Ամբարիշտները պատրաստվում են գրոհի՞
copy image url

Ամբարիշտները պատրաստվում են գրոհի՞

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:05 30-04-2025
Խոսքի մեջ հակասականությունն ու իրարամերժությունը սակավակրթության կամ հոգեբանական խնդրի առկայության ցուցիչ է։ Այսինքն՝ երբ մարդը մի բան է ասում, կարճ ժամանակ անց՝ հակառակ բան, ապա կա՛մ սակավակրթության պակասի պատճառով չի հասկանում, որ դրանք իրար հակասում են, կա՛մ անհատականության դիսոցիատիվ խանգարում ունի (ոչ մասնագիտական բառապաշարում առավել հայտնի որպես անձի երկատում, անձի երկվություն)։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, ապրիլի 29-ի ֆեյսբուքյան գրառումը լի է սխալներով, և իհարկե՝ ժողովրդի հանդեպ ատելությամբ։

«Կրթվելը նորաձեւ է շարժումը եւ այն գաղափարը, որ դրված է շարժման հիմքում հազարավոր մարդկանց շրջանում մեծ ըմբռնում եւ աջակցություն է վայելում։ Իսկ գաղափարը մեկն է՝ բոլորս պետք է մշտապես կասկածենք մեր իմացածին եւ պետք է մշտապես կրթվենք։ Մենք ունենք սակայն մոտ 50 չարացած եւ ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռեւս շատ ԲԱՐՁՐ են պահում ՏԳԻՏՈՒԹՅԱՆ պատիվը։
Ինչպե՞ս։ Շատ հեշտ։ Դրա համար մեծ ջանք պետք չի։ Ընդամենը՝ ասում ես ինչ խելքիդ փչի։ Մեկնաբանում ես՝ ինչպես խելքիդ փչի։ Հանրային խոսքիդ սահմաններն անցնում ես ինչքան խելքիդ փչի։ Եւ որ ամենակարեւորն է՝ փաստերի եւ իրականության հետ հարաբերություններում հասնում ես նախանձելի իդիլիայի, որովհետեւ աչքդ չի տեսնում, ականջդ չի լսում, եւ դու մենակ ես մնում սեփական՝ իդիլիական տգիտության հետ։
50-100 հոգի կարող են սա իրենց թույլ տալ։
Մենք՝ մնացած բոլորս, պետք է կրթվենք։ Պետք է կրթվենք ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարեկեցիկ եւ ավելի երջանիկ դառնալու համար»,- գրել է Աննա Հակոբյանը։

«Կրթվելը նորաձև է» արշավի կազմակերպիչն այսքան հուսահատ, սխալներով, ատելությամբ լի տեքստով ի՞նչ է ակնարկում։

Նախ նշենք, որ Ռենե Դեկարտի կասկածի-հավատի տեսությունը վաղուց հնացել է, տեղը զիջելով Չարլզ Սանդերս Պիրսի պրագմատիզմին։ Հիմա մարդուն հավատում են, քանի դեռ չի ապացուցվել, որ նա ստում է։ Եվ կասկածը չէ կրթվելու խթանն, այլ խնդիրը, որի բանալին գտնելը մղում է դեպի գիտելիքն ու տեղեկատվությունը։ Եթե չի դրվում բարդ խնդիր, ապա հավելյալ գիտելիք ստանալու, բանաձև դուրս բերելու անհրաժեշտություն չի էլ լինում։

Հաջորդը՝ շատերը կարող են վկայել, որ բազմաթիվ հարցերում ՔՊ-ն ագրեսիվ կեցվածք է դրսևորում, իսկ նրա հետևորդները չարացած հարձակվում են ժողովրդի վրա։ Հետևապես՝ կարելի է ենթադրել, որ «50 չարացած եւ ագրեսիվ հայրենակիցներն, ովքեր մեզանում դեռեւս շատ ԲԱՐՁՐ են պահում ՏԳԻՏՈՒԹՅԱՆ պատիվը» ևս ՔՊ շարքերում են, քանի որ հանրության մեծ մասը հասկանում է, որ «Կրթվելը նորաձև է» արշավի քողի տակ ՔՊ-ն նախընտրական քարոզարշավ է սկսել, փորձելով բարձրացել վարկանիշն ու համալրել մարդկային ռեսուրսները։ Այլ խնդիր այս արշավը չունի։ Մյուս կողմից՝ եթե ընդամենը 50-100 մարդ չի ուզում մասնակցել «Կրթվելը նորաձև է» արշավին, ապա ինչո՞ւ է 3 միլիոնի մեջ այս չնչին թիվն այդքան անհանգստացնում կազմակերպչին։

Պատասխանը կարելի է գտնել արշավի առաջնորդի գրառման հաջորդ տողում։ Պարզվում է, որ իրական թիրախը խոսքի ազատությունն է, ժողովրդավարության ամենամեծ նվաճումներից մեկը։ Եվ «Կրթվելը նորաձև է» արշավի իրական նպատակը կրթվելը չէ, այլ խոսքի ազատությունը սահմանափակելը։ Հավանաբար՝ կարծում են, թե խոսքի ազատության պարագայում ՔՊ-ն չի կարող վերընտրվել առաջիկա ԱԺ ընտրություններում։ Պատկերավոր ասած՝ ամբարիշտները, որոնց խաղաղություն չկա, առաջիկայում գրոհ են կազմակերպելու ժողովրդավարական սրբություններից մեկի՝ խոսքի ազատության դեմ։

Եվ ի վերջո՝ ապշեցուցիչ է «իդիլիա» բառի անտեղի կիրառումը։ Կրթված մարդիկ գիտեն այս բառի նշանակությունը։ Եթե ամբարիշտներին խաղաղություն չկա, ապա երանելի իդիլիայի կարողանում են հասնել Աստծուն հավատացող, կրթված մարդիկ, որոնք այնքան բարի են ու այնքան բան գիտեն, որ ամեն չնչին բանից չեն վրդովվում, չեն չարանում, չեն վախենում ու ՔՊ-ականների նման ագրեսիվ կեցվածք չեն դրսևորում։

Կարճ ասած՝ հույս կա, որ «Կրթվելը նորաձև է» արշավի կազմակերպիչները իրենց կանխատեսելի ձախողումից չեն չարանա, գրոհներ չեն կազմակերպի խոսքի ազատության, ներքին խաղաղության դեմ, կկփորձեն ազատվել ժողովրդի հանդեպ ատելությունից, կդադարեն վիրավորել ու սպառնալ ժողովրդին։

Թաթուլ Մկրտչյան