Խոսքի ազատության դեմ հարձակումները վտանգավոր են ոչ միայն արժեքային, այլև անվտանգային առումով, քանի որ ժողովրդավարությունը ՀՀ անվտանգության հարցում առանցքային նշանակություն ունի։ Այս մասին հայտարարել են և՛ նախկին իշխանությունները, և՛ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ՔՊ համակիրների շարքերում, պարզվում է՝ հետաքրքրվում են խոսքի ազատությունը սահմանափակելու խնդրով։
«Կրթվելը նորաձև է» շարժման ապրիլի 27-ի հերթական հանդիպման ժամանակ մասնակիցներից մեկը հետաքրքվել է գրաքննություններով։ Այս մասին հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը։ Արդյո՞ք ակնարկում են, որ շարժման առաջնորդները մտադիր են վերացնել խոսքի ազատությունն ու վերականգնել գրաքննությունը։
Ոչ ժողովրդավարական երկրներում խոսքի ազատություն չկա, գրաքննություն կա։ Օրինակ՝ խորհրդային բռնզավթման տարիներին պետական մարմին կար, որը գրաքննություն էր իրականցնում, առանց իրավական հիմքի՝ որոշում, թե ո՞ր գիրքը, երգը, ֆիլմը կարող են լույս տեսնել։ Կոշտ սահմանափակումեր կային ոչ միայն բովանդակության, այլև ոճի, ուղղության, խնդրի առումով։ Բոլորը պարտավոր էին նույն բանի մասին մտածել, նույն ձևով խոսել, նույն ոճով երգել, նույն կերպ նկարել և այլն։
Ժողովրդավարական երկրում գրաքննություն չկա, խոսքի ազատություն կա։ Քննադատներն ազատորեն կարծիք են հայտնում գեղարվեստական, գիտական ստեղծագործությունների, քաղաքական, մշակութային տեքստերի մասին։ Ինչքան շատ քննադատական արձագանքներ է ստանում տեքստն, այնքան բարձրաժեք է համարվում։ Այսինքն՝ ազատ աշխարհում քննադատությունն է որոշում խոսքի արժեքը։ Եթե գիրքը, ֆիլմը, կտավը, քաղաքական ելույթը, տեքստը ոչ ոքի քննադատական ուշադրությանը չի արժանանում, այսինքն՝ ոչ ոք դրանցում միտք, ոգի, հարց-պատասխան, գյուտ, վարպետություն, Սեր չի տեսնում ու այդ մասին ազատորեն չի խոսում, նշանակում է՝ դրանք լավը չեն։
1950-1960-ական թվականներին Արևելյան Եվրոպայում բռնկված ազատագրական ապստամբությունների պահանջներից մեկը վերաբերում էր գրաքննության վերացմանը։ Իսկ խորհրդային զավթիչներն ու դրածո վարչախմբերը հակառակը՝ սարսափում էին խոսքի ազատությունից, գրաքննությունը համարում էին անհրաժեշտ գործիք։ Հազարավոր մարդիկ են զոհվել գրաքննությունը վերացնելու համար պայքարում, դրանց մի մասը հետագայում հերոսացվել է։ Օրինակ՝ չեխ ուսանող Յան Պալախը։
«Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցները միակը չեն, որ հետաքրքրվում են գրաքննություններով։ Նրանցից առաջ գրաքննություններով հետաքրքրվել են նաև խունվեյբինները չինական մշակութային հեղափոխության ժամանակ։ Վերջիններիս ջանքերով սպանվել է 3 մլն մարդ, 36 միլիոնը բռնադատվել, հարյուր միլիոնավոր չինացիներ հրապարակավ ստորացվել են Մաոյի կարմիր գրքույկից բացի՝ այլ բան կարդալու, ոչ հեղափոխական երգ լսելու, ազատ խոսելու մեղադրանքներով։
Պատկերավոր ասած՝ գրաքնությունը ժողովրդավարության համար չարիք է, խոսքի ազատության համար՝ մահ։ Եթե «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներն ու կազմակերպիչները հետաքրքրվում են գրաքննությամբ, ապա մտավախություն է առաջանում, որ ՔՊ-ական իշխանությունները մտադիր են ռեինկարնացնել չարիքն ու սպանել խոսքի ազատությունը։ Այսպիսի քայլը դավաճանություն կորակվի Սեպտեմբերի 21-ի հանդեպ, ազատ աշխարհին նետված մարտահրավեր և անարգանք գրաքննության վերացման պայքարի նահատակների հիշատակին։
Թաթուլ Մկրտչյան