Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:10 29-04-2025

Ռոբերտ Քոչարյանը համախմբմանը դեմ չէ, Արայիկ Հարությունյանը վախեցել է, վրանը կհանվի. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 29-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմադիր ուժերը կարող են համախմբվել։ «Նայած մենք ի՞նչ ենք հասկանում համախմբվելու տակ։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է»,- «Հայկական համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը նշել է երկրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե այս պահին կա՞ հնարավորություն ընդդիմադիր դաշտը համախմբելու և համատեղ պայքարի դուրս գալու ներկա իրավիճակի դեմ։

Աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի՝ Amnesty International-ի ներկայացուցիչները փաստել են, որ նախորդ տարի հունիսի 12-ին ոստիկանությունը ցուցարարների դեմ անօրինական ուժ է կիրառել։ 2024 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում տիրող իրավիճակի մասին այսօր հրապարակված զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում իրավապաշտպանները նշում են․ «Վարչապետի հրաժարականի պահանջով ապրիլին և մայիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը մի քանի անգամ անօրինական ուժ է կիրառել։ Հունիսի 12-ին Երևանի կենտրոնում բախում է տեղի ունեցել ոստիկանության և սահմանազատման դեմ բողոքող ցուցարարների միջև։ 101 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկանության 17 աշխատակից։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ 98 մարդ ձերբակալվել է, նրանցից առնվազն 15-ին հետագայում հասարակական կարգը խախտելու և խուլիգանության մեղադրանքներ են առաջադրվել։ Ոստիկանության գործողությունների իրավաչափության և օրինականության վերաբերյալ հետաքննության արդյունքում իրավապահներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»: Իրավապաշտպանների խոսքով՝ նախորդ տարվա գարնանը սկիզբ առած ցույցերի ևս մեկ առանձնահատկությունը լրագրողների դեմ ճնշումներն էին:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Ազատության հրապարակից կհանի վրանը: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը: «Երեկ հանդիպում ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, ով փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղերձը և իրենց դիրքորոշումը: Վաղը տեղի է ունենալու կառավարության նիստ, նրանք ոչ միայն 2 ամսով երկարացնելու են 40 հազարով աջակցությունը, այլ ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը: Մենք ներկայացրել ենք բնակապահովության ծրագրի վերաբերյալ բոլոր կետերը որոնք բարելավման կարիք ունեն, նրանք ընդունել են դրանք»,- ասաց նա: Իսկանդարյանը նաև նշեց, որ միևնույն ժամանակ ընդունել են, որ աջակցության այս ծրագրերը չեն գործում, և խնդրել են իրենց կարծիքը և իրենք էլ ներկայացրել են իրենց ծրագրերը: «Առաջիկայում համատեղ աշխատելու ենք և 10 օրվա ընթացքում Խորհուրդը հանրությանը ներկայացնելու է կատարած աշխատանքի մասին, որից հետո մեր հայրենակիցները կգնահատեն մեր աշխատանքը, և եթե կարիք լինի երկրորդ հանրահավաքը անելու, մենք կաշկանդված չենք և գնալու ենք այդ քայլին»,- ասաց նա։

Բլոգեր Արթուր Չախոյանն այսօր հրապարակել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի՝ հայհոյանքներով ու սպառնալիքներով լի ձայնագրությունը, որոնք ուղղվախ էին իրեն, և ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Ձայնագրությունում լսվում է նաև Չախոյանի՝ պատասխան հայհոյանքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր բլոգեր Արթուր Չախոյանը, «թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը զանգահարել է, սպառնացել և՛ իրեն, և՛ ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին»։ Տիգրան Ավինյանը արդարացրել է Նոր Նորքի ղեկավարի պահվածքը՝ նշելով, որ բոլորի նյարդերն էլ կաող են տեղի տալ. «Այն պահի դրությամբ, երբ արդեն անցնում են անձերի բարոյականությանը, վիրավորանքների, կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորի նյարդերն էլ կաող են տեղի տալ ու մի բան էլ մյուս կողմը ասի, մի բան էլ ավել ասի: Ու սրանից հետո, ժողովուրդ ջան, կներեք, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ով մտածում է, որ ինքը անձ վիրավորելով պատասխան չի ստանա, չարաչար սխալվում է»,- ասաց Ավինյանը՝ խուսափելով պատասխանել հարցին, թե ինչու իր հայրը, ով «Օպելի» վարորդներին «համբալ» էր անվանել, անգամ դատական նիստերին չի ներկայանում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան