Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:40 25-04-2025

Վիրավորա՞նք, թե՞ ծաղր. ո՞վ է մնացել 5-րդ դարում

Իհարկե, յուրաքանչյուր մարդ ազատորեն իրավունք ունի իր ուզած գործով զբաղվելու։ Այլ հարց է, թե հանրությունն ինչպե՞ս է արձագանքում դրան։ Օրինակ՝ մարդը կարող է ծաղրածուի քիթ դնել և հիմարություններ բեմադրել։ Եթե հանրությանը դուր գա ներկայացումը, ապա կվճարեն ծաղրածուին։ Մեկ ուրիշը կարող է կարևոր թեմայով դասախոսություն կարդալ, որը հանրությանը չհետաքրքրի, բանախոսին ուշադրության չարժանացնեն, դրամ չտան։

«Կրթվելը նորաձև է» արշավի հերթական միջոցառումը կազմակերպվել է մայիսի 7-ին Մատենադարանում, որտեղ «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդես է գալու «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսությամբ: Բազմաթիվ մարդիկ վրդովվել են այս վերնագրից։ Մտավախություն կա, որ այս բանախոսությամբ փորձ է արվելու վիրավորել ժողովրդին, ստվեր գցել Մատենադարանի վրա, աղճատված ներկայացնելով ոսկեդարի մեծերից մեկին կամ մի քանիսին՝ Մովսես Խորենացուն, Ղազար Փարպեցուն, Ագաթանգեղոսին, Եղիշեին,Կորյունին, Մեսրոպ Մաշտոցին։

5-րդ դարն առատ էր պատմիչներով, պատմական վկայություններով։ Դրանք այսօր էլ արդիական են։ Մեծ ծավալի վկայություններ ու գիտելիք է ամբարված այդ գքերում, որոնք մեծ մասամբ պատշաճ խորությամբ չեն ուսումնասիրվել։ Օրինակ՝ Խորենացու պատմությունը լիարժեք չի քննադատվել մինչ օրս։ Եղիշեն մնում է չհասկացված։ Իսկ Ագաթանգեղոսը գրեթե դուրս է պատմաբանների ուշադրությունից։ Կան մասնագետներ, որոնք խորհրդային բռնազավթման տարիների իներցիայով՝ հայ պատմիչների գրվածքները որակում են հակագիտական հորինվածքներ։

Այս համապատկերում ի՞նչ է կարդալու «Մնացել ենք 5-րդ դարում» վերտառությամբ բանախոսության հեղինակը։

Կա 2 վարկած։

Առաջինը՝ ենթադրելի է, որ կկարդա Խորենացու ողբից հատված, սկսելով՝ «Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած…» վերջացնելով ՝ «Դատավորները՝ տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող»։

Այս հատվածը «Ողբից» ամենաշատ մեջբերվողն է։ Ոմանք այսպիսով փորձում են ընդհանուր կամ հատվածական արհամարհանք տարածել ուսուցիչների, կրոնավորների, զինվորների և բոլորի նկատմամբ։ Ոմանք այն կիրառում են ֆեոդալական բարքերը քննադատելու համար։ Ոմանց պարզապես հաճույք է պատճառում ողբի ոճը։ Բանախոսության հեղինակը, հավանաբար, փորձելու է ցույց տալ, որ նույն արատավոր բարքերը կան այսօր։ Հետևաբար՝ մնացել ենք 5-րդ դարում։

Երկրորդ վարկածով ենթադրվում է, որ անդրադարձ է կատարվելու Եղիշեի «բարոյական հաղթանակին», մահ իմացյալին», դրանք համարելով դատարկ բաներ։ Չի բացառվում, որ Եղիշեին քննադատելու հարցում հղումներ կարվեն աթեիստների, հեթանոսների գրվածքներին։ Զուգահեռ կարող է տարվել այսօրվա եկեղեցու կեցվացքին, Բագրատ Սրբազանին։ Այսպիսով՝ բանախոսը կարող է ցույց տալ, որ ներկայում, ինչպես 5-րդ դարում, հանրության մի մասն աջակցում է իշխանությանը, մյուսը փորձում է իշխանությունը փոխել արտաքին աջակցությամբ։

Եթե բանախոսը ծաղրելու է պատմիչներին, ինչը չի բացառվում, ապա դա խիստ վիրավորական կլինի ոչ միայն վերջիններիս սրբադասած եկեղեցու, պատմիչների ժառանգորդ պատմաբանների, այլև Մատենադարանի աշխատողների համար, որտեղ խնամքով պահվում են պատմիչների ձեռագրերը։ Իսկ եթե բանախոսը հետամնաց համարի հայ ժողովրդին, որը մնացել է 5-րդ դարում, 5-րդ դարի պատկերացումների տակ, ապա դա վիրավորանք է 1600 տարվա առաջնորդներին, մտավորականներին, գրողներին, գիտնականներին, քանի որ ակնարկում է, թե 16 դար ոչ ոք չկար, որ ժողովրդին լուսավորեր, առաջ տաներ։ Եվ «Կրթվելը նորաձև է» արշավը առաջընթացի բացառիկ շանս է։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեն այս վերնագրի մասին «Իմ քայլի» նվիրատուները։ Նրանք իրենց 5-րդ դարում մնացած համարո՞ւմ են։

Պարզ ասած՝ ոչ մի լավ բան սպասելի չէ «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսությունից։ Ավելի լավ կլիներ, եթե բանախոսությունը վերնագրվեր՝ «Ընթերցում ենք 5-րդ դարի պատմիչներին ու փորձում հասկանալ»։ Այս վերնագիրը չէր պարունակի վիրավորական ակնարկ ոչ ոքի հասցեին, չէր վրդովվեցնի հանրությանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
10:19 Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց