Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 15-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից Ադրբեջանին առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել: «Նույն տեղում նույն պահին ստորագրել թե՛ առաջինը և թե՛ երկրորդը։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը»,- հիմնավորել է կառվարության ղեկավարը։ Լայն մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելուց առաջ Փաշինյանն ուզում է համոզվել՝ արդյոք Բաքվի այդ պահանջը հակամարտությունը Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելու նպատակով չէ: «Եվ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան - Ադրբեջան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Եվ որպեսզի կողմերի մտահոգությունները փարատվեն, այս հարցերը, ըստ Փաշինյանի, նույն պահին ու նույն վայրում պետք է լուծվեն. - «Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է»: Նիկոլ Փաշինյանի առաջարկին Բաքվից դեռ չեն արձագանքել:
Մայիսի 9-ը նաև մեր հաղթանակն է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես բացատրեց վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշումը՝ պատասխանելով մայիսի 9-ի հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու շուրջ Եվրոպական միության կողմից հնարավոր բացասական արձագանքների մասին հարցին «Էդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է, 300 հազար հայ մարդ զոհվել է, դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը չի կարող կապ ունենալ ԵՄ-ի և այլ բաների հետ: ԵՄ -ի շատ ղեկավարներ այցելում են Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահի հետ բանակցում, այսինքն՝ Հայաստանը պետք է ամեն ինչ դնի մի կողմ որ հանկարծ ԵՄ -ի պաշտոնյա... դա իրենց տեսակետն է, սա՝ մեր», - ասաց Սիմոնյանը։ Հարցին թե ինչո՞ւ անցած տարի Փաշինյանը չմեկնեց նույն միջոցառմանը, Սիմոնյանը պատասխանեց՝ անցած տարի այլ իրականություն էր, աշխարհը փոխվում է:
Բաքվի ռազմական դատարանում նախօրեին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում 35-ամյա վաղեմության ցուցմունքներ են հրապարակվել։ Դրանք տեղ են գտել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ ԽՍՀՄ Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի նյութերում։ Խորհրդային քննիչների հավաքագրած նյութերի հրապարակմամբ մեղադրող կողմը փորձել է ապացուցել, թե իբր Ղարաբաղյան շարժումը սկիզբ է առել «հայկական կողմի բռնի գործողություններով, որոնք համակարգվել են Երևանից»։ Քննիչները մասնավորաբար պնդել են, թե իբր Արցախում գործող հայկական ուժերը «սպառազինություն են ստացել Հայաստանի տարածքից, և այդ գործընթացը համակարգել է Վազգեն Սարգսյանը»։ Հայաստանում հավաքագրված ֆինանսական միջոցներն, ըստ խորհրդային դատախազության, «ուղղվել են Ռոբերտ Քոչարյանին, դրանց առաքմամբ զբաղվել է Վազգեն Մանուկյանը»։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է, որ իշխանափոխության իրենց ծրագրերն ուժի մեջ են: «Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել»,- ասել է Սարգսյանը՝ ՀՀԿ-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված նիստում: Երրորդ նախագահը, ով իր վարչապետության 7-օրը հրաժարական էր ներկայացրել, 2018-ի իրադարձություններն իր խոսքում իշխանազավթում որակեց՝ պնդելով՝ ինքն ու իր թիմը յոթ տարի առաջ պարտվել են «տարածաշրջանում իրենց հաշվարկներն ունեցող ուժերին, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում Հանրապետականի պատկերացումներին»։ Բացի այդ, մոտ մեկ ժամանոց ելույթում Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «կարմիր գծեր չունեցող, կապիտուլյանտ» անվանեց:
Մանրամասները՝ տեսանյութում: