կապված խուլ լռություն են պահպանում։
Մայիսի 9-ին Մոսկվա նախատեսված այցը գոյութենական ռիսկեր է առաջացնում ժողովրդի համար։ Այսինքն՝ սադրանք է նաև ժողովրդի դեմ։ Տպավորություն կստեղծվի, թե ոչ միայն Փաշինյանն է ձգտում խորացնել ՌԴ ազդեցությունը Հայաստանում, այլև ժողովուրդը ժողովրդավարության, անկախության դեմ է։ Հայաստանն ու ժողովուրդը կհամարվեն քաղաքակրթության թշնամիների դաշնակիցներ, հակաքաղաքակրթական վտանգ, որը պետք է չեզոքացնել։ Այսինքն՝ Թուրքիան կարող է աշխարհին կրկին համոզել, որ ՀՀ-ն, նրա իշխանությունը, ժողովուրդը հակաքաղաքակրթական ուղեգծի վրա են, նպաստում են Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը։ Այս կերպ, ինչպես արել են 2020-2022 թվականներին, կփորձեն կրկին լեգիտիմացնել կանխատեսելի ագրեսիան ՀՀ-ի դեմ, որից, ենթադրաբար՝ շահելու են չբարեկամները, տուժելու են Հայաստանն ու ժողովուրդը, ունենալով տարածքային կորուստ, մարդկային զոհեր։
Ի վերջո՝ մայիսի 9-ը ողջամիտ, սթափ հայացքի ներքո միայն կորուստների պատկեր կարող է մատուցել ժողովրդին՝ 300 հազար զոհ, սով, հետո բռնաճնշումներ, զանգվածային աքսոր։ Փաշինյանի նախատեսված այցի պարագայում ազատ աշխարհը կարող է մտածել, որ հայ ժողովուրդը ոչ միայն անկախությանն ու ժողովրդավարությանն է դեմ, այլ համարժեք չի արձագանքում իրականությանը, գովերգում է մի բան, որը նրան միայն աղետալի կորուստներ է պատճառել։
Տարօրինակ է, որ «Հանրապետություն» կուսակցությունը, որը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու համար վիթխարի աշխատանք է տարել, կարծես՝ չի անհանգստանում Փաշինյանի այս սադրանքի կապակցությամբ, որի արդյունքում նրանց կատարած աշխատանքը կարող է ջուրն ընկնել։ Սակայն Նոր Նորքի թաղապետի հակահասարակական արարքը պայմանավորում է սադրանքով, փորձում է հիմնավորել, թե ինչու իր անդամը պետք է հրաժարական չտա կամ պաշտոնանկ չարվի։
Թաթուլ Մկրտչյան